25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ սպանել էր ազատատոհմիկի եղբորը և, քանի որ չկարողացավ փախչել նրանց ձեռքից, ովքեր կամենում էին արյան վրեժխնդիր լինել, մեծ զղջմամբ խոստովանեց իր մեղքը և իրեն հանձնեց Աստծուն: Խելամտորեն վարվելով` Ավագ Ուրբաթ օրը հոժար կամքով ընդառաջ ելավ սպանվածի եղբորը: Եվ ընկնելով նրա ոտքերը, Իր պարանոցից չվան ու գոտի կախած` եղբորն սպանելու համար թողություն էր խնդրում և աղաչում, որ իրեն կյանք շնորհի Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի սիրո համար, Ով այդ օրը մեզ համար չարչարանք էր կրել: Իսկ նա, այսպիսի խոնարհություն տեսնելով, որ նրա մարդասիրությունն էր վեր հանում, գթաց, ինչպես վայել է ազնվական մարդուն, թողություն շնորհեց նրան, Քրիստոսի սիրո համար մահապատժից ազատեց և գրկելով համբուրեց նրան ու ասաց.
-Եղբա՛յր, գնա՛ խաղաղությամբ. Աստված քեզ թողություն է տվել երկնքում, ես էլ քեզ թողություն եմ տալիս երկրի վրա:
Արդ, լսի՛ր, թե հանուն Քրիստոսի սիրո արված այսպիսի վարմունքի համար Աստծուց ինչքա՜ն մեծ վարձք ընդունեց: Նույն գիշեր մեր Տեր Հիսուս Քրիստոս երազի մեջ երևաց նրան և ասաց.
-Որովհետև երեկ քո թշնամուն հանուն Իմ սիրո ներեցիր, իմացի՛ր, որ սպանված եղբորդ հոգին նույն ժամին երկնքի արքայությանն արժանացրի, նաև նրա հետ քո հորն էլ տարա լուսեղեն հարկերը, քեզ էլ ևս հրավիրում եմ, որ ութերորդ օրը թողնելով այս աշխարհի անձկությունը` վայելես հավիտենական փառքը:
Այդպես էլ եղավ, քանզի ութերորդ օրն իսպառ պատրաստված՝ խաղաղությամբ ի Քրիստոս հանգչեց:
Ահավասիկ, տե՛ս, թե ինչքա՛ն լավ է թշնամիներին ներելը. այստեղից հայտնի է, որ չներելու պարագային Աստծուց հեռանում ենք:
†††
Մի կին այնքան բարկասիրտ էր, որ հազիվ թե մեկը կարողանար նրա հետ միաբանվել, սակայն իրեն սուրբ և աղոթասեր էր կարծում, քանզի մարմինը պահքով ճնշում էր, երկար աղոթում և այլ բարեգործություններ էր անում: Բայց մի գլխավոր թերություն ուներ. եթե որևէ մեկի կողմից մի անգամ վիրավորանքի էր ենթարկվում, նրա հանդեպ երբեք սեր չէր ցուցաբերում: Այսպիսի բարկությունն ու վրեժխնդրությունը ոչ ոք չէր կարողանում նրանից հեռացնել:
Մի օր, երբ այս կինը մեծապես հիվանդացավ, խոստովանահայր խնդրեց և իր բոլոր մեղքերը խոստովանեց, բացի այս մեկից, որն ամենևին չհիշեց: Եվ երբ քահանան բացեց մասնատուփը, որ տերունական մարմինը ճաշակել տա, նա փակեց բերանը և երեսը դեպի պատը դարձրեց` ասելով.
-Ինչպես որ ես բազում անգամներ երեսս դարձնում էի ինձ վնաս պատճառողներից և երբեք սրտանց չէի ներում ու ամբողջապես սիրում նրանց, այլ միշտ բարկության մեջ էի և ուրիշներին էլ իմ բարկությամբ խռովեցնում էի, նույնպես և Աստված իր երեսը դարձրեց ինձնից. ո՛չ ինձ երբևէ մարդասիրապես կնայի, ո՛չ էլ Նրան երբևէ զվարթադեմ կտեսնեմ, այլ բարկացող բոլոր դևերի հետ կդատապարտվեմ և նրանց տանջանքներին մասնակից կլինեմ:
Հայելի վարուց