23 Նոյեմբեր, Շբ
Հայր Սրապիոնի մասին պատմում էին, թե հանդիպեց Ալեքսանդրիայում նրան մի մերկ մարդ, որ սաստիկ մրսած էր, և նա խորհեց և ասաց. «Ինչո՞ւ ես, որ ճգնավոր եմ համարվում, հագնված եմ, իսկ այս աղքատը, որ նույն ինքը Քրիստոս է, այսպես մերկ և սառած շրջում է, և ես մարդասպան կկոչվեմ, եթե սա մեռնի»: Եվ նույն պահին մերկանալով` իր հանդերձները տվեց աղքատին և ինքը մերկ նստեց` Ավետարանը դնելով թևատակին: Եվ ծանոթներից մեկը նրան տեսնելով` ասաց. «Հա՛յր Սրապիոն, ո՞վ մերկացրեց քեզ»: Եվ նա, ցույց տալով Ավետարանը, ասաց. «Սա՛ մերկացրեց ինձ»: Եվ այնտեղից վեր կենալով` տեսավ մեկ ուրիշին, որին քարշ էին տալիս, քաշքշում էին և պարտքն էին պահանջում, իսկ նա չուներ, որ պարտքերը հատուցեր: Այնժամ գթալով նրան` տվեց Ավետարանը, որ պարտքերը հատուցի, և ինքը մերկ գնաց իր խուցը: Երբ աշակերտը տեսավ նրան այդպես, հարցրեց. «Որտե՞ղ է, հա՛յր, քո պարեգոտը»: Ծերն ասաց. «Ուղարկեցի այնտեղ, ուր առավել անհրաժեշտ էր»: Եղբայրն ասաց. «Որտե՞ղ է այն փոքրիկ Ավետարանը»: Ծերն ասաց. «Թո՛ղ ինձ, որդյա՛կ, Այն, որ միշտ ասում էր ինձ, թե` վաճառեցեք ձեր ունեցվածքը և տվեք աղքատներին (Մատթ. ԺԹ 21, Մարկ. Ժ 21, Ղուկ. ԺԸ 22 ), հենց Իրեն վաճառեցի և տվեցի նրանց, որպեսզի դատաստանի օրը առավել համարձակություն ունենամ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016