25 Փետրվար, Դշ, Մեծ պահքի Ժ օր

Որն է Աստծու ճշմարտությունը

Աստվածային բարձրագույն ու անհամեմատելի հատկություններից, զորություններից կամ էներգիաներից մեկը ճշմարտությունն է (արդարադատությունը), որն Աստված ցուցաբերում է Իր արարածների հանդեպ՝ նրանց կանոնավոր, իրենց կարիքների համապատասխան գոյության համար։

Աստված արարածներին պահպանում է երկու եղանակով՝ Իր արարչագործ զորությամբ՝ «ասաց՝ և ստեղծվեցին, ․․․․ հրամայեց՝ և հաստատվեցին» (Սղմ․ 32։9) և զսպող զորությամբ ու նախախնամությամբ, որով պահպանում է տիեզերքը և ամեն բան ուղղորդում յուրաքանչյուրի կոչման համաձայն։

Այդկերպ Աստծու ճշմարտությունը հոգում է յուրաքանչյուր արարածի մասին նրան արժանի եղանակով, որպեսզի նա հասնի այն նպատակին, հանուն որի Աստված ստեղծել է նրան։ Հենց այդպես է պահպանվում ներդաշնակությունը բնության մեջ։ Քանի անգամ և ինչ պատճառով էլ, որ խախտվի այդ ներդաշնակությունը, Աստծու ճշմարտությունը վերականգնում է հավասարակշռությունը և դրա շնորհիվ շարունակվում է կամ ավելի լավ է ասել՝ երկարաձգվում է արարածների սահուն գոյությունը՝ համաձայն Աստծու կամքի։

Երկու բանական բնությունների՝ հրեշտակների և մարդու, անկումից հետո, որին հետևեց նաև մնացյալ արարածների վնասվելը, ակնհայտ դարձավ Աստվածային զորությունների և հատկապես Աստծու ճշմարտության ազդեցությունը։ Հնազանդությունից դուրս եկած արարածներին այն կրկին վերադարձնում է նրանց բնական դրությանը և կարգի է բերում կամ առանձին-առանձին, կամ միասին, ինչպես և նախասահմանված էր հենց Իր՝ Արարչի կողմից։

Աստծու ճշմարտությունը պահպանում է արարածներին, և ոչինչ չի կարող ազդել դրա վրա կամ փոխել դրա մտադրությունը։ Դա վերաբերում է անշունչ տարրերին։ Իսկ բանական էակների առումով, հատկապես՝ մարդու, եթե այն իրականանում էլ է անպայմանորեն, ապա դա տեղի է ունենում ըստ երևույթին նախախնամության պատճառով, տարբեր ճանապարհներով՝ բխելով առանձին վերցրած յուրաքանչյուր էակի շահից։

Աստծու ճշմարտության ազդեցությունն այնքան բազմակողմանի է, որ միայն քչերը և հատկապես Աստվածային լույսով լուսավորյալներին է հասու լինում դրա դատաստանները։ Դրանում մեզ վստահեցնում է Պողոս առաքյալը, որն ասում է․ «Որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի: Իսկ եթե դատվում ենք, Տիրոջից խրատվում ենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք» (Ա Կորնթ․ 11։31-32):

Քանի որ Աստված, ինչպես և վայել է Իրեն, ամեն բան անում է անսխալական կերպով, Աստծու ճշմարտությունը անխախտորեն միջամտում է, որպեսզի վերականգնի իրերի խախտված դրությունը, քանի որ արարչագործությունը չէր եղել սխալմամբ։ Եթե Աստծու ճշմարտությունը չվերականգնի հավասարակշռությունը, ապա կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե արարածի արարման հենց փաստն է հանգեցրել սխալի, այլ ոչ թե որևէ զանցառում կամ չարաշահում նրա կողմից։

Աստծու ճշմարտությունը, ինչպես և Աստծու մյուս հատկությունները, կատարյալ է, և մենք ճանաչում ենք այն իր երկու ազդեցությամբ՝ ներդաշնակությամբ ու հավասարակշռությամբ և Աստծու շարունակական ու համապարփակ սիրով։

Եթե անգամ մենք խախտում ենք պատվիրանն ու մեր պարտքը, Աստված չի խլում մեզնից Իր պահապան ու նախախնամող սերը՝ չդադարելով հոգ տանել մեր մասին, քանի որ, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ Նրա Աստվածային ողորմությունն անսպառ է։

Աստծու ճշմարտությունն իրականանում է տարբեր ուղիներով։ Սաղմոսերգուն և անտեսանելի պայքար մղելու հարցում փորձված սուրբ հայրերը բավականին շատ տեղեկություն են տալիս մեզ դրա մասին։

Եթե մարդ ունկնդիր է լինում իրեն, ապա իր կյանքում կարող է կանխազգալ Աստծու ճշմարտության ազդեցությունը։ Սակայն դրա համար պետք է քավի իր մեղքերն ապաշխարությամբ ու մեծ տքնությամբ, հավասարազոր այն ցանկասիրությանը, որին տրվել է՝ խախտելով պատվիրանը։ «Տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը և թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին» (Սղմ․ 24։18)։ «Ծնկներս թուլացան ծոմապահությունից, և գունաթափվեց մարմինս յուղի պակասից» (Սղմ․ 108։24)։ «Մոխիր կերա հացի տեղ, և ըմպելիքս արտասուքով խառնեցի» (Սղմ․ 101։9)։ «Եղբոր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգավորի ու վշտացյալի պես՝ խոնարհ» (Սղմ․ 34։14)։ «Արտասուքս լռության մի՛ մատնիր» (Սղմ․ 38։13)։ «Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են» (Սղմ․ 50։5)։

Բարոյական օրենքների խախտումը մեր անձնական կյանքում կամ բնության օրենքներինը մեզ շրջապատող աշխարհում հանգեցնում է կրկնակի մեղքի՝ համաձայն համապարփակ Նախախնամության օրենքների, որոնց օգնությամբ Աստված պահում ու պահպանում է արարչագործությունը։ Անզգուշության կամ անտարբերության հետևանքով էությունը փչացնելը, որը հակառակ է առողջ բանականությանը, այդ խախտումների տեսակներից մեկն է։ Մեկ այլ տեսակ է անառականալը, որը անբնական հեշտասեր բավարարումն է մեր էության տարփական մասի։ Այդ պատճառով էլ երկու դեպքերում էլ անհրաժեշտ է Աստծու ճշմարտության միջամտությունը, որպեսզի վերականգնվի հավասարակշռությունը։

Հենց այդ մեծագույն ճշգրտությունը, որով իրականացվում է Աստծու ճշմարտությունը, նկատի ունի մեր Տերը, երբ ասում է, որ «մի հովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի» (Մտթ․ 5։18)։

Եթե անգամ «ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան» (Եբր․ 2։2), ապա էլ ի՞նչ պետք է իմանանք, որպեսզի համոզվենք Աստվածային ճշմարտության անաչառության մեջ։ Այդ թեմայի վերաբերյալ սուրբ հայրերը հետևյալն են ասել․ «Եթե չես ուզում տառապել, սովորիր չարիք չգործել»։ Հստակ ասված է։ Աստծու համապարփակ նախախնամության արթուն աչքը ճշմարտության օգնությամբ անսխալորեն, ինչպես որ վայել է Աստծուն, հետևում է Իր արարածներին, որքան էլ որ դա անըմբռնելի թվա մեզ։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

24.02.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․