Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում, Օբեդի որդին, Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե առյուծը կամ արջը ոչխար էին տանում նրա հոտից, ապա հեշտությամբ հասնում էր գազանի ետևից, ազատում կենդանուն նրա երախից ու սպանում նրան (Ա Թագ. 17:34-35): Այսպիսով, մեր Դավիթն իր ձյունաճերմակ հոտի իրապես բարի ու հավատարիմ հովիվն էր: Եվ իր հորն էլ պատվում էր՝ Աստծո կամքի համաձայն:
Նա հաճախ էր քնում դաշտում՝ երկրային լայն անկողնում, աստղալից երկնքի արծաթանախշ ծածկոցի տակ: Սակայն այն, ինչ հիմա քեզ կպատմեմ, ոչ թե դաշտում է տեղի ունեցել, այլ՝ բեթղեհեմյան մի քարանձավում:
Ամառային մի տոթ օր էր: Դավթի ոչխարները պառկել էին ձիթենիների հովանու ներքո: Արևն անխնա այրում էր, և ոչխարները մայում էին ծարավից: Դավիթն էլ էր ծարավել, ուստի մտավ քարանձավներից մեկը, որպեսզի պատսպարվի տապից ու հանգստանա: Այդ քարանձավներում ամռանը զով է լինում, իսկ ձմռանը՝ տաք: Երիտասարդ հովիվը քարանձավ մտավ, նստեց մի քարի, սակայն քունը տարավ ու գետնին պառկելով՝ քնեց: Սակայն դա երկար չտևեց. Դավիթը երազում ինչ-որ սառը բան զգաց իր մարմնին, ցնցվեց ու արթնացավ: Աչքերը բացելով՝ տեսավ, որ մի գարշելի օձ է պառկել իր կրծքին ու փաթաթվել ձեռքերի շուրջ: Օձն իր տափակ գլուխը բարձրացրեց Դավթի դեմքի մոտ ու անթարթ, չարությունից այրվող աչքերով սկսեց նրան նայել: Դավիթը սարսափից քարացավ: Պահը հուսահատական էր, կարծես թե այլևս փրկություն չկար: Բավական էր շարժվեր միայն և օձը կխայթեր նրան՝ ողջ թույնը նրա արյան մեջ տարածելով: Որքա՜ն հեշտ էր մռնչացող առյուծի կամ ահարկու արջի հետ կռվել, բայց ոչ այս լպրծուն սողունի:
Ի՞նչ անել: Եվ Դավիթը հանկարծ հիշեց դժվարությունների մեջ իր անփոխարինելի օգնականին, իր Տիրոջը և ցավով ու արցունքով լի սրտով Տեր Աստծուն խնդրեց. «Տե՛ր իմ, մի՛ լքիր ինձ: Շտապի՛ր ինձ օգնության հասնել, ի՛մ Փրկիչ»: Դեռ նոր էր արտասանել այս խոսքերը, երբ մի արտասովոր լույս փայլեց քարանձավի անկյունում: Լույսը շրջանի տեսք ուներ և մարդու հասակի էր հասնում: Դավիթն այդ լույսի կենտրոնում մի սքանչելի Պարմանուհու տեսավ՝ քնքուշ ու լուրջ դեմքով: Նա նստեց՝ գլուխը քիչ թեքելով դեպի իր գրկի Մանկիկը: Հեսսեի որդին երբևէ այդքան գեղեցիկ Մանուկ չէր տեսել: Հանկարծ Երեխան ուղղվեց Մոր գրկում և կայծակնափայլ աչքերով օձին նայեց: Նա մատով ցույց տվեց քարանձավի մուտքը՝ կարծես հրամայելով նրան անհետանալ: Դավիթը տեղից վեր թռավ ու երեսնիվայր ընկավ Պարմանուհու և շողացող Մանկան առջև: Նա ցանկացավ շնորհակալություն հայտնել անսպասելի փրկության համար, գլուխը բարձրացրեց, սակայն ոչ ոքի չտեսավ: Դրանից հետո ողջ քարայրն ինչ-որ զարմանալի անուշահոտությամբ լցվեց, որ ամենաթանկ խնկի բույրն էր հիշեցնում:
Դավիթը, մինչև իր կյանքի վերջը, չէր կարողանում մոռանալ այդ հրաշալի տեսիլքը: Նա, Տիրոջ միջոցով հովվությունից արքայական գահին բարձրացված, միշտ հիշում էր այդ հրաշքի մասին: Երբ արդեն թագավոր էր, աստվածային ներշնչանքով, սաղմոսները գրեց՝ նվիրված մարդկանց որդիներից Ամենագեղեցիկին և ոսկեհուռ զգեստներով զարդարված Թագուհուն (Սղմ. 44:3, 10): Եվ իր երուսաղեմյան ամրոցի բարձր աշտարակում նստած՝ տավիղ էր նվագում ու երգում այդ երգերը:
Իսկ դո՛ւ, փոքրի՛կ, արագ գուշակիր. դա ի՞նչ քարանձավ է, ի՞նչ է նշանակում սարսափելի օձը, ո՞վ է այդ Պարմանուհին, ո՞վ է Մանկիկը: Ես էլ քեզ ուրախալի ողջույնով կհուշեմ. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի