«Ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի»

Քրիստոնյան կոչված է Աստծո խոսքը կյանքով ու գործով ուսուցանելու՝ չանտեսելով պատվիրաններից անգամ փոքրագույնը. «Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, Երկնքի Արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, Երկնքի Արքայության մեջ նա մեծ պիտի լինի» (Մատթ. 5:19):

Աստծո խոսքը կյանքով ապրողն իր սրտում կրում է աստվածային սերը, որը ծածկում է բազմաթիվ մեղքեր: Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե ունենանք ամեն ինչ, բայց չունենաք մեզ փրկող սերը: Ի՞նչ օգուտ, եթե մեկը մեծ ճաշկերույթ և անթերի հյուրասիրություն կազմակերպի, հրավիրի թագավորին ու իշխաններին, բայց ուտելիքն անալի լինի և սեղանին աղ չունենա դրված: Ոչ միայն հյուրասիրողի ծախսերն ու ջանքերն անտեղի և զուր կլինեն, այլ նա հրավիրվածների կողմից ծաղրանքի կենթարկվի: Այդպես է և այն պարագայում, երբ մարդը գործում է առանց սիրո: Ոչինչ մի ձեռնարկիր առանց սիրո: Եթե ասես, որ ատում ես եղբորդ, բայց սիրում եմ Քրիստոսին, ապա ստախոս կհամարվես: Այդպիսի մարդուն Հովհաննես ավետարանիչն ասում է. «Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում: Մինչդեռ Քրիստոսի՝ մեզ տված պատվերն այս է, ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհ. 4:20-21)»:

Նոյեմբերի 8-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, համայնքի Տիգրանյան ընտանիքի կողմից Աբովյան Սեդային (63տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Սեդան իր տղայի՝ Մամիկոնի (24 տ.) հետ բնակվում է Ջրվեժի Մայակ թաղ. 26/1 շ., 8 բն. հասցեում: Մամիկոնը Դաունի համախտանիշ ունի, նա դժվարանում է խոսել, սիրում է սպորտով զբաղվել, հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն: Ընտանիքը ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ տարվա ընթացքում, ինչպես նշեց տիկին Սեդան, Մամիկոնը բուժման կուրս է անցնում, ինչի համար իրենք դժվարանում են վճարել: Աբովյան ընտանիքը փորձում է իր նվազագույն կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և տիկին Սեդային տրամադրվող թոշակի գումարներով: Տիկին Սեդան իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին՝ օգնության համար:

 

Կարինե Սուգիկյան

08.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․