Սուրբ Գիրքը սովորեցնում է, թէ բազմազաւակութիւնը ծնողների համար Աստծու օրհնութիւնն է: «Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի: Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս էլ որդիներն են անկեալների: Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից, երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի, նա ամօթով չի մնայ» (Սաղմ. 126, 4-5): Երանելի Դաւիթն ասում է. «Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից եւ ընթանում նրա ճանապարհներով: Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար: Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջ: Ահա այսպէ՜ս պիտի օրհնուի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից: Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնից կեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի: Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին» (Սաղմ. 127, 4-7): Իսկ Սողոմոն իմաստունն ասում է. «Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են» (Առակ. 17, 6): Հին Կտակարանում որդեծնութեան օրհնութիւնն այնքան բարձր էր գնահատւում, որ չբերութիւնը մեծ դժբախտութիւն էր համարւում եւ համընդհանուր նախատինք էր բերում անզաւակ ամոլներին (տե՛ս Ծննդ. 16, 2: 30, 1: Ա. Թագ. 1, 6: Ես. 47, 9: Օսէէ 9, 14: Ղուկ. 1, 25): Սակայն ոչ բոլորն են գնահատում որդեծնութեան աստուածային այս օրհնութիւնը: Կան մայրեր ու հայրեր, ովքեր ոչ միայն շնորհակալ չեն Տիրոջը, որ իրենց երեխաներ ու թոռնիկներ է պարգեւել, այլ երբեմն տրտնջալով՝ իրենց դժգոհութիւնն են յայտնում Աստծուն՝ հառաչելով այն բանի համար, որ շատ երեխաներ ունեն, եւ իրենց վրդովմունքն ու դժգոհութիւնը թափում են իրենց երեխաների վրայ: Եւ այսպիսի դժգոհ ծնողները հիմնականում պատահում են աղքատ մարդկանց մէջ, որոնց համար ուժերից վեր է ապահովել մեծ ընտանիքը, երեխաներին տալ պատշաճ նիւթական ապահովուածութիւն եւ յաջողակ ապագայ կերտելու հնարաւորութիւն:
Բազմազաւակութեան համար Աստծու դէմ տրտնջալը մեծագոյն մեղք է: Դժգոհելով ու յուսախաբուելով բազմազաւակութիւնից՝ ծնողները վիրաւորում են Աստծուն՝ չգնահատելով Նրա օրհնութիւնները, ողորմածութիւնն ու գթութիւնը: Բողոքելով ու սրտնեղելով՝ նրանք նաեւ խիստ անարդար են գտնւում իրենց երեխաների նկատմամբ: Արդեօք մեղաւո՞ր են մանուկները, որ լոյս աշխարհ են գալիս: Ի՞նչ լաւ բան կարելի է ակնկալել մանուկներից, ովքեր չհասկանալով իրենց մեղքը, միայն լսում են մեղադրանքներ ու հայհոյանք, տեսնում անտարբերութիւն ու չարակամութիւն: Բազմազաւակութեան համար տրտնջալով, վիրաւորելով ու բարոյապէս վնասելով մանուկներին՝ դժգոհ ծնողները շատ անզգոյշ են գտնւում իրենք իրենց նկատմամբ: Նա, որ «ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն» (Սաղ. 146, 9) երբէք չի թողնի առանց խնամքի Իր ողջամիտ արարածներին, եթէ միայն Նրան դիմենք աղօթքով: Տէրը, որ շատ երեխաներ է պարգեւում ծնողներին, տալիս է նաեւ կենսամիջոց ու սնունդ՝ պահպանելով նրանց բարեկեցութիւնը, եթէ միայն ծնողները փնտռում են Նրա օգնութիւնը: Խնամատար բազմազաւակ ծնողները, օգտուելով իրենց երեխաների սիրուց, չեն կարող չսփոփուել այն յոյսով, որ երբ ի վերջոյ ծերութեան ժամանակը գայ, երեխաների մէջ կը գտնեն իրենց հոգատար խնամակալներին: Բացի այս նիւթական նպաստից՝ ծնողներն իրենց երեխաներից արդարացիօրէն կարող են ակնկալել նաեւ հոգեւոր բարիքներ: Որքան շատ են երեխաները, այնքան շատ են Աստծու առաջ իրենց աղօթարարները: Սուրբ Գիրքը նշում է, թէ կինը որդեծնութեան համար է ապրում եւ որդեծնութեամբ է փրկւում: Ո՞ր դէպքում. եթէ ինքն ու իր երեխաները պարկեշտութեամբ մնան հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ (տե՛ս Ա. Տիմ. 2, 15): Բաւական տարօրինակ կը լինէր, եթէ «որդեծնութիւն» բառը հասկացուի որպէս պարզ «բազմացում», քանի որ այդ դէպքում ստացւում է, թէ փրկարար է նաեւ որեւէ հեթանոսական բազմացումը, որ հիմնուած է միայն սերնդագործութեան շարունակականութեան վրայ: Թէեւ, իհարկէ, բազմազաւակութիւնը լաւ է, բայց տեսնել այն որպէս կնոջ փրկութեան միակ հնարաւոր եւ անհրաժեշտ հոգեւոր գործօնը, ոչ միայն սխալ է, այլ նոյնիսկ վտանգաւոր: Ի վերջոյ, բոլոր մարդիկ էլ տարբեր են, եւ մարդկային հնարաւորութիւնները շատ սահմանափակ են. ոմանց համար բազմազաւակութիւնն իրօք իրագործելի է, իսկ ուրիշների համար գերծանրաբեռնուածութիւն է ու բոլորովին անհնարին: Բազմազաւակութիւնը լաւ է, երբ այն իմաստաւորուած է, երբ լցուած է ծնողական սիրով ու միեւնոյն ժամանակ հոգեւոր եւ ֆիզիկական ուժով ու կարողութեամբ: Բայց ցաւօք, պատահում է, որ բազմազաւակ ընտանիքներում երեխաները զրկուած են լինում ծնողական լիարժէք հարկաւոր սիրուց, հոգատարութիւնից եւ ուշադրութիւնից: Եւ յաճախ սա ոչ թէ այն պատճառով է, որ ծնողները վատն են, այլ պարզապէս նրանց ուժերն ու կարողութիւնները բաւարար չեն: Ուրեմն, ի՞նչ նկատի ունէր Պօղոս առաքեալը, երբ ասում էր, թէ կինը փրկւում է որդեծնութեամբ: Նա ասում է, թէ այդ կինը, որպէս քրիստոնեայ մայր, պէտք է հնարաւորինս մեծ ուժ ու խնամք ներդնի իր երեխաների հոգեւոր դաստիարակութեան մէջ։ Անկախ նրանից՝ մէ՞կ զաւակ ունի, թէ շատ, նա պատասխանատու է նրանց համար Աստծու առաջ ու պէտք է նրանց պարգեւի իր մայրական սիրոյ ողջ լիութիւնը պարգեւի: Բայց ինչպէ՞ս է այդ դէպքում փրկւում ամուլ եւ անզաւակ կինը: Նա փրկւում է Քրիստոսին հետեւելով, Նրա պատուիրանները, ամէնից առաջ սիրոյ պատուիրանը կատարելով. ճիշդ այնպէս, ինչպէս փրկւում է տղամարդը: Բայց ոմանք սխալ են մեկնաբանում Պօղոս առաքեալի խօսքը (Ա. Տիմ. 2, 15)՝ կարծելով, թէ կանայք դեռ պէտք է պարտադիր ծննդաբերեն: Սա անհեթեթութիւն է եւ երբէք չի կարող մեկնաբանուել այն իմաստով, թէ կինը պէտք է բացառապէս «վերարտադրողական մեքենայ» լինի, եւ իբր սրանում է Աստծու առաջ իր հիմնական վաստակը: Այնպէս որ բազմազաւակ ընտանիքների մայրերը պէտք չէ տրտնջան, այլ ընդհակառակը՝ ուրախանան ու շնորհակալութիւն յայտնեն Տիրոջը, որ որդեծնութեամբ իրենց հնարաւորութիւն է տրուած հասնելու անձնական փրկութեանը, քանի որ մանուկներին առաջնորդելով դէպի ճշմարիտ հաւատ եւ յաւիտենական փրկութիւն՝ նրանց միջոցով նախապատրաստում են իրենց փրկութիւնը: Հետեւաբար, որդեծնութիւնն ու մանուկների դաստիարակութիւնը սխրագործ արարքներ են, որոնք տանում են փրկութեան: Ծնողական սիրով եւ անձնազոհութեամբ, ինչպէս նաեւ մեր զաւակների աղօթքներով մարդասէր Տէրն Իր շնորհով եւ ողորմութեամբ մեր մեղքերին թողութիւն կը պարգեւի:
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից