Պետք չէ դևի հետ զրույցի բռնվել

- Հա՛յր, թեպետ Աստծու հետ հաղորդակցվելու կարիք եմ զգում, սակայն չեմ կարողանում աղոթել:

- Եթե Աստծու հետ հաղորդակցվելու կարիք ես զգում, ապա չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում աղոթել: Հավանաբար փորձություն է: Այն միշտ փորձում է մարդուն խանգարել աղոթել:

- Աղոթքի ժամանակ զանազան գործերի մասին մտքեր են հայտնվում, Հա՛յր:

- Ասա՛. «Դրա մասին հետո կմտածեմ…»,- և շարունակիր աղոթել:

- Հա՛յր, ցավալին այն է, որ այդ բոլոր մտքերն անլուրջ բաների մասին են:

- Հենց դրա համար էլ դրանք պետք է հետաձգել, որովհետև եթե աղոթքը թողնես ու դրանցով զբաղվես, ապա գայթակղությունը անլուրջ հարցերից լրջերին կանցնի, որպեսզի բոլորովին դադարես աղոթելուց: Պետք է քեզ տեղը դնես: Գիտե՞ս չէ, թե բանսարկուն ինչ է անում: Աշխարհայիններին աղտոտ մտքեր է տալիս, և նրանք դա միանգամից հասկանում են: Իսկ հոգևոր մարդկանց մտքին զանազան անհեթեթություններ է բերում, և նրանք դա չեն հասկանում: Եվ դա ավելի վտանգավոր է, քանի որ նրանք կարծում են, թե առաջընթաց են ապրում, քանի որ աղտոտ մտքեր չունեն, ուստի նույնիսկ խոնարհություն ձեռք չեն բերում: Նրանց միտքն այս ու այն կողմ է թափառում, իսկ սիրտը մնում է քարացած:

- Հա՛յր, երբեմն աղոթքի ժամանակ որևէ խնդրի լուծում է գալիս միտքս, իսկ հետո պարզվում է, որ այն սխալ է:

- Չարը խորամանկ է: Նա գիտի, որ եթե աղոթքի ժամանակ անմաքուր միտք տա քեզ, ապա դու կսկսես այն քեզնից հեռու վանել: Դրա համար էլ խնդիրների լուծում է առաջարկում, իսկ դու ասում ես. «Քանի որ այս միտքն աղոթքի պահին եկավ, նշանակում է վերից է տրվել»: Եթե դևը քեզ բարին ցանկանար, ապա այդ մտքերն ուրիշ ժամանակ կուղարկեր քեզ, այլ ոչ թե աղոթքի պահին: Թե չէ հայտնվում է «միջնորդն» ու զրույցի բռնվում քեզ հետ: Իսկ դու մի՛ արձագանքիր: Ասա՛ նրան. «Շնորհակալ ենք հոգատարության համար, սակայն ձեր ծառայությունների կարիքը չենք զգում»: Նրա խնդիրը հոգևոր մարդուն «հոգևոր» մտքերով թյուրիմացության մեջ գցելն է, և այդժամ, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «….նրա աղոթքը մեղք թող համարվի» (Սղմ. 108:7):

- Հա՛յր, աղոթելիս պիղծ մտքեր են ծագում գլխումս կամ պիղծ կերպարներ հայտնվում:

- Չարի ձեռքի գործն է, որպեսզի շփոթեցնի քեզ: Հատկապես, երբ ֆիզիկապես հոգնած ես կամ ավելի շատ, երբ քնելու համար բավարար ժամանակ չկա, սատանան պահը որսում է, երբ քնի ու արթնության միջև ես գտնվում, և պիղծ կերպարներ է քեզ հրամցնում, որպեսզի հետո ասի, թե դրանք քոնն են և դրանով հուսահատության մատնի քեզ: Նշանակություն մի՛ տուր: Կրկնի՛ր. «Տե՛ր, ողորմի՛ր», մտածի՛ր Քրիստոսի, Աստվածածնի, հրեշտակների մասին, որպեսզի աղոթքի վրա կենտրոնանաս: Դա քո պատասխան զորաշարժը կլինի դևի դավերին:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

27.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․