Յուրաքանչյուր անհատ, հասարակություն և ազգ իր գերակա գաղափարն ունի: Գերակա գաղափարն այն լուսավոր նպատակն է, առանց որի կյանքն անկենդան է և դատարկ: Գուցե իրականությունն ու գերակա գաղափարն իրարից շատ հեռու են, բայց մարդկությունը միշտ էլ ձգտել է այդ անդունդը կամրջել: Գերակա գաղափարները տարբեր են. արվեստի մեջ, օրինակ՝ գեղեցկությունն է, գիտության մեջ՝ ճշմարտությունը: Ինչպիսին էլ լինեն գաղափարները, նրանք բոլորն առչնվում են բարոյականության հետ և ամբողջանում բարոյականության գաղափարի լույսի ներքո:
Քրիստոնեությունն աշխարհին բերեց փրկություն բերող գերական: Մինչ այդ հեթանոս աշխարհի գերականներն անզոր էին մարդկության մեջ կենդանության ոգի ներշնչել: Հին աշխարհից ծնվեց քրիստոնեությունը: Ի լրումն ժամանակի աստվածայինը մարդացավ, որպեսզի մարդուն առ Աստված բարձրացնի: Հանձին Հիսուս Քրիստոսի՝ աստվածայինը մարդացավ: Խավարի մեջ խարխափող մարդկության համար լուսե մի աստղ ծագեց, կենդանի, իրական բարոյական գերական՝ ամենքի համար տեսանելի, ամենքի համար շոշափելի: Քրիստոս հիմնեց մի կրոն, որը վերացական տեսություն չէ, այլ՝ կյանք, որն ունի Աստծո Արքայության գաղափարը, Արքայություն, որ սիրո թագավորություն է և ուր Աստծո կամքն է լիարժեք իրագործվում: Հին աշխարհն ապրում էր առանց ճշմարիտ սիրո, ինչի հետևանքով այն ապականվեց և մահացավ, իսկ քրիստոնեությունը ճշմարիտ սիրո կրոն է, որ փրկություն բերեց աշխարհին, այն սիրո կյանք է: Քրիստոս Ինքն աստվածային պատվիրանների կենտրոնն ու էությունը սիրո պատվիրանն է համարում. սեր առ Աստված և սեր առ ընկերը Նրա վարդապետության հիմնաքարերն են: Ս. Գրիգոր Նարեկացին ասել է, որ իզուր չէր Քրիստոս ասում աշակերտներին. «Նրանով կճանաչեն ձեզ բոլորը, թե Իմ աշակերտներն եք, երբ միմյանց սիրեք» (Հովհ. 13:35): Չասաց թե՝ «Ինձ աշակերտելու նշանն այն է, երբ հիվանդներին եք բժշկում, կամ՝ դևեր հանում, կամ՝ մեռելներին հարություն տալիս, կամ՝ լեռներ տեղաշարժում, այլ՝ երբ սիրում եք միմյանց»: Քանզի գիտեր, թե երբ ճշմարիտ սիրով սիրում են Աստծուն և ընկերոջը, դրա հետ նաև պատվիրաններն են կատարում:
Նույն սիրո ոգին բացի Ավետարաններից նաև առաքելական թղթերի մեջ ենք տեսնում: Ճշմարիտ աստվածասիրությունն ու եղբայրասիրությունն անբաժան գաղափարներ են: Ուստի Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքի էությունը սիրո մեջ է տեսնում և բարոյական գերակայի պատկերը նկարագրում է սիրո օրհներգով. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուններով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթ. 13:1-4):
Քրիստոսից՝ Սիրո Արեգակից, կյանքի ճառագայթներ են տարածվում ամենուր: Քրիստոս սիրո այն կատարելատիպն է, ում ձգտում են նմանվել Նրա հետևորդները: Գուցե մարդկային մտքի համար անըմբռնելի է այն, թե ինչպես կարող է Քրիստոսի անձի մեջ ներդաշնակորեն միավորվել իրար հակադիր անհասանելի բարձրությունն ու խոնարհությունը, մեծությունն ու ծառայելու պատրաստակամությունը: Ազգերի պատմության մեջ չենք գտնի նման սիրո կատարելատիպ, ինչպիսին Քրիստոսն է: Նրա երկրային կյանքի ողջ ընթացքն անհուն սիրո մի շղթա էր: Չարչարանքների մեջ՝ խաչի վրա, Նա ասաց՝ Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում (Ղուկ. 23:34): Կենսատու Սերը, քառաթև խաչից ճառագելով մարդկությանը, հիշեցնում է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12):
Կարինե Սուգիկյան