23 Նոյեմբեր, Շբ
Ոմն իշխան Ալեքսանդրիայից վերադառնում էր Կոստանդնուպոլիս և Տյուրոսի կողմերում հանդիպեց մի կույր մարդու, որն առաջնորդող չուներ. և երբ լսեց երիվարների ոտնաձայնը, գետնատարած ընկավ և ողորմություն խնդրեց: Իսկ մագիստրոսը չանտեսեց նրան, այլ տվեց մեկ դահեկան և գնաց: Կույրն ասաց նրան. «Հավատում եմ Աստծուն, որ այս ողորմությունը կփրկի քեզ մեծ փորձություններից»: Եվ կույրի օրհնությունն ստացած` գնաց իշխանը մեծ ուրախությամբ և մտավ Տյուրոս քաղաքը: Այնտեղ մեկ ուրիշ իշխան էլ կար, որ գնում էր Կոստանդնուպոլիս, և նա իրեն ուղեկից գտնելով` ուրախացավ, և երկուսով մտնելով նավը՝ գնում էին միասին: Այդ գիշեր սաստիկ հողմ փչեց, և խռովվեցին ծովն ու նավը, և մագիստրոսը նեղվելով մարմնական կարիքներից` գնաց դեպի նավակողը` ազատվելու համար որովայնի ավելորդություններից: Այդ պահին հողմը հարվածելով նրան`գցեց ծովը, և նավավարները լսեցին ընկնելու ձայնը, սակայն, քանի որ սաստիկ մութ էր, և նավն էլ սաստիկ քշվում էր, հնար չգտան և ոչնչով չկարողացան օգնել նրան և թողին նրան ու գնացին: Ալիքները ծովի վրա էին պահում իշխանին և տարուբերում էին, սակայն չընկղմեցին և չսպանեցին՝ մինչև առավոտ, իսկ նավորդները կարծում էին, թե նույն ժամին էլ կորսվեց, սակայն նա Աստծո ողորմությամբ կենդանի մնաց մինչև հաջորդ օրը: Երկրորդ օրն այնտեղով մի ուրիշ նավ անցավ, և նրան տեսան կենդանի` ալիքների վրա տարուբերվելիս, և իրենց մոտ վերցրին նրան, և այդ նավը նույն օրը մտավ այն նավահանգիստը, ուր առաջին նավն էր մտել, որի վրա իշխանի զինվորներն էին: Եվ երկու նավերի նավաստիները կրպակներից անհրաժեշտ բաներ գնելու համար ելան քաղաք և հանդիպեցին միմյանց, ապա նրանցից մեկը հիշելով իշխանին` հոգոց հանեց և ասաց. «Ի՞նչ եղավ կամ ի՞նչ պատահեց այն թշվառին, որ ծովն ընկավ»: Երբ լսեց երկրորդ նավի նավաստին այդ խոսքը, ասաց. «Մենք ողջ և անվնաս գտանք նրան և վերցրինք, այժմ մեզ հետ նավի մեջ է»: Այս դեպքը հայտնի դարձավ բոլորին և բոլորն էլ խիստ ուրախացան և եկան հանեցին նրան և տարան իրենց նավը: Եվ իշխանը պատմեց նրանց և ասաց. «Այն կույրը, ում տվեցի դահեկանը, նա էր բռնել ինձ և բարձրացրած՝ բերում էր ջրերի վրայով»: Եվ բոլորը, լսելով այս, փառավորեցին Աստծուն: Արդ, սրանից ուսանում ենք, որ ամբողջ սրտով արված ողորմությունը չի կորչում, այլ նեղության ժամանակ Աստված փոխհատուցում է նրանց, ովքեր անում են այն, ինչպես վկայում են Աստծո բոլոր Գրքերը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016