Օրգանների փոխպատվաստման մասին

Արդի բժշկության զարգացումը լայն հնարավորություններ է ընձեռել հիվանդների բուժման գործում, և շատ հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին, ներկայումս կարող են կարճ ժամանակում բուժվել զարգացած բժշկական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտական մեծ կարողությունների շնորհիվ: Այդ հիվանդությունների բուժման լուծումներից մեկն օրգանների փոխպատվաստումն է: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը օրգանների փոխպատվաստման վերաբերյալ:

Օրգանների փոխպատվաստման վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը չի կարող արմատապես տարբերվել այլ քրիստոնեական Եկեղեցիների պաշտոնական հայտարարություններից` հիմնված Սուրբ Գրքի, քրիստոնեական վարդապետության սկզբունքների վրա: Սույն խնդրի վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցին դեռևս պաշտոնական տեսակետ չի արտահայտել, քանի որ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը, որում արձանագրվում և որով հրապարակվում են Եկեղեցու պաշտոնական տեսակետները, դեռ կազմության փուլում է: Այնուամենայնիվ, այդ տեսակետը բանաձևվելու է քրիստոնեության հիմնարար դրույթների նկատառումով, ինչպես որ դա կատարվել է այլ առաքելահաստատ Եկեղեցիների պարագայում:

Օրգանների փոխպատվաստման երևույթը Եկեղեցիները դիտարկում են մեծ վերապահումներով` հիմնվելով հատկապես մարդու աստվածաշնորհ կյանքի գերագույն արժեք լինելու իրողության և այդ կյանքը խնամելու ու պահպանելու կարևորագույն պարտականության վրա: Սա նշանակում է, որ Քրիստոնեական Եկեղեցին միայն բացառիկ պայմաններում է ամբողջապես ընդունելի համարում բժշկության մեջ կիրառվող օրգանների փոխպատվաստման երևույթը:

Օրգանների փոխպատվաստումը հնարավորություն է տալիս փրկել մարդկային կյանքը: Ուրեմն, ո՞րն է բժշկության մեջ միանգամայն առաջատար համարվող այս գործողության նկատմամբ Եկեղեցու վերապահություն ունենալու պատճառը:

Օրգանների փոխպատվաստում կատարելու նպատակով հիվանդ մարդու վնասված օրգանն առողջ օրգանով փոխարինելու համար այն վերցնում են նոր մահացած մարդու դիակից կամ դոնորից` անձից, ով համաձայնություն է տալիս` հրաժարվելու իր օրգանից կամ դրա մի մասից (ինչպես օրինակ` լյարդի փոխպատվաստման դեպքում):

Երկու դեպքում էլ` նոր մահացած մարդուց կամ դոնորից օրգաններ վերցնելիս մտահոգիչ խնդիրներ են առկա: Առաջին լուրջ հարցը մարդու մահվան հաստատումն է բժիշկների կողմից: Արդի բժշկության` մահվան հասկացության սահմանումով տարբերակվում է կլինիկական մահը, որի մեջ գտնվելիս մարդը վերստին կարող է կենդանանալ: Նախկինում սրտի կանգը մահվան ստույգ փաստ էին համարում: Հիմա սրտի աշխատանքի դադարն արձանագրելիս բժիշկներն անմիջապես ջանքեր են գործադրում մարդուն կյանքի բերելու, վերակենդանացնելու նպատակով: Մահացած մարդու օրգանները վերցնելու համար մահից անմիջապես հետո պետք է կատարել համապատասխան բժշկական գործողությունը, այլապես այդ օրգանները փոխպատվաստման պիտանի չեն լինի: Այստեղ խնդիր է առաջանում մահվան ստույգ պահն արձանագրելու առնչությամբ: Անհրաժեշտ է տարբերակել` արդյո՞ք մահը վերջնական է, թե՞ կլինիկական, քանզի եղել են դեպքեր, երբ մահվան արձանագրումից բավականին զգալի ժամանակ հետո մարդը կյանքի է վերադարձել: Սա նշանակում է, որ մահվան արձանագրումը միշտ չէ, որ կարող է ստույգ լինել: Եվ այդ դեպքում ստացվում է, որ դեռ ապրելու հնարավորություն ունեցող մարդը ենթարկվում է սպանության` իր օրգանների օգտագործման համար:

Դոնորի պարագայում մտահոգություն է ի հայտ գալիս որևէ օրգանի հեռացումից հետո նրա առողջության պահպանման վերաբերյալ, որովհետև կենսականորեն կարևոր օրգաններ են հեռացվում, որոնք մարդու առողջության վատթարացման պատճառ կարող են դառնալ: Դոնորից օրգան վերցնելը թույլատրելի է, եթե միանգամայն բժշկական հստակ վստահություն կա, որ նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում: Մինչդեռ այսպիսի բացարձակ վստահության բացակայության դեպքում հետևյալ խնդիրն է հառնում: Օրգանների փոխպատվաստման նպատակը հիվանդ մարդու կյանքը փրկելն է: Սակայն ինչպես կարիք կա փրկելու հիվանդի կյանքը, այնպես էլ անհրաժեշտ է պահպանել դոնորի առողջությունն ու կյանքը, այլապես կստացվի, որ մի մարդու կյանքը փրկելու համար զոհում են մեկ այլ մարդու կյանքը, ինչն այս պարագայում անընդունելի է:

Այս ամենից զատ` արևմտյան երկրներում մարդիկ հիվանդանոցներում բժշկական հարցաթերթիկներ են լրացնում, որտեղ նշում են իրենց մասին տվյալներ և համաձայնություն արտահայտում` մահից հետո իրենց մարմնի օրգանները փոխպատվաստման համար օգտագործելու: Որևէ հիվանդի համար տվյալ մարդու օրգանի համապատասխանության պարագայում նրա մասին բժշկական արձանագրություններում հաստատված տվյալները կարող են գործածվել օրգանների վաճառքով զբաղվող ինչ-որ խմբավորման կողմից` այդ մարդու հետապնդումը, սպանությունը (թեկուզ և պատահարի ձևով) կազմակերպելու և նրա օրգաններին տիրանալու համար:

Եթե խնդիրներ կան օրգաններ փոխպատվաստելու իրողության մեջ, ուրեմն ինչպե՞ս պետք է վարվել, երբ մարդկային կյանք փրկելու համար հառնել է օրգանների փոխպատվաստման անհրաժեշտությունը:

Մահացած մարդու պարագայում մահվան արձանագրումը պետք է որքան հնարավոր է ստույգ լինի, սակայն ամեն դեպքում առկա է վտանգը օրգանների հեռացմամբ կենսունակություն ունեցող մարմնի սպանության: Դոնորների պարագայում թույլատրելի է ողջ մարդու օրգանների հեռացումը միայն բժշկական խորը հետազոտություններից հետո` հավաստիացումով, որ դոնորի կյանքին լուրջ վտանգ չի սպառնա ապագայում ևս և կամ դոնորին մանրամասն տեղեկացնելով հնարավոր անցանկալի հետևանքների մասին: Այլապես, ինչպես նշվեց, անընդունելի է կյանք փրկել` մեկ այլ կյանք կործանելով:

Դոնորների մասին վերևում ասվածը նույնպես ընդարձակենք: Դոնորները լինում են երկու տեսակի: Կան մարդիկ, ովքեր իրենց հարազատի, բարեկամի համար են ինքնահոժար կերպով, սիրուց մղված պատրաստակամություն հայտնում սեփական մարմնի մի օրգանը տրամադրելու: Սակայն շատ տարածված է նաև այն, որ հիվանդին ընդհանրապես չճանաչելով, անգամ նրա մասին չմտածելով` մարդն օրգան է տրամադրում` դրա դիմաց վճարվող մեծ գումարի դիմաց: Այս արարքը թեկուզ և առաջին հայացքից մարդասիրական է թվում, որովհետև, այնուամենայնիվ, դրանով մեկ այլ մարդու կյանք է փրկվում, սակայն իրական դոնոր հանդիսացող անձին հեռացնում է քրիստոնեական մարդասիրությունից, քանզի արարքի հիմնական դրդապատճառը ոչ թե սերն է մերձավորի հանդեպ, այլ փող վաստակելու հեռանկարը: Նման տեսանկյունով օրգանների նվիրաբերումը վերածվում է մարդկային օրգանների վաճառքի:

Օրգանների փոխպատվաստման բժշկական գործողությունը երբեմն սերտաճում է մարդկային օրգանների ձեռքբերումով ու վաճառքով զբաղվող հանցագործ կազմակերպությունների հետ: Օրգանների փոխպատվաստման բժշկական նորարարությունը, որը, ինչ խոսք, փրկարար եղավ և է շատ մարդկանց համար, ճանապարհ է բացել նոր հանցավորության ու ոճիրների: Օրգանների փոխպատվաստման հնարավորությամբ սկզբնավորվեցին նաև փոխպատվաստման հետ կապված հանցագործություններ` մարդկանց առևանգումներ, անգամ կազմակերպված սպանություններ օրգանների ձեռքբերման համար: Հանցավոր խմբավորումների կողմից մարդն սկսեց նկատվել որպես պահեստամաս օրգանների, որոնց ձեռքբերումն ու վաճառքը հսկայական դրամական շահույթներ է ապահովում:

Հստակեցրինք, որ Եկեղեցին, օրգանների փոխպատվաստումը մարդու կյանքի փրկության համար թույլատրելի համարելով, միաժամանակ լուրջ զգուշացումներ է հնչեցնում: Եթե ամփոփելու լինենք` որո՞նք են օրգանների փոխպատվաստման դրական և բացասական կողմերը:

Օրգանների փոխպատվաստումը ծանր հիվանդությունների ժամանակ փրկարար է լինում մարդու առողջության վերականգնման համար, դառնում մերձավորի նկատմամբ սիրո և նվիրումի արտահայտություն ու վկայություն, ինչպես նաև նմանություն Հիսուս Քրիստոսի ինքնազոհաբերվող, աստվածային սիրո, որով մեր Տերը փրկություն պարգևեց մարդ արարածին: Բացասական և անընդունելի իրողություններ են մարդու մահվան ոչ ստույգ արձանագրմամբ, նոր մահացած մարդու օրգանների հեռացումով վերստին կյանքի դառնալու ունակ մարդու սպանությունը: Դատապարտելի են նաև օրգանների ձեռքբերման նպատակով մարդկանց առևանգման դեպքերը, օրգանի դոնոր հանդիսացող անձի առողջության և անգամ կյանքին սպառնացող վտանգը, նյութական շահի նպատակով մարդասիրությունը և մերձավորի հանդեպ սերն արծաթասիրության վերածելը, մարդու կողմից իր սեփական օրգանը վաճառելը, այն սոսկ նյութականի ձեռքբերման միջոց համարելը: Առկա բացասական իրողություններով հանդերձ՝ օրգանների փոխպատվաստումը բժշկության մեծագույն ձեռքբերումներից է, որը պետք է գործադրվի մեծ զգուշավորությամբ, մարդու առողջության պահպանման և մարդու կյանքի գերագույն արժեքի գիտակցությամբ:

Եկեղեցիներն իրենց պաշտոնական տեսակետը բարձրաձայնելով` որևէ այլ նախաձեռնություն իրականացնո՞ւմ են նմանատիպ խնդիրների, հարցերի լուծման ուղղությամբ:           

Միայն կարծիքի բարձրաձայնումը բավական չէ: Եզեկիել մարգարեն խոսում է Աստծո սպասավորի դետ կարգվելու մասին` զգուշացնելու մարդկանց մեղքեր գործելուց: Եթե դետը չի զգուշացնում անօրենին, ապա Աստված իր սպասավորից է պատասխանատվություն պահանջում, իսկ եթե զգուշացում է արվում, ապա սպասավորն անպարտ է (տե՛ս Եզեկ. 3.16-21): Սակայն երբ մարդկային կյանքին է վտանգ սպառնում, զգուշացում կատարելը բավական չէ, այլ պետք են ջանադիր գործողություններ` վտանգից հեռացնելու, քայլեր ձեռնարկելու` մարդկային կյանքի աղճատումը կամ վնասումը կանխելու համար:

Օրգանների փոխպատվաստման իրողությունը բարձրացնում է նաև մեկ այլ խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ողորմության առաքինությունը: Օրգանների փոխպատվաստումն իրենց կարող են թույլ տալ միայն հարուստները, քանզի այս նպատակով կատարվող վիրահատությունը բավականին թանկ արժե: Արևմտյան երկրներում, որտեղ առողջության ապահովագրության համակարգ է գործում, օրգանների փոխպատվաստումն այնքան էլ անհասանալի չէ շարքային քաղաքացիների համար: Սակայն օրգանների սպասողների մեծ հերթը նույնպես խնդիրներ է հարուցում, և այս դեպքում էլ միայն մեծահարուստներն են երբեմն կարողանում իրենց առողջության վերականգնման համար հոգալ: Նման իրավիճակում Եկեղեցին պետք է կոչ անի ողորմության, մարդասիրության` բարերարությամբ օգնելու անկարող հիվանդներին, զորակցելու բժշկության բուն առաքելության իրականացմանը, վերացնելու բժշկության մեջ առևտրի ներթափանցումը, նպաստելու բժշկական էթիկայի պահպանմանը:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Ոչ միայն հացիվ» գրքից

 

02.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․