Քիչ ունեցողը ձգտում է ավելիին, ավելին ունեցողը՝ առավելին, բայց Քրիստոս «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթեոս 5:5) երանիով մատնանշեց երկիրը ժառանգելու ճիշտ և օրինավոր կերպը:
Իր մեղքերի համար սգացողը դառնում է հեզ և բարեսիրտ: Իրական սգավորը չի կարող լինել հպարտ: Այդ պատճառով «Երանի՜ սգավորներին…» (Մատթեոս 5:4) երանիին հաջորդում է «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթեոս 5:5) երանին: Այն գաղափարը, թե՝ «հեզերը պիտի ժառանգեն երկիրը» հանդիպում ենք նաև երեսունվեցերորդ սաղմոսում. «Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը և կզվարճանան մեծ խաղաղության մեջ» (Սաղմոս 36:11): Հեզության հատկանիշներն են խոնարհությունը, ներողամտությունը և անձնազոհությունը: Եկեղեցու հայրերը համարում են, որ հեզությունը ծնվում է խոնարհությունից, իսկ խոնարհությունը՝ իմաստությունից. նույնպես էլ՝ բարկությունը ծնվում է հպարտությունից, իսկ հպարտությունը՝ տգիտությունից: Ուստի այս երանիի մեջ եկեղեցու հայրերը նկատի ունեն այն հեզությունը, որ ընդդեմ է բարկությանը:
Գալիլիայի խոնարհ լեռան վրա Վարդապետը հեզերին, այսինքն՝ այն մարդկանց խոստացավ տալ երկիրը, ովքեր չեն տիրում, չեն հափշտակում, ովքեր վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանում: Երանության լեռան վրա այն իբրև պատգամ հաղորդվեց բովանդակ մարդկությանը:
Ճշմարիտ քրիստոնյան հեզ է և խոնարհ: Հեզը իր ուրույն նկարագիրն ունի. նա հանգիստ է, խոնարհ և համեստ, հավատքի մեջ պարզ է, իր առջև ունի Քրիստոսի օրինակը, Ով ասում է. «Սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթեոս 11:29): Մովսես մարգարեն Աստծուց օրհնություն ստացավ իր հեզության շնորհիվ: Նրա մասին Սուրբ Գրքում կարդում ենք. «Մովսեսը, սակայն, շատ ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող բոլոր մարդիկ» (Թվեր 12:3): Հեզ մարդը երբեք չարիքին չարիքով չի պատասխանում, չի բարկանում, չի բղավում և «Նա ո՛չ հակառակելու է, և ո՛չ էլ նրա ձայնն է լսվելու հրապարակներում» (Մատթեոս 12:19): Հեզերն ունեն կյանքի դժվարություններին դիմակայելու իմաստուն կեցվածք: Հեզ մարդը Աստծո առանձնահատուկ խնամքի ներքո է ապրում. «Չէ՞ որ այդ ամենն Իմ ձեռքը պատրաստեց, և ամեն ինչ Իմն է,- ասում է Տերը.- ու Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի 66:2): Այս առաքինությամբ օժտված անձինք քաջ են, քանի որ անիրավությունը, բռնությունը չեն խաթարում իրենց հոգու խաղաղությունը: Քրիստոնեության տարածման և հաղթանակների պատմությունը մեծագույնս փաստում է այն իրականությունը, որ այն, ինչ չկարողացան անել շատ մեծամեծեր, իրագործեցին խոնարհ առաքյալները:
Հեզ մարդը լիովին վստահում է Տիրոջ այն խոսքին, որ ասում է. «Սիրելինե՛ր, վրեժ լուծելու մասին երբեք մի՛ մտածեք, այլ թողեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև Սուրբ Գրքում Տերն ասում է. «Իմն է դատելու և պատժելու իրավունքը, Ե՛ս եմ հատուցելու» (Հռոմեացիներ 12:19):
Քրիստոս Մատթեոսի ավետարանում նկարագրում է, թե ի՞նչ է հեզությունը. «Իսկ Ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու: Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող: Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկու էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից: Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»: Իսկ Ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթեոս 5:39-45):
Հեզության ոգին մարդկային արարքներին տալիս է առանձնահատուկ շնորհներ, որոնք մեծ հոգիներին են միայն հատուկ: Եվ մեծ հոգիները, այսինքն՝ հեզերը, նրանք են, ովքեր, հաղթելով իրենց կրքերին, դյուրությամբ են դիմավորում կյանքի հարվածները:
Եկեղեցու հայրերի բնորոշմամբ, որտեղ հեզություն և բարեպաշտություն է, այնտեղ մշտական խաղաղություն է և երջանկություն: Եվ ի՞նչն է ամենաշատը փնտրվում աշխարհում, եթե ոչ խաղաղությունը: Եվ, հակառակը, ոչ ոք այնքան դժբախտ չէ, որքան նրանք, ովքեր իրենց սրտում չունեն խաղաղություն ու հանգստություն և մշտապես տագնապի ու վախի մեջ են, այդ դեպքում ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ մի երկրային բարիք արժեք չունի հոգու խաղաղության համեմատ:
Անշուշտ, հեզերը պիտի ժառանգեն երկիրը, այսինքն՝ բռնության և ուժի ավերակների վրա պիտի ծլի համեստ բողբոջը:
Կազմեց Գայանե Սուգիկյանը