Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Եթե մարդը, Աստծո թույլտվությամբ, փորձության մեջ ընկնի՝ հոգու օգտի համար, ի՞նչ պետք է անի իր` փորձությունից գայթակղվելու համար»: Ծերը նրան ասաց. «Եթե ապաշխարի և ապաշխարության մեջ գոհացնի Աստծուն և ասի, թե` ճշմարտապես խոնարհվեցի, Աստված կարող է գայթակղվածին վերստին հաստատել»: Եվ ծերը հետևյալը պատմեց. «Եգիպտոսում՝ միաբանության մեջ, մի անվանի սարկավագ կար: Մի քաղաքապետ, իշխանից հալածվելով, իր ընտանիքով ապաստանեց միաբանությունում, և այն սարկավագը շնացավ նրա կնոջ հետ, որը մեծ խայտառակություն և ամոթ եղավ ողջ միաբանությանը: Գիտակցելով իր արարքի ողջ անօրենությունը՝ սարկավագը գնաց իր մի մտերիմի մոտ, պատմեց նրան եղելությունը և աղաչեց՝ թաքցնել իրեն, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ինքն ուր է: Այդ մտերիմի տանը թաքստոցներ կային, և նա նրան ասաց. «Կենդանի թաղի՛ր ինձ այստեղ»: Եվ իջնելով այդ խավար գբի մեջ՝ Աստծո առաջ ապաշխարեց ողջ սրտով ու ճշմարտությամբ: Բավական ժամանակ անցավ, բայց Նեղոս գետը չվարարեց: Բոլորն ուխտի և աղոթքների մեջ էին դրա համար, իսկ այդ ընթացքում մի սրբի հայտնություն եկավ Տիրոջից և ասաց. «Եթե չգա այն սարկավագը, որ թաքնված է այսինչ տանը, ջուրը չի վարարի»: Եվ մարդիկ, այս լսելով, ապշեցին, եկան հանեցին սարկավագին իր թաքստոցից, նա աղոթք արեց, և գետի ջուրը վարարեց: Եվ նրանք, ովքեր երբևէ պարսավել էին նրան, այժմ առավել ևս օգուտ քաղեցին փառավորեցին Աստծուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016