Ոտքով ուխտագնացություն Ս. Հարության տոնին ընդառաջ

Քրիստոսի հետևորդները հետևում են Քրիստոսի կենդանի ու կենարար ուսուցումներին, և աշխարհում չկա ոչինչ, որ համեմատելի լինի դրանց հետ: Այդ ուսուցումները սիրո, մահվան դեմ հաղթանակի և հավիտենական կյանքի մասին են: Ծովին նմանվող կյանքն անընդհատ փոխվում է, բայց կա մի բան, որ երբեք չի փոխվում, դա այն ներքին գիտակցությունն է, որ մահին հաղթահարած հարուցյալ Տերը միշտ մեզ հետ է՝ Իր անսուտ խոստման համաձայն. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհ. 14:23): Քրիստոսի հրաշափառ Հարությունը միայն անցյալում տեղի ունեցած իրադարձության հիշատակը չէ, այլ իրական հանդիպում է Նրա հետ, Ում քրիստոնյայի սիրտը վաղուց ճանաչել է և Ում հետ ամենօրյա հանդիպումները լույս, ուրախություն և կյանք են քրիստոնյայի համար:

Ապրիլի 8-ին՝ Ավագ շաբաթ օրը՝ Ս. Հարության ուրախարար տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ոտքով ուխտի մեկնեց Ս. Էջմիածին: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի հայոց հոգևոր կենտրոն: 

Ամեն անգամ ուխտի ճանապարհներն ուղղորդում են ուխտավորներին Քրիստոսի Մարմինը հանդիսացող սրբավայրեր, որտեղ կայանում է նրանց և Աստծու միջև հանդիպումը: Ամեն անգամ ուխտի ճանապարհները միավորում են ուխտավորներին աղոթքի շուրջը տարբեր նպատակներով: «Զորավոր արանց» միության անդամները Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս և Փարաքարի Ս. Հարություն եկեղեցիներում, ապա Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ և Ս. Աստվածածին եկեղեցիներում միավորվեցին աղոթքով հանուն մայր եկեղեցու և հայրենիքի զորացման: Ուխտավորների աղոթքի ուղին եզրափակվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Զատկի Ճրագալույցի պատարագին մասնակցությամբ, ուր կրկին անգամ ականջալուր եղան սուրբ Հարության հաղթական ավետիսին:

Դեպի հարություն տանող ուղին այլ ուղի չէ, քան Քրիստոսի անցած ուղին: Այդ ուղին խաչի ուղի է, որով ընթացող քրիստոնյան քայլ առ քայլ հրաժարվում է այն ամենից, ինչը շեղում է իրեն այդ ուղուց, հրաժարվում է այն ամենից, ինչ ստրկացնում է իրեն, որպեսզի ազատորեն և ողջ սրտով ծառայի Աստծուն ու իր մերձավորին:

 

Կարինե Սուգիկյան

 

09.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․