Սաստիկ շոգ կեսօրին մի խումբ երիտասարդներ, որոնք իրենց ներկել էին տարբեր գույներով, աղաղակում էին մի հաղթանդամ մարդու առջև.
- Մի´ սահմանափակիր մեր ազատությունն ու իրավունքները: Մենք ժամանակակից ենք և անում ենք այն, ինչ ուզում ենք:
Տարեց մի մարդ այդ կողմերով անցնելիս հանդիմանում է հաղթանդամ մարդուն.
- Ինչ անխիղճ պահակ ես: Ինչո՞ւ ես կանգնել խմիչքներով լեցուն մառանի դռան առջև ու թույլ չես տալիս այս երիտասարդներին ներս մտնել և զովացուցիչ ըմպելիքներից օգտվել:
Հաղթանդամ մարդը պատասխանում է.
- Ոչ թե պահակ եմ, այլ՝ քիմիկոս, իսկ սա, որ կոչեցիր մառան, իմ լաբորատորիան է, որը լեփ-լեցուն է մահացու թույնով լի շշերով: Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ, որ այս երիտասարդներն ազատության և մարդու իրավունքների մասին գոչելով այդ թույնը խմեն և ազատությունն ու իրավունքը թույնի հետ շփոթեն...
Առաքյալն ասում է. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար։ Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթ. 6.12):
Հովհաննես Մանուկյան