«Եթե յուրաքանչյուր անձ իր հնարավորության սահմաններում բարին գործի, ապա բարու հնարավորությունները կդառնան անսահման»,- ասել է աբխազ գրող, հրապարակախոս Ֆազիլ Իսկանդերը: Բարու մեջ հարատևել նշանակում է անսահման բարության բերկրանքը տարածել: «Որքա՜ն բարիք է լինում ողորմությունից, իսկ մենք հեղգանում ենք և հոգ չենք տանում: Տուր հնարավորությանդ չափով հաց: Հաց չունես, մի գրոշ տուր: Այդ էլ չունես՝ տուր մի բաժակ սառը ջուր: Այդ էլ չկա՝ լացիր տարաբախտի հետ և կստանաս պարգև, քանի որ պարգևը տրվում է ոչ ստիպողաբար տալու ժամանակ, այլ բարի կամեցողության ժամանակ» (Ս. Հովհան Ոսկեբերան):
Հոկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սահակյան Քրիստինեին (25 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Քրիստինեն ամուսնալուծված է և իր երկու որդիների հետ վարձակալությամբ բնակվում է Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանի Վ. Սարգսյանի փ. 25 շ. 10 բն. հասցեում: «Ընտանեկան նպաստը, որ ստանում եմ, բավարարում է միայն տան վարձը վճարելու համար: Ճանապարհածախս անգամ չունեմ, որ աշխատանք փնտրեմ: Հարևաններն են շատ հաճախ օգնության ձեռք մեկնում՝ երեխաներիս հագուստ տրամադրելով»,- ասաց Քրիստինեն, ով իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան