20 Փետրվար, Ուր, Մեծ պահքի Ե օր

Ով է սատանան և ինչպես է գործում

Սուրբ Գրքից իմանում ենք, որ սատանան անկյալ Արուսյակն է։ Նրա մասին Տերն այսպես է ասում․ «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը» (Ղուկ․ 10։18)։

Նա՝ սատանան, երկնքից ընկած հրեշտակների դասի պետն է, որոնք, որոշելով ըմբոստանալ Աստվածային կամքի դեմ, պարտություն կրեցին և ինքնաբերաբար դուրս ընկան իրենց դիրքից ու աստիճանից։ Միևնույն ժամանակ նրանք կորցրին նաև իրենց պատկերի ապշեցուցիչ գեղեցկությունը՝ վերածվելով զազրելի հրեշների, որոնց հիշատակումն անգամ գարշելի է։ Դիվական էությանն օտար է ամեն բարին, լավը, արդարը, պարզը, խելամիտը, ճշմարիտը։

Արուսյակը՝ լույսի, ճշմարտության, սիրո ու սրբության երբեմնի կրողը, Աստծուն անհնազանդ գտնվելով՝ ակնթարթորեն վերածվեց բացարձակ խավարի, ատելության, ստի, կատարյալ չարի և այն ամենի գործիքի, ինչը ծառայում է կործանիչ քայքայմանն ու մահվանը։

Նա դարձավ և հավետ կմնա խավար, սուտ ու կործանում, և նրա նպատակը նախ և առաջ դիմակայումն է այն ամենին, ինչ Աստծուց է, որի համար հոգում է Աստված, և հատկապես՝ մարդու։ Նա՝ բանսարկուն, դարձավ և մնում է մահվան հավերժ ժառանգորդն ու դժոխքի բնակիչը, որի գլխավոր նպատակն է գայթակղել և իր կողմը քաշել ում կկարողանա։

Նրա գլխավոր թիրախը Աստծու հետ միավորվել ձգտող մարդն է։ Բանսարկուն չի կարող համակերպվել, որպեսզի տեսնի, թե մարդն ինչպես է անընդհատ վեր բարձրանում ու գերազանցում այն աաստիճանը, որ ուներ մեղսագործությունից առաջ, այդ պատճառով էլ իր նետերն է մոլեգնաբար արձակում նրա վրա։

Սատանան մարդասպան էր և դիտավորյալ մնում է մարդասպան։ Արդեն իսկ լինելով կեղծիք, խարդավանք ու չարություն՝ նա չի հայտնվում բացահայտորեն, այլ միտքն ու զգացմունքները գրգռում է մտապատկերների ու նենգ հնարքների միջոցով, որպեսզի մտքերն ու կամքը մոլորեցնելով և ստիպելով, որ միտքը համաձայնի՝ այդկերպ որսա զոհին իր մշտական նենգությամբ, կեղծավորությամբ ու խորամանկությամբ։

Թշնամին գիտի, որ մարդն ապրում ու գործում է հիմնականում զգացմունքներով ու զգացողություններով, ուստի և գրգռում է զգացմունքները՝ օգտագործելով առաջին հայացքից պատշաճ թվացող պատրվակներ, որպեսզի այդկերպ մարդուց համաձայնություն կորզի։

Ինչպես տեսնում եք, սատանան ամեն ինչ ներկայացնում է որպես կենսական անհրաժեշտություն։ Այդպես տեղի է ունենում ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր աշխարհում։

Եթե մարդ զերծ է կրքերից ու վատ սովորույթներից, ապա նա կարող է հեշտորեն ազատվել բանսարկուի ոտնձգություններից ու մարտերից։ Բայց եթե նա դրանց գերին է, ապա նրան դաժան ու տանջալից պայքար է սպասում։

Բայց, միևնույն է, կարելի է դիմադրել բանսարկուին մեր մեջ եղած շնորհի հետ միությամբ և ըստ մեր նախասահմանման ու աստվածային պատվիրաններին հետևելով։

Առաքյալը ճշմարտացիորեն վկայում է․ «Դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հակ․ 4։7)։ Եվ կրկին․ «Եթե իշխանի զայրույթը բռնկվի քո դեմ, դու մի՛ լքիր քո տեղը» (Ժող․ 10։4)։

Սատանան, չունենալով իշխանություն ուղղակիորեն կամ զգացմունքայնորեն ազդելու մարդու վրա, անհանգստացնում է նրան միայն երևակայության և պատկերների միջոցով, որոնք առաջարկում է մտովի էկրանի վրա և մտքում ծագող պատկերների միջոցով։ Այդ դեպքում մարդն ինքն է որոշում՝ ընդունի առաջարկը, թե մերժի։ Հիմնականում ահա այսպես է ազդում բանսարկուն մարդու վրա, բայց այն, ինչ կլինի հետո, կախված է հենց մարդուց՝ ենթարկվել կամ հակառակվել։

Սատանայից պաշտպանվելու և նրան հակառակվելու մեր ամենաանմիջական միջոցն Աստծուն կանչելն է (աղոթքը), ինչպես նաև ինքներս մեզ հիշեցնելը մեր նպատակակետն ու նշանակությունը։ Երբ Տերն անապատում էր, ցույց տվեց մեզ ակնառու կերպով, թե ինչպես է պետք պայքարել թշնամու և այն ամենի հետ, ինչն օժանդակում է նրան։

Սատանան պայծառատեսության շնորհ չունի, և անգամ չգիտի, թե մարդն ինչի մասին է մտածում, սակայն, հիմնվելով զգացողությունների մղումների վրա, ենթադրություն է անում՝ ըստ որի գրգռում է մեր զգացմունքներն ու մարմնի մասերը կրքոտ խորհուրդներով։ Երբ նա տեսնում է, որ մարդ հակված է որևէ երևույթի կամ գաղափարի, որոնց պատկերները հենց ինքն է առաջարկել նրա երևակայությանը, սատանան հասկանում է, որ մարդը հենց դա է ցանկանում և ձգտում դրան։ Նույն պահին էլ գտնվում են համապատասխան պատճառները, և զոհը դառնում է նրա գերին։

Դիվական էությունը մտքի հատկության պես է։ Նա արագ է, անխոնջ, դաժան, քնի կարիք չունի, հաստատ է նենգության ու չարության մեջ, մեկ ակնթարթում կարող է կերպարանափոխվել և ընդունել ցանկացած պատկեր կամ տեսք, եթե այդ ամենը նպաստում է իր խարդախ նպատակի իրականացմանը։ Սատանան ցանկացած տարածության մեջ տեղաշարժվում է մեծ արագությամբ և ցանկացած միջոց օգտագործում է գլխավոր նպատակով՝ խոչընդոտել Աստծու կամքի իրականացմանը։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.02.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․