12 Հոկտեմբեր, Շբ
Մի հրաշալի սովորություն կա քրիստոնյաների մեջ. ամեն գործից առաջ Աստծու օրհնությունը հայցել: Գործից առաջ Աստծու օրհնությունը փնտրողը փնտրում է Բարձրյալի պաշտպանությունը, հետևաբար, իրեն և իր գործը հանձնում է Աստծու ձեռքը, ինչը արդեն իսկ հաջողության երաշխիք է: Եթե մարդն ամեն քայլափոխի փորձառու մարդկանց խորհրդի և օգնության կարիքն ունի, ապա առավելաբար ամենակարող Աստծու օգնության և օրհնության կարիքն ունի: Որտեղ կա Աստծու օրհնությունը, այնտեղից անպակաս է հաջողությունը, ինչը միշտ չէ, որ տեսանելի է բոլորի համար: Աստծու օրհնությունը՝ ինչպես երկնքի ցողը, իջնում է մարդու բոլոր ջանքերի վրա և դրանք բեղմնավոր դարձնում: «Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ» (Եփես. 1:3),- կարդում ենք Պողոս առաքյալի կողմից գրված նամակում:
Եթե մարդու ձեռնարկած գործը աստվածահաճո կամ օգտակար չէ նրա համար, ապա աստվածային օրհնությունը խոչընդոտ է հանդիսանում այդ գործի իրագործմանը: Երբեմն Աստված, ցանկանալով փորձել մարդու համբերությունն ու ամրապնդել նրա հավատը, որոշ ժամանակով հետաձգում է Իր օրհնությունը: Նշենք, որ Աստծու օրհնությունը փնտրող անձը չի հրաժարվում իր մտքից և ուժից: «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ» (Մատթ. 7:7),- հորդորում է Քրիստոս: Քրիստոնյան իր գործից առաջ ամուր հավատով և ակնածանքով դիմում է Աստծուն, որ օրհնի իր գործը, ինչի համար գնում է եկեղեցի, ուր Երկնավոր Հայրը հոգևոր սպասավորների միջոցով բազում օրհնությունների և շնորհների է արժանացնում իր զավակներին:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, օրհնեց հինգ հացն ու երկու ձուկը՝ հագեցնելով հինգ հազար մարդկանց քաղցը, Վերջին ընթրիքի ժամանակ օրհնեց Իր Մարմինն ու Արյունը խորհրդանշող Հացն ու Գինին և Հաղորդություն տվեց առաքյալներին, համբարձվելուց առաջ օրհնեց Իր առաքյալներին: Տիրոջից իշխանություն ստանալով՝ առաքյալներն իրենց Ուսուցչի օրինակով օրհնեցին հավատավորներին Աստծու անունով: Օրհնելու իրավունքը առաքյալները ձեռնադրությամբ փոխանցեցին հոգևորականներին, որը պահպանվել է Քրիստոսահիմն եկեղեցում առ այսօր: Սուրբ Պատարագի և ժամերգությունների ժամանակ հոգևորականը բազմիցս օրհնում է արարողությանը ներկա գտնվողներին: Աստված հոգևորականի միջոցով օրհնում է մարդկանց, այդ պատճառով անհրաժեշտ է ակնածանքով մոտենալ հոգևորականի օրհնությանը: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Մարդը չի օրհնում, այլ Աստված հոգևորականի շրթունքով և ձեռքով»: Դա պարզ է դառնում հոգևորականի խոսքից, որ օրհնելիս ասում է՝ Աստված օրհնի: Սուրբը քահանայական օրհնությունն անվանում է հոգևոր զենք, որ պաշտպանում է քրիստոնյային չարի նենգություններից: Օրհնելու իրավունքը շնորհ է, որ տրվում է Աստծուց հոգևորականներին ձեռնադրությամբ: «Հաստատ իմացե՛ք, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 18:18):
Աստծու օրհնությունը ոչ միայն կարևոր և դժվարին գործերում է անհրաժեշտ, այլ առօրյա գործերում՝ ճանապարհ գնալուց առաջ, հաց ուտելուց առաջ և հետո, ֆիզիկական և մտային որևէ աշխատանքից առաջ, երեխաների ճիշտ դաստիարակության համար: Օրինակ՝ Սուրբ Պատարագին ժամանակ պատարագիչը օրհնում է ժողովրդին ոչ թե որևէ կոնկրետ գործի համար, այլ քրիստոնեաբար ապրելու և մեղքի դեմ պայքարելու համար: Եկեղեցու հայրերից Տիխոն Զադոնսկի ասել է. «Քրիստոնյան աղոթքով և Աստծու օրհնությամբ է սկսում ճաշակել ուտելիքը, քանի որ ճանաչում է աշխարհի Բարերարին և շնորհակալություն հայտնում Նրան: Իսկ նրանք, ովքեր առանց աղոթելու են ճաշակում, նմանվում են հեթանոսներին, որ չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն և բոլոր բարիքների Արարչին: Նա, ով ունի կենդանի հավատք, Աստծու օրհնությունն ունի»:
Քրիստոս մինչ համբարձումը օրհնեց Իր առաքյալներին: «Մինչ նա օրհնում էր, բաժանվեց նրանցից՝ բարձրանալով դեպի երկինք»,-նկարագրում է Ղուկաս ավետարանիչը (Ղուկ. 24:51): Տերն Ինքը Իր երկինք համբարձմամբ և Իր առաքյալներից բաժանվելու հանգամանքով հիշեցնում է Իր հետևորդներին, որ երբ գա Իր Հոր փառքով, Իր հետևորդներին դեպի Երկնքի Արքայություն առաջնորդելու, ասելու է՝ եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ (Մատթ. 25:34):
Ըստ Պողոս առաքյալի՝ փոքրը օրհնություն է ստանում մեծից (Եբր. 7:1-6): Ինչպես Աբրահամը, որ Աստծու ժողովրդի նախահայր էր, պատվով հանդիպեց Մելքիսեդեկին և օրհնություն ստացավ նրանից, այնպես էլ քրիստոնյաները՝ որպես Աստծու նոր ժողովուրդ, պետք է ակնածանքով ընդունեն հավիտենական քահանայապետի՝ Հիսուս Քրիստոսի օրհնությունը, ինչին հաղորդակից են լինում եկեղեցում հոգևորականի միջոցով: Նա, ով ընդունում է այն հավատքով և ակնածանքով, մեծ օգուտներ է ունենում: Քահանայի կողմից օրհնվածը արժանանում է նաև Աստծու ողորմածությանը: Աստծու օրհնությունն օգնում է մարդուն նորոգվել և իր կյանքը, ուժը և գործողություններն ուղղել դեպի բարին: Աստվածաշնչում բազմիցս հանդիպում ենք այնպիսի դրվագների, որ Աստված օրհնում է, այսինքն՝ ուժ է տալիս մարդուն իր առաքելության մեջ: Աստվածային օրհնությունն այն կարևորագույն պարգևներից է, որ կարող է ստանալ քրիստոնյան: Օրհնության մեջ թաքնված է Աստծու օգնությունը, ողորմությունը, պաշտպանությունն ու շնորհը: Հաճախ մարդիկ միմյանց բարեմաղթանքներ հղելիս ասում են ՝ Աստված օրհնի քեզ, այսինքն՝ հաջողություն տա քո սկսած գործին, կամ պահպանի ճանապարհի ընթացքում, կամ շուտափույթ ապաքինի, կամ էլ առկա խնդրի լուծում տա: Կարևոր է հիշել, որ Աստծու շնորհին արժանանում են սրտով խոնարհները:
Այն անձը, որ ձգտում է աստվածային օրհնությանը, ստանում է այն, և հակառակը, «նա, որ չուզեց օրհնություն, թող այն հեռու լինի նրանից» (Սաղմ. 108:17): Հին Կտակարանի Երկրորդ օրենքի գրքում Տերն ասել է. «Ես այսօր, ահա, ձեր առջև եմ դնում օրհնություններ ու անեծքներ: Օրհնություն կստանաք, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, և անեծքներ՝ եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք Ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես ցույց տվեցի ձեզ, գնաք պաշտեք ձեզ անծանոթ օտար աստվածներ» (Երկ. Օրենք 11:26-28):
Կազմեց Կարինե Սուգիկյանը