22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Պահք

Պահքի մասին

Եկեղեցին բացի տոնական օրերից ունի նաև պահոց օրեր, որոնք հարյուր հիսունութն են և բաժանվում են օրապահքերի, շաբաթապահքերի և հիսնակաց պահքի: Օրապահքերը` չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը, կարգվել է ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների և խաչելության, շաբաթապահքերը հիմնականում առաջացել են հիսնակաց պահքերի տրոհումից: Եկեղեցական Հայրերը, տեսնելով, որ աշխարհականների համար դժվար է տարվա մեջ մի քանի անգամ հիսուն օր պահք պահելը, կարգ հաստատեցին, որ հատկապես աշխարհականները պահեն հիսնակաց պահքերի միայն սկզբի, միջին և վերջին շաբաթները: Շաբաթապահքերը հինգ օր տևողությամբ են, բացառությամբ Ծննդյան պահքի, որ յոթ օր է: Նախկինում կային պահոց երեք հիսնյակներ Ծննդից, Զատկից, Վարդավառից առաջ, մինչև որ հետո սահմանվեց պահել միայն Զատկից առաջ եղող հիսնյակը:

Պահք, ծոմ պահելու անհարժեշտությունը նշեց նաև Քրիստոս (Մատթ. 6.16, 9.15; Մարկ. 2.20, Ղուկ. 5.35)` ասելով. «Երբ փեսան նրանցից վերցվի, այն ժամանակ ծոմ կպահեն»: Առաքյալները ևս անհրաժեշտ էին համարում պահեցողությունն ու ծոմապահությունը: Սուրբ Հոգին խոսեց և ասաց, որ առանձնացնեն Սողոսին և Բառնաբասին հատուկ առաքելության համար: Եվ առաքյալները պահեցողությամբ ու աղոթքով ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին (Գործք 13.2-3): Երբ Պողոսն ու Բառնաբասը եկան Դերբեից Իկոնիոն, Լյուստրա և Անտիոք, մխիթարեցին քրիստոնյաներին, ովքեր նեղությունների մեջ էին: Եվ «նրանց համար յուրաքանչյուր եկեղեցու վրա երեցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղոթք արեցին» (Գործք 14.22):

Անընդունելի պահք

Սուրբ Գրիգոր Տաթևացին պահքի անընդունելի չորս տեսակ է նշում` դատապարտյալների պահքը, ովքեր հարկադրաբար զրկված են ճոխ կերակուրներից, ցուցամոլների պահքը, ովքեր պահեցողությունն օգտագործում են իրենց բարեպաշտությունը ցույց տալու համար, արծաթասերների պահքը, ովքեր ժլատությամբ գումար խնայելու համար առատ կերակուրներից հեռու են մնում, և բնությամբ թույլ մարդկանց պահքը, ովքեր ի վիճակի չեն պարարտ կերակուրներ ուտելու: Այսպիսի պահքերն անընդունելի են, քանի որ պահքի հիմքում պետք է լինի զղջումը, ապաշխարությունը և մեղքերի համար սուգը:

Պահք, խոստովանություն և ողորմություն

Եկեղեցական հեղինակները պահքի մասին արտահայտվում են տարբեր տեսանկյուններից: Ստեփանոս Սյունեցին նշում է, որ աղոթքն ավելին է, քան պահքը և ողորմությունն ավելին, քան աղոթքը, որովհետև Աստված ասում է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ (Օսեե 6.6, Մատթ. 12.7), նաև` «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2.13): Տաթևացին պահքն անբաժան է համարում խոստովանությունից և ասում, որ անմիտ են նրանք, ովքեր առանց խոստովանության պահք են պահում, քանզի մի օրվա խոստովանությամբ պահքն ավելին է, քան քառասուն օրերինն առանց խոստովանության: Պահքը և աղոթքը հոգևոր կերակուրներ են, իսկ կերակուրները պատրաստելուց և օգտագործելուց առաջ պետք է միշտ լվանալ: Եվ հոգևոր իմաստով խոստովանությունը հանդիսանում է այդ խորհրդանշական լվացումը: Գրիգոր Տաթևացին աղոթքն ավելի բարձր է դասում պահքից և բարեգործությունից, որովհետև պահքն ու ողորմությունը ժամանակ առ ժամանակ են լինում, իսկ աղոթքը` ամեն ժամ, ինչպես ասում է Քրիստոս. «Ամեն ժամ աղոթք արեք» (Ղուկ. 21.36), կամ առաքյալը, թե` անդադար աղոթեցեք (Ա. Թեսաղ. 5.17): Նաև մարգարեն է ասում. «Ամեն ժամ Տիրոջը կօրհներգեմ» (Սաղմ. 33.2): Բացի դրանից աղոթքն ավելի հեշտությամբ է կատարվում, քան պահքը, որովհետև եթե մարդը տկար է կամ ծեր,  պահք չի պահում: Նաև աղոթքն ավելի հեշտ է կատարվում, քան ողորմությունը, որովհետև աղքատը ողորմության գործեր չունի: Իսկ աղոթքի պարագային բոլորը` ծեր թե մանուկ, առողջ թե հիվանդ, հարուստ թե աղքատ, միշտ կարող են այն կատարելու պատրաստ լինել: Նաև`պահքը և ողորմությունը առաջին հերթին արտաքին իրողություններ են, մինչդեռ աղոթքը ներսում սուրբ սրտից և անձից է որպես պատարագ ընծայվում Աստծուն, իսկ մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (Սաղմ. 50.19):

Աղոթքը պահքից և ողորմությունից առավել

Աղոթքը պահքից և ողորմությունից առավել է, քանզի պահքով կարգավորում ենք մեզ, ողորմությամբ օգնում ուրիշներին, իսկ աղոթքով կարգավորում ենք մեր հարաբերություններն Աստծո հետ և Աստծո հետ խոսում: Պահքը սուգ է մեղքերի համար, ողորմությունը երբեմն լինում է տրտմությամբ, ինչպես մեծահարուստը տրտմած գնաց` ողորմության հորդոր ստանալով (Մատթ. 19.21-22), իսկ աղոթքը, որքան երկարում է, այնքան ուրախանում է աղոթողը, որովհետև անճառելի խնդություն, լույս և սեր է ծագում աղոթողի մտքում, որի համար էլ Դավիթ մարգարեն ասում է. «Թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը» (Սաղմ. 104.3 նաև` 39.17, 69,5): Նաև պահքի ընթացքում սատանան չի փախչում, ինչպես որ Քրիստոսի քառասնօրյա ծոմի ընթացքում չփախավ և փորձեց Տիրոջը (Մարկ. 1.12, Ղուկ. 4.2), քանզի սատանան էլ միշտ պահքի մեջ է, այսինքն` մարմնական կերակուրներից հեռու է, ու մոտ է նաև ողորմության ժամանակ, որպեսզի խափանի: Իսկ աղոթքից սատանան փախչում է, երբ հիշում ենք Աստծո կամ այլ սրբերի անունը և կամ երբ խաչակնքվում ենք, և ինչպես խավարն է հալածվում լույսից, այնպես էլ ցրվում են չարի որոգայթները: Եթե պահք պահես, քեզ է օգուտ, ողորմությունը օգուտ է նրանց, որոնց տալիս ես, իսկ աղոթքը օգուտ է քեզ, ուրիշների և ամբողջ աշխարհի, արդարների և մեղավորների, ողջերի և մեռածների համար: Աղոթք բառը աղ բառի հետ է կապվում. ինչպես աղը ամեն ինչի խառնվում է և համի բերում, այնպես էլ աղոթքը ամեն բարի գործերի խառնվում է և քաղցր ու ընդունելի է անում Աստծո համար:

Առաջավորաց պահք

Առաջավորաց պահքը համարվում է Հայոց առաջին ազգային պահքը: Այս պահքն Առաջավորաց է կոչվում` որպես առաջին պահք, կամ էլ որպես Մեծ Պահքի առաջընթաց: Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցիներում արարողություններին Սուրբ Գրքից ընթերցումներ չեն լինում, և Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է նաև հիշատակվում, իսկ Ադամի ժամանակ Գիրք և մարգարեներ գոյություն չունեին:

Պահք կամ դիետա

Եկեղեցական պահքի մեջ կենտրոնական տեղ է գրավում առաջին հերթին ոչ թե որևէ ուտելիքից, այլ վատ սովորույթներից հրաժարվելը: Սա շեշտում է Աստված հատկապես Եսայու մարգարեության մեջ (58.3-6): Այսօրվա մարդկանց համար նշենք, որ եթե որևէ մեկը չափից ավելի է կապված հեռուստացույցի կրքահարույց ֆիլմերին կամ այլ ներկայացումներին կամ էլ որևէ վատ սովորություն ունի, ապա պահքի ընթացքում խիստ պետք է սահմանափակի իր ցանկությունները հենց այս ոլորտում` այդուհետ վատ իրողություններից հեռու մնալու որոշումով: Եթե պահքի մեջ հոգևոր մտադրություն չկա, ապա այն դադարում է պահք լինելուց, քանի որ նաև գիրության հետ կապված խնդիրներից ելնելով` շատեր հրաժարվում են տարբեր տեսակի պարարտ կերակուրներից: Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը պետք է կարողանա հստակ տարբերություն տեսնել պահք պահելու և պարզ դիետա պահելու միջև:

Պահքի տեսակները

Մարմնի չափավոր սնումը, որքան էլ ոմանց համար զարմանալի լինի, ավելի է պայծառացնում միտքը և զորացնում է հոգու գործունեությունը: Բացի մարմնավոր պահքից կա նաև հոգևոր պահք, որը հրաժարումն է վատ արարքներից, կրքերից և մտքերից: Սակայն նշենք, որ առանց մարմնավոր պահքի երբեմն շատ դժվար է լինում միայն հոգևոր պահք պահելը: Այսօր շատեր փորձում են պահել միայն պահքի հոգևոր կողմը, այսինքն` ջանում են հեռու մնալ վատ սովորություններից, հակումներից, մեղավոր հաճույքներից: Սակայն շատ հաճախ չափազանց դժվար է առանց պահքի մարմնավոր կողմը պահելու պահքի հոգևոր կողմը պահել և զարգացնել: Սրա պատճառն այն է, որ երբ մարդը սնվում է պարարտ կերակուրներով, մարմնի մեջ ավելի են աշխուժանում բնական շարժումներն ու սովորական կրքերը, և միտքն ու գիտակցությունը մեծապես դժվարանում են զսպողություն սահմանելու մեջ: Իսկ պահքի օգնությամբ միտքը հեշտությամբ կարողանում է սանձել մարմինն ու նրա ցանկությունները:

Պահքը մեծապես կապված է զղջման և ապաշխարության հետ: Երբ մարդ զղջում է իր մեղքերի համար, նա տխրում է, որ ամոթալի արարքներ է գործել: «Եվ այդ սուգը,- ասում է մեր Եկեղեցու մեծ հեղինակներից Հովհան Մանդակունին,- պահք է սովորեցնում, պահքը աղոթքի է բերում, աղոթքը` ողորմության, և կամաց-կամաց, աստիճանից աստիճան հեշտությամբ երկինք ես ելնում»: «Այս ամենի միայն սկսելն է դժվար,- դարձյալ մեզ խրատում է Հովհան Մանդակունին,- բայց այնուհետև գործը հեշտանում է և դառնում քաղցր ու ցանկալի»: Այսպիսի ներքին պահքի կարիքն ունեն ոչ միայն սովորական անձինք, այլ հատկապես մեր քաղաքական-հասարակական գործիչները և գիտության մարդիկ: Այդ իսկ պատճառով նրանց առաջարկում ենք մեկ այլ հեղինակի խորհուրդները: Լինում է հոգևոր պահք, որը ենթադրում է հրաժարում եսասիրական և իշխանատենչ գործողություններից, հրաժարում մարդկային փառասիրական նկրտումներից: Այս պահքն առանձնապես անհրաժեշտ է հասարակական գործիչներին: Այս պահքի կարգն է` մի փնտրիր իշխանություն և առավելություն, եթե կոչվել ես իշխանության և ղեկավարման, այլ նայիր դրանց որպես ծառայություն: Ամեն անգամ, երբ հարկ է լինում մարդկանց անտեղի հիշեցնել քո մասին, ցույց տալ քո առավելություններն ու ուժը, զսպիր քեզ: Մի տրվիր երեսպաշտությանը: Մտավոր պահքը հրաժարումն է մտքի միակողմանի գործողությունից, վերջ չունեցող անիմաստ ու աննպատակ հարցերի առաջադրումից: Սա անհրաժեշտ է գիտության մարդկանց, որոնք մոռացության են տվել Հերակլիտի խոսքերը. «Բազմիմացությունը խելք չի սովորեցնում»: Մտավոր այս պահքի պայմանն է` մի փնտրիր գիտելիքներ հանուն գիտելիքների, որոնք անիմաստ են մարդկանց և Աստծո գործի համար: Մի փնտրիր գաղափարական նորույթներ ու յուրօրինակություններ: Չափից ավելի մեծ արժեք մի տուր գիտական իմացություններին, քանզի գիտությունն ունի սահման` կապված գիտնականների կանխակարծ մտքերի և գիտական ոչ լիարժեք նյութի հետ: Այս շրջանում հատկապես մտավոր գործունեությունդ ենթարկիր բարոյական պահանջներին:

Պահոց հանդուրժողականություն

Պահքի հետ կապված մեր կենցաղում երբեմն տարբեր խնդիրներ են առաջանում, և շատեր չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվեն: Օրինակ` երբ պահքի մեջ ենք, և հյուր է տուն գալիս, արդյո՞ք կարող ենք նրան սեղանակից լինել և ուտել պահքին ոչ հատուկ կերակուրներ: Կամ երբ Ամանորին, որ Ծննդյան պահքի շրջանում է լինում, գնում ենք մարդկանց տները և շնորհավորում Նոր Տարին, ու մեզ հյուրասիրում են, կարո՞ղ ենք արդյոք պահքի պատճառով մերժել հյուրասիրությունը: Այսպիսի խնդրիների քրիստոնյաները բախվել են դեռևս քրիստոնեության վաղ շրջաններում: Այդ իսկ պատճառով գումարված եկեղեցական ժողովները փորձել են նաև պատասխան տալ այսպիսի հարցերի: Օրինակ` 6-րդ դարում` 554 թվականին, գումարված Դվինի երկրորդ եկեղեցական ժողովն անդրադարձել է նաև նման հարցերի և իր 29-րդ կանոնով հրահան-գել. «Ոչ ոք չհամարձակվի քառասնորդական կամ Առաջավորաց պահքը լուծել հյուրերի պատճառով», այսինքն` այս կանոնի հստակ արգելքը վերաբերում է Առաջավորաց պահքին և Մեծ Պահքին: Սակայն երբեմն պատահում է, որ մեզ հյուրասիրող մարդիկ մեծ խանդավառությամբ են սպասել մեզ կամ էլ գիտենք, որ նյութական սուղ միջոցներով ինչ-որ տեղից որևէ բան են ճարել, հյուրասիրություն կազմակերպել: Ինչպե՞ս վարվենք նման դեպքերում, քանի որ այսպիսի հանգամանքում չուտելը, մեկ մեղքից հեռացնելով, միևնույն ժամանակ երկու մեղք է բերում. նախ` բոլորի առջև հայտարարում ենք մեր պահեցողությունը, ինչը խստիվ արգելեց Քրիստոս (Մատթ. 5.17-18), և երկրորդ` վիրավորում ենք դիմացինին` մերժելով հյուրասիրությունը: Այսպիսի առանձնահատուկ դեպքերը ցույց են տալիս, որ մենք միշտ պետք է հավատարիմ մնանք օրենքի ոգուն և ոչ թե կառչած լինենք օրենքի տառից, քանզի «օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին` կենդանացնում» (Բ Կորնթ. 3.6): Սակայն եթե բոլոր մարդիկ ճշմարիտ քրիստոնեական կյանք վարեին, հետևեին Եկեղեցու կարգած բոլոր կանոններին, ապա այսպիսի խնդիրներ շատ քիչ կլինեին:

Հիսնակաց պահք եվ բուդդայական պահեցողություն

Տարվա մեջ պահքի երեք առանձին հիսուն օրերով` երեք հիսնյակներով, Եկեղեցին պատվում է երեք մեծ տոներ` Սուրբ Ծնունդը, Սուրբ Հարությունը և Պայծառակերպությունը` Վարդավառը: Առաջին հիսնյակը` Սուրբ Ծնունդին նախորդող Հիսնակաց պահքը, խորհրդանշում է նահապետների աստվածպաշտությունը մինչև Մովսես: Երկրորդ հիսնյակը` Մեծ Պահքի շրջանը, խորհրդանշում է մարգարեների աստվածպաշտությունը մինչև Հովհաննես Մկրտիչ, իսկ երրորդ հիսնյակը` Վարդավառին նախորդող հիսուն օրերը, խորհրդանշում է քրիստոնյաների աստվածպաշտությունը մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Ծննդյան հիսնյակը խորհրդանշում է նաև մեր այս կյանքից ելնելը և ծնվելը հոգևոր աշխարհում, Հարության հիսնյակը` մեր հարությունը, իսկ Վարդավառի հիսնյակը` պայծառ փառքով հավատացյալների երկինք վերանալը: Սուրբ Ծննդյան հիսնյակի մեջ մտնում են` Հիսնյակի շաբաթապահքը, վերջին շաբաթը` Ծննդյան շաբաթապահքը, և այդ միջակայքում գտնվող Սուրբ Հակոբի շաբաթապահքը:

Երկրորդ հիսնյակը Զատկին նախորդող Մեծ պահքի շրջանն է և կոչվում է «Աղուհացից»: Այս շրջանում և՛ աշխարհականներին, և՛ հոգևորականներին թելադրվում է պահել ամբողջ հիսնյակը: Իսկ երրորդ հիսնյակը Վարդավառին նախորդող հիսուն օրերն են, որոնցից այժմ միայն երեք շաբաթն ենք պահում` առաջին` Եղիական, միջին` Լուսավորչի և վերջին` Վարդավառի:

Մեծ տարբերություն կա մեր և այլ կրոնների պահեցողոթյան միջև: Օրինակ` բուդդայական պահքն իրականում ոչ թե պահեցողություն է, այլ բուսակերութուն: Բուդդայականության հետևորդներին միս ուտելն արգելված է այն պատճառով, որ ըստ բուդդայական ուսուցման` մարդիկ մեռնելուց հետո վերամարմնավորվում են այլ մարդկանց կամ կենդանիների մարմիններում, որի համար էլ միս ուտողն անզգուշաբար կարող է ուտել վերամարմնավորված իր նախնիներից մեկին: Սակայն բուդդայականությունն ուսուցանում է նաև, որ մահվանից հետո մարդը վերամարմնավորվում է նաև բույսերի մեջ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իր նախնիներից որևէ մեկը կանաչի չի դարձել: Եվ բնական է, որ այդ կրոնը չի զարգացնում այս տեսակետը, որովհետև այդ դեպքում բուդդայականներն արդեն ստիպված սովամահ պիտի լինեին:

Աստվածաշունչը, ընդհակառակը, արգելք չի դնում մսակերության համար` նշելով, որ միս ուտելը կարգել է Աստված (Ծննդ. 9.3): Թեև հիշատակություն չկա, թե Քրիստոս ինչ կերավ Կանայի հարսանիքի ժամանակ, սակայն միանգամայն հասկանալի է, որ օգտվել է հյուրասիրությունից, իսկ հարսանիքների ժամանակ հիմնականում մսեղեն կերակուրներ են լինում: Քրիստոս Ինքը պատվիրեց Վերջին Ընթրիքը պատրաստել, ըստ սովորության հրեական զատիկը` եգիպտական գերությունից ազատվելու հիշատակությունը տոնելու համար, որի հատուկ կերակուրը, աստվածային պատվերի համաձայն, գառան կամ ուլի միսն էր (Ելք 12.3-5): Նաև Քրիստոս Ինքն էր Իր մասին ասում, որ ուտում է և խմում, որի համար էլ իր մասին ասում են` ահա ուտող և խմող մարդ (Մատթ. 11.19): Պողոս առաքյալը ոչ միայն անընդունելի չի համարում միս ուտելը, այլ նույնիսկ թույլատրելի է համարում անգամ կուռքերին զոհաբերված միսը ճաշակելը` որպես պարզ ուտելիք, բայց պատվիրում է հրաժարվել դրանից, եթե նորադարձ քրիստոնյային գայթակղեցնելու վտանգ կա (Ա Կորնթ. 8.8-13): Քրիստոս ևս ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11), այսինքն` չար, վատ խոսքերը:

Մեր այսօրվա իրականության մեջ քրիստոնեական երկրներ են ներթափանցում արևելյան կրոններին հատուկ գաղափարներ, և նույնիսկ հեռուստատեսությամբ հայտարարություններ են լինում, թե բուդդայական կենցաղավարությունը, մեդիտացիան շատ օգտակար է, և այն կարող են կիրառել նաև քրիստոնյաները: Պողոս առաքյալն ասում է. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1.8): Հետևաբար, ըստ առաքյալի խոսքի, նզովյալ են բոլոր նրանք, ովքեր քրիստոնյաներին այլ հավատալիք կամ կրոն են ուսուցանում: Նաև առաքյալն ասում է, որ Աստված նախսահմանությամբ ընտրեց մեզ (Հռ. 8.28-30, Եփես. 1.12, Ա Թեսաղ. 5.9, Բ Տիմ. 1.9): Եվ մենք գոհություն պետք է հայտնենք Աստծուն, որ Իր նախախնամությամբ ծնվել ենք քրիստոնյա երկրում և պետք է արժևորենք մեզ տրված այդ պարգևը` իրապես հետևելով ուսուցումներին ճշմարիտ կրոնի, որն է քրիստոնեությունը:

Խմիչք և խնջույք

Տարբեր նշանակալի առիթներով տոնական սեղաններին լինում են ուտելիքներ, ինչպես նաև զովացուցիչ և ոգելից, զվարթացուցիչ խմիչքներ: Որոշ աղանդներ մոլորեցնում են իրենց միամիտ հետևորդներին` ասելով, թե դատապարտելի է սեղաններին խմիչքներ դնելը, իսկ ոմանք էլ ավելի ծայրահեղության գնալով` արգելում են անգամ տոնական որևէ առիթ նշելը: Սակայն այդպիսի սխալ ուսուցումները հիմնված չեն Աստվածաշնչի վրա: Քրիստոս Ինքը պատվիրեց առաքյալներին, որ զատկական ընթրիքը պատրաստեն (Մատթ. 26.19, Մարկ. 14.16, Ղուկ. 22.8, 13), և այդ ժամանակ, ըստ հինկտակարանյան պատվերի (Ելք 12.3-5), սեղանին կար պատրաստված գառ և խմիչք, որից օգտվեցին Քրիստոս և առաքյալները: Քրիստոս Իր ներկայությամբ պատվեց Կանայի հարսանիքը (Հովհ. 2.1-3)` դրանով ցույց տալով, որ դատապարտելի չէ և ընընդունելի է նման առիթներով խնջույքների կազմակերպումը: Քրիստոս կերավ ու նաև խմեց ոչ միայն Իր երկրային կյանքի ընթացքում, այլ նաև Իր Հարությունից հետո (Ղուկ. 24.42), որի մասին Գործք Առաքելոցում հաղորդում է Պետրոս առաքյալը. «Կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից Նրա hարություն առնելուց հետո» (10.41): Իսկ սեղանին խմիչք դնելը ևս կատարում ենք ըստ Աստվածաշնչի: Երբ Կանայի հարսանիքում խմիչքը պակասեց, Քրիստոս հրաշք գործեց` ջուրը գինի դարձրեց, որպեսզի հյուրասիրության նպատակով հյուրերի համար սեղանին խմիչք լինի (Հովհ. 2.1-11): Անշուշտ, այս ամենը նշելով` չպետք է մոռանանք, որ խիստ դատապարտելի է որկրամոլությունը, շվայտությունը, հարբեցողությունը:

Պահք և գուշակութուն

Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն: Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ: Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ: Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր: Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդների կողմից դիտվում է որպես գուշակություն: Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյաները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար: Մինչդեռ այսօրվա քրիստոնյաները հաճախ անգիտությամբ պահքին կամ տոներին կապում են նաև գուշակություններ, որոնց հետևելը վայել չէ քրիստոնյաներին: Կա սատանայապաշտության գիտակցական և ոչ գիտակցական ձև: Իրավամբ է արտահայտված այն տեսակետը, որ մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այստեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն:

Այդպիսին է նաև այսպես կոչված ժողովրդական որոշ բժիշկների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, նաև ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում են եկեղեցի` մկրտվելու, որովհետև, նրանց պնդումով, առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը: Ցավոք, այսպիսի դեպքեր նաև մեզ մոտ են լինում: Եվ պատահում է, որ մկրտության եկած ընտանիքի անդամները անկեղծորեն խոստովանում են, որ իրենց մկրտության է ուղարկել այսպես կոչված բժիշկը բուժման հաջորդ փուլին անցնելու համար: Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի է գայթակղել մկրտված մարդու, քան թե չմկրտվածին: Այսպիսին են նաև որոշ ժողովրդական կոչվող բուժման տարօրինակ միջոցներ, որոնք գործածելուց քրիստոնյաներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ:

Վերադառնանք աղաբլիթին: Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Աստծուն հավատարիմ մարդը գուշակության դիմեր` իմանալու համար իր ապագա կողակցին: Սակայն Իսահակի համար կին ընտրելու մեկնած Աբրահամի ծառան աղոթում է, որպեսզի Աստված իրեն հասկացնի, թե որն է այն աղջիկը, որին ինքը պիտի ընտրեր Իսահակի համար (Ծննդ. 24.12-14): Հետևաբար, եթե հետաքրքրված ենք այս հարցով, մենք կարող ենք աղոթել, սակայն, ըստ Աստվածաշնչի, ով որ գուշակություն է անում, պիղծ է Աստծո առաջ: Այս մասին հենց Աստված Ինքն է ասում իսրայելցիներին. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը ... կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, կանխագուշակումներ անի, ... ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. ... մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (Բ Օրինաց 18.10-14):

Չափավորություն

Որևէ բան լավ է դառնում արժանիքով, իսկ արժանիքը ոչնչից չի ստեղծվում, այլ` կարգավորությունից և չափից: Նույնպես մարդկային հոգին արժանիք է ձեռք բերում կարգավորության և չափավորության շնորհիվ, որոնք հաստատվում են մարդու մեջ պահքի միջոցով: Մենք միշտ խուսափում ենք զեխությունից և անմաքրությունից` մարմնական հիվանդություններից հեռու լինելու համար: Նույն կերպ պետք է խուսափենք հոգևոր անմաքրությունից` հոգևոր հիվանդությունների և վշտերի մեջ չընկնելու համար:

Մարդկային հասարակության զարգացման արգելքներից մեկը մարդկային վատթար սովորությունն է, որով մեծամասնությունը լսում է ոչ թե նրանց, ովքեր ավելի խելացի են, քան մյուսները, այլ ունկնդրում է նրանց, ովքեր ամենից բարձր են խոսում: Օրինակ` Եկեղեցին առ Աստված հավատքով առաքինի կյանքի պայմաններն է քարոզում, սակայն հեռուստատեսային ծրագրերը, շոուները, ֆիլմերը և նույնիսկ փողոցներում տեղադրված գովազդային հսկա պաստառները մեղսալի կյանքն են քարոզում: Դրանք տարբեր բովանդակություններ ունենալով` միևնույն ժամանակ մեկ ընդհանուր գաղափար են արտահայտում, որն է` հաճույք վայելիր, նույնիսկ եթե այն մեղսալի է: Իսկ քրիստոնեությունը հորդորում է հեռու լինել մեղավոր հաճույքներից` ապրելով օգտակար չափավորության և ողջախոհության մեջ:

Ասում են, որ Պլատոնի դպրոցի` Ակադեմիայի վերևում գրված էր. «Նա, ով երկրաչափություն չգիտի, թող ներս չմտնի»: Եվ նրանք, ովքեր երկրաչափություն գիտեին, մտնելով այդ դպրոցը` մեծ իմաստության հաճույքն էին վայելում: Նույն կերպ խորհրդանշական կերպով կարող ենք ասել, որ Երկնքի Արքայության դարպասների վերևում գրված է լինելու. «Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել իր կյանքում, չի կարող ներս մտնել»: Հունական իմաստուն ասացվածքն ասում է. «Չափը լավագույնն է» կամ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: Նույնիսկ երաժշտությունն իր հատուկ չափն ունի, որը կորցնելով` երաժշտությունը կորցնում է նաև իր ներդաշնակությունը` վերածվելով աղմուկի: Նույն կերպ հոգին այլաբանորեն ասված աղմուկի է վերածվում, եթե չունի չափավորություն և պահեցողություն:

Նայելու մասին

Փորձության մասին Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ փորձություն է համարվում նաև այն, երբ մարդու աչքը հանկարծակի մեղավոր բաներ է տեսնում, կամ ականջը մեղավոր բաներ լսում: Եվ ժամանակակից եկեղեցական հեղինակներից մեկն ասում է, որ մեր օրերում մարդը այս հանկարծակի փորձության մեջ է ընկնում` դիտելով հեռուստաֆիլմեր կամ այլ ներկայացումներ, որոնցում մեղավոր բաներ է տեսնում և մեղսալի խոսքեր լսում: Մեր հռչակավոր Կաթոսիկոսներից Սուրբ Ներսես Շնորհալին իր «Հաւատով խոստովանիմք» աղոթքներից մեկում խնդրում է Աստծո պահպանությունը իր աչքերին` չնայելու արատավոր, մեղսահարույց բաների, իր ականջներին` չլսելու չար խոսքեր:

Գիտենք, որ պահքը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարումը չէ, այլ նաև վատ սովորույթներից ու կրքերից հրաժարումը: Մարդկային վատ սովորույթներից մեկն է հետաքրքրության կամ հաճույքի համար սրա, նրա հագուստներին կամ տեսքին նայելը: Ոմանք ասում են` ի՞նչ կլինի, որ միայն նայեմ: Բայց քեզ վրա հուսալով` մեղքի մեջ կընկնես, կանայք և տղամարդիկ կտարվեն բամբասկոտությամբ կամ բղջախոհությամբ: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ինչպես երեխային, որն առանց վատ մտադրության դանակ է բռնել, պատժում ենք, որովհետև առանց վատ մտադրության իր արարքը հետո կարող է վնասի բերել, նույնպես և Տերը սահմանափակում դրեց նայելու մեջ: «Ով սիրում է գեղեցիկ դեմքեր,- ասում է Հովհան Ոսկեբերանը,- նա ինքն է ավելի շատ իր մեջ կրքի կրակ վառում և շուտով շնանում»: Իհարկե, նայելու մասին Ավետարանում միայն տղամարդուն ուղղված պատվեր կա (Մատթ. 5.28), սակայն Քրիստոս կնոջը պատվերներ չի տալիս, որովհետև սեռի տարբերություն չի դնում, քանի որ մարդը և կինը մի մարմին են, և պատվեր տալով գլխին` պատվեր է տալիս նաև ողջ մարմնին:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

17.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․