Ոմն ծեր ելավ եղբայրներին տեսնելու: Այս ծերը կույս էր և ամենևին տեղյակ չէր, որ մարդկանց մեջ պոռնկություն կա: Մինչ նա նստած էր իր խցում, դևերն սկսեցին նրա մեջ պոռնկական խորհուրդների պատերազմ հարուցել, և նա, շուրջը հայելով, տեսնում էր դևերին՝ չորս կողմից շրջապատած իրեն սև եթովպիացիների տեսքով: Եվ նրա դեմ պատերազմ էին հարուցում և ախտեր էին բորբոքում, իսկ նա ասում էր. «Այս անդամն ունի մարդը՝ ինչպես օրինակ՝ որևէ աման ունի փողանցք, որով ջուր է բաց թողնում, կամ խողովակ, որի միջոցով տանիքի ջուրն է թափվում. ա՛յս նշանակությունն ունի մարմնի այդ անդամը»: Այդ պահին ձեղունից քար ընկավ նրա առջև, և նա ձայն լսեց, որ ասում էր. «Ի՜նչ հեշտալի է»: Այդ ձայնից ծերը ցանկություն զգաց իր մարմնի մեջ: Եվ երբ նահանջեցին ցանկական խորհուրդները, վեր կացավ և գնաց մի ծերի մոտ և պատմեց այդ ամենը: Ծերն ասաց. «Չգիտեմ, թե ինչ բան է այդ»: Ապա գնաց մեկ ուրիշի մոտ, որը նույնպես ասաց, թե չգիտի, թե դա ինչ բան է, և նրան ուղարկեց հայր Պիմենի մոտ, որին էլ նա պատմեց կատարվածը: Պիմենն ասաց. «Տեսա՞ր դևերին. այն քարը, որ ընկավ, բանսարկուն է, ձայնը, որ լսեցիր, ցանկությունն է: Նայի՛ր քո հոգու մեջ և պաղատի՛ր Տիրոջը, որպեսզի քեզ օգնի, և քեզնից հեռանա այդ պատերազմը»: Եվ նրան սովորեցրեց պայքարել դևերի դեմ, աղոթք արեց և արձակեց նրան: Եվ նա, վերադառնալով իր խուցը, օրնիբուն պայքարեց` պաղատելով առ Աստված: Տերը լսեց նրան և այնպիսի առաջադիմություն շնորհեց նրան, որ երբ նա վախճանվում էր, ընդառաջ եկավ նրան և հայտնեց, որ նրա հոգին բարի է:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016