25 Նոյեմբեր, Բշ
Թագավորը մի փորձություն մտածեց, որպեսզի փեսացուների միջից արժանի ամուսին ընտրի իր սիրելի դստեր համար: Պալատի դիմաց, որտեղ ապրում էր արքայադուստրը, մի տեղ հատկացրեցին, որը լցրեցին ոսկուց, արծաթից ու մարգարիտներից պատրաստված զանազան թանկարժեք իրերով: Հերթով փեսացուներին այնտեղ էին հրավիրում ու հայտարարում, որ կարող էին վերցնել այն ամենն ինչ ուզում էին, բայց դրանից հետո այլևս չեն տեսնի թագավորական դստերը:
Եվ ավաղ: Աղջիկը մեն-մենակ նստած էր իր գեղեցիկ ապարանքում: Ոչ ոք չկարողացավ անտարբեր անցնել թանկարժեք նվերների կողքով՝ չգայթակղվելով որևէ բան վերցնելու ցանկությամբ:
Մի անգամ, մի վայելչակազմ արքայազն եկավ, ում նույնպես բերեցին այդ սենյակն ու առաջարկեցին որևէ իր վերցնել:
- Ինձ ոչինչ հարկավոր չէ,- ասաց արքայորդին,- միայն ուզում եմ արքայադստերը տեսնել:
Պալատականները ցույց տվեցին, թե ինչպես գնալ նրա մոտ: Բայց հանկարծ արքայազնը մի շատ սուր ու հազվագյուտ թուր տեսավ: Նա չդիմացավ ու ձեռքն առավ այն:
- Եվ այսպիսով, Ձերդ Գերազանցություն, այժմ կարող եք տուն վերադառնալ առանց հարսնացուի,- հայտարարեցին նրան պալատականները:
- Ամենևին ո՛չ,- բացականչեց երիտասարդը,- այժմ ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ այս սրով:
Նա առաջ գնաց ու մտավ այն դահլիճն, ուր արքայադուստրն էր նստած: Այդպիսի խիզախությունից զարմացած՝ թագավորը չհամարձակվեց մերժել նրան: Եվ արքայադուստրը դարձավ քաջ արքայազնի կինը:
«Ով ասում է, թե ինքը Նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ Նա էր ընթանում» (Ա Հովհ. 2:6)։
(«Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ մարդիկ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում. և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12) խմբ.):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի