Հայր Պաիսիոսը կրկնում էր.
- Աստված հոգ է տանում մեր մասին: Նա գիտի, թե ինչի կարիք ունենք, ինչ ենք ցանկանում: Եվ եթե դա օգտակար է մեզ համար՝ տալիս է:
Երբ մենք հույսներս Աստծո վրա ենք դնում և մեզ Նրան վստահում, Նա հետևում է մեզ և հոգ տանում մեր մասին, և յուրաքանչյուրին տալիս այնքան, որքան անհրաժեշտ է:
Եկեք անտարբերությամբ չվերաբերվենք դրան, այլ ասենք. «Փա՜ռք քեզ, Տե՛ր»: Ամեն ինչի համար փառք տանք Աստծուն:
Եվ ծերը մի այսպիսի պատմություն պատմեց.
Աթոս լեռան վրա մի վանական էր ապրում: Մի անգամ նա որոշեց սարը բարձրանալ, որպեսզի Աստծուն աղոթի: Սկսեց զառիվեր արահետով վեր բարձրանալ, երբ հանկարծ մի մեծ սունկ տեսավ:
- Փա՜ռք քեզ, Տե՛ր Աստված,- մտածեց նա՝ մի փոքր կանգ առնելով, աղոթելով և շնորհակալություն հայտնելով Աստծուն՝ իրեն ուղարկած սնկի համար: Նա որոշեց ետդարձի ճանապարհին կտրել այն, որպեսզի ընթրի:
Սարի վրա աղոթելուց հետո սկսեց ցած իջնել: Արևն արդեն մայր էր մտնում, մնթշաղ էր: Վանականը հասավ Աստծո ուղարկած սնկին և տեսավ, որ նապաստակն այն կոխ էր տվել և մնացել էր միայն դրա կեսը:
- Փա՜ռք քեզ, Տե՛ր Աստված,- կրկին ասաց նա,- Նշանակում է կեսն էլ է ինձ բավարար:
Արդեն իր խցին էր հասնում, երբ մի սունկ էլ նկատեց ճանապարհին: Բայց կռանալով տեսավ, որ փտած է: Իսկ միգուցե նաև թունավոր էր: Վանականը կրկին գոհաբանություն հայտնեց Աստծուն, որ իրեն պահպանեց թունավորումից և արդեն իր խցում կես սնկով ընթրեց: Առավոտյան դուրս եկավ խցից և ի՜նչ հրաշք՝ նրա խցի ողջ շրջակայքում սպիտակ սնկեր էին աճել:
Տեսնո՞ւմ ես նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն և՛ ամբողջական սնկի համար, և՛ կեսի, և՛ փտածի: Ամեն ինչի համար երախտապարտ էր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի