Ուրար, բազկուրար

Ուրարը երկարավուն ու նեղ, երկու մարդահասակ երկարությամբ 12-15 սմ լայնությամբ ժապավեն է, որը կրում է սարկավագը ձախ ուսին շապիկի կամ վերարկուի վրայից: Այն ետևից և առջևից հավասարաչափ իջնում է մինչև ոտքերը: Ուրարը հունարեն «օրարիոն» բառն է, որ նշանակում է ոսկով գործված: Այն կարող է կարվել որևէ կտորից: Սովորաբար ունենում է երեք խաչ, մեկը մեջտեղում՝ ուսի վրա, մյուս երկուսն էլ՝ կրծքին և թիկունքին, յուրաքանչյուրը կենտրոնից մոտ 30-35 սմ հեռավորության վրա:

Տոնական և հանդիսավոր օրերին օգտագործվում է երեք մարդահասակ երկարություն և երեքի փոխարեն հինգ խաչ ունեցող ուրարներ: Այդպիսի ուրարները օգտագործում են հետևյալ ձևերով.

1) Նախ կախում են թիկունքի կողմից, ապա կրծքի վրայով տանում են մինչև աջ թևի գոտկատեղը, որից հետո մեջքի վրայով բերում են մինչև ձախ ուսը և կախում են առջևից: Այս ձևը պարզապես մի փոքր զարդարուն է:

2) Ուրարը գոտկատեղից տանում ենք ետև, թիկունքի մասում խաչաձևում և երկու ուսերի վրայով իջեցնելով մտցնում ենք ուրարի տակից և կախում առջևից: Այս ձևը ավելի նման է հունականին:

Ուրարը տրվում է օրհնությամբ` ձեռնադրության ժամանակ: Այն սարկավագի զգեստավորության անհրաժեշտ մասն է կազմում:

Ուրարը խորհրդանշում է հրեշտակի թևերը, որովհետև սարկավագը կատարում է հրեշտակի պաշտոն: Սարկավագի ձախ ուսին ուրար գցելը նշանակում է, որ նա Հիսուսի լուծը կիսով չափ է վերցնում, քանի դեռ կարողություն չունի այն ամբողջապես կրելու:

Եթե սարկավագը եկեղեցում հագնում է շապիկ և ձախ ուսին գցում ուրար, ապա կիսասարկավագը, որ հոգևորականներին տրվելիք հինգերորդ աստիճանն է, նույնպես շապիկ է հագնում, բայց ուրարի փոխարեն ձախ բազկին կրում է բազկուրար: Այն նշան է Փրկչի լուծի չորրորդ մասի կրելուն:

12.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․