Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող ենք զանազան արդիական միջոցներով հեշտորեն իմանալ ամեն օր աշխարհի չորս ծագերում պատահած տխուր դեպքերի մասին, և դա կարող է ուղղակի և անուղղակի ձևով բացասական ազդեցություն թողնել մեր մտքի, սրտի և հոգու վրա: Սակայն, երբ մեր ձեռքն առնենք Աստծու խոսքը՝ Աստվածաշունչ մատյանը, այնտեղ պիտի տեսնենք ուրախության մասին հարյուրավոր համարներ, որոնք առնչվել են Աստծուն, մարդկանց, որոշ դեպքերի և այլն:
Ուրախությունը, որ Սուրբ Հոգու պտուղներից երկրորդն է. «Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն...» (Գաղ. 5:22-23), պետք է մեր քրիստոնեական կյանքում իր երևելի և ազդեցիկ ներկայությունը ունենա ոչ միայն ուրախացողների հետ ուրախանալով (Հռ. 12:15), այլ նաև դժվարությունների, նեղությունների և փորձությունների ժամանակ՝ Հակոբոս առաքյալի խոսքի համաձայն. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակ. 1:2):
Այս հոդվածի նպատակն է ընդհանուր ծանոթանալ Աստվածաշնչի մեջ հիշված ուրախության տեսակներին և վերստին հաստատել, թե որն է մարդու կյանքի ամենաբարձր ուրախությունը:
Ճիշտ և սխալ ուրախություն: Այո, ուրախությունը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է, սակայն խոսքը «ճիշտ» ուրախության մասին է, որովհետև կա նաև «սխալ» ուրախություն: Օրինակ՝ մոգերը աստղը տեսան և ուրախացան. «Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին» (Մտթ. 2:10), սա ճիշտ ուրախություն է, որովհետև այցելության ավարտին նրանք եկան ու երկրպագեցին Հիսուս մանուկին և ընծաներ նվիրեցին (Մտթ. 2:11), մինչ Իսրայելի ժողովրդի ուրախությունը ոսկե հորթով և դրան մատուցված զոհերով սխալ էր. «Եվ այդ օրերին հորթանման մի արձան ձուլելով ու այդ կուռքին զոհեր մատուցելով՝ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում» (Գործք. 7:41), որովհետև հորթին ընդունեցին որպես «աստվածներ», որոնք իրենց Եգիպտոսից դուրս հանեցին (Ելք 32:4): Քահանայապետները ևս ունեցան սխալ ուրախություն, երբ իրենց մոտ գնաց Հուդա Իսկարիովտացին և Հիսուսին մատնելու իր պատրաստակամությունը հայտնեց. «Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետների մոտ, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան դրամ տալ նրան ...» (Մրկ. 14:10-11):
Բույսերի և իրերի ուրախություն: Կան մարդիկ, որ որոշ բույսեր, ուտելիքներ կամ իրեր տեսնելով՝ ուրախանում են: Հովնան մարգարեն շատ ուրախացավ մի դդմենու համար. «Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար» (Հվն. 4:6): Բեթսամյուսի բնակիչները ուրախացան, երբ տեսան Տիրոջ տապանակը. «Բեթսամյուսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Իրենց աչքերը բարձրացնելով՝ նրանք տեսան Տիրոջ տապանակը և ուրախացած ընդառաջ գնացին նրան» (Ա. Թագ. 6:13):
Արարքների և դեպքերի ուրախություն: Հուդայի ամբողջ ցեղն ուրախացավ, որովհետև ուխտի երդման արարք կատարեց. «Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց» (Բ Մնաց. 15:15): Տիրոջ տուն գնալը ուրախություն է պատճառում. «Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Տիրոջ տուն ենք գնալու» (Սղմ. 121:1): Պետրոս առաքյալի անակնկալ այցելության դեպքը ուրախություն պատճառեց Ռոդե աղախնուն (Գործք. 12:11 - 14): Քրիստոսի կողմից Զակքեոսի տուն այցելության ինքնահրավերը ուրախություն պատճառեց ծառի վրա բարձրացած Զակքեոսին. «Զակքեոսը շտապեց և իջավ ու Նրան ընդունեց ուրախությամբ» (Ղուկ. 19:6):
Հեշտ և դժվար ուրախություն: Բոլոր ուրախությունները նույն մակարդակի չեն, որովհետև կան ուրախություններ, որոնց հասնելը կամ ձեռք բերելը դժվար է, քանի որ մեզանից հոգևոր բարձր մակարդակ է պահանջվում: Հեշտ է ուրախանալ, երբ հաշմանդամը բժշկվի: Դա ուրախություն կպատճառի ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքին, հարևաններին, ազգականներին և ծանոթներին. «Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, նրանց Քրիստոսին էր քարոզում։ Ժողովրդի բազմությունն էլ միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խոսքերը, երբ լսում և տեսնում էր այն նշանները, որ անում էր, որովհետև շատերը, որ բռնված էին պիղծ ոգիներից, բարձրաձայն աղաղակում էին, և դևերը դուրս էին ելնում նրանցից։ Եվ բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։ Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ» (Գործք. 8:5-8), սակայն դժվար է գործադրել Քրիստոսի պատվիրանը և միշտ ուրախ մնալ՝ նույնիսկ հալածանքների ժամանակ. «Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և երբ ձեզ մերժեն և նախատեն ու Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ Ուրախացե՛ք այդ օրը և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նույն ձևով էին վարվում մարգարեների հանդեպ» (Ղուկ. 6:22-23):
Նյութական և հոգևոր ուրախություն: Կա մարդ, որի ուրախությունը հիմնված է նյութական աշխարհի վրա, օրինակ՝ ուտելիք, ըմպելիք, հարստություն, ճամփորդություն, առևտուր և այլն: Եվ կա մարդ, որի ուրախությունը հիմնված է հոգևոր աշխարհի վրա, օրինակ՝ Աստծու հետ հարաբերության մեջ մտնելը. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով...» (Փլպ. 4:4), եկեղեցի գնալը. «Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Տիրոջ տուն ենք գնալու» (Սղմ. 121:1), Տիրոջը հուսալը. «Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները և հավիտյան ցնծան...» (Սղմ. 5:12), Քրիստոսին դավանելու պատճառով զրպարտություններ հանդուրժելու վարձատրությունը երկնքում. «Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում ...» (Մտթ. 5:12), եկեղեցական տոներ տոնելը. «Երուսաղեմում գտնվող իսրայելացիները Բաղարջակերաց տոնը յոթ օր տոնեցին մեծ ուրախությամբ...» (Բ Մնաց. 30:21), մոլորված եղբորը վերադարձնելը սխալ ճանապարհից. «Բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15:32) և այլ բազմաթիվ օրինակներ:
Երկրային և երկնային ուրախություն: Ուրախությունն ամենուրեք է, գոյություն ունի երկրի վրա և երկնքում: Ահարոն քահանայապետի կյանքում տեսնում ենք երկրային ուրախության օրինակներից, որի մասին նույնիսկ Աստված վկայում է՝ ասելով. «Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն կխոսի։ Ահա նա քեզ ընդառաջ կելնի և քեզ տեսնելով՝ կուրախանա» (Ելք 4: 14): Երկնային ուրախության օրինակներից մեկը մի մեղավոր անձի ապաշխարությունն է. «Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկ. 15:10):
Ժամանակավոր և հավիտենական ուրախություն: Մեր երկրային կյանքի ուրախությունները ժամանակավոր են, որովհետև ինչքան էլ առողջ և երկար ապրենք, Աստծու խոսքի համաձայն (Ծննդ. 3:19) մի օր պիտի վերադառնանք հողին՝ վերջակետ դնելով մեր երկրավոր կյանքի տխուր և ուրախ պահերին: Յոթանասուներկու աշակերտներն ուրախացան, որովհետև դևերը հնազանդվում էին նրանց Քրիստոսի անունով. «Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում Քո անունով» (Ղուկ. 10:17), բայց երբ վերադարձան, մեր Տեր Հիսուս Քրիստոսը նրանց ցույց տվեց ավելի բարձր մակարդակի ուրախություն՝ ասելով. «Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10:20):
Ծանոթացանք աստվածաշնչային զանազան ուրախություններին, այդուհանդերձ Երկնքի Արքայության մեջ Աստծու հավիտենական և անբացատրելի ներկայությանն արժանանալը միշտ մնում է մարդու կյանքի բարձրագույն ուրախությունը:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր