23 Նոյեմբեր, Շբ
Աբբա Եղիա Բանիկտացին պատմեց մեզ և ասաց. «Մի անգամ նստած էի սուրբ Հորդանանի` ներքինիների վանքին մերձակա այրերից մեկում: Օգոստոս ամսվա սաստիկ խորշակահար և տոթակեզ մի օր՝ ժամը իննին, մեկը բախեց իմ այրի դուռը. ելա, տեսա` կին է, և ասացի նրան. «Ի՞նչ խնդիր ունես այստեղ»: Նա ասաց. «Ես, Տե՛ր աբբա, ճգնելու համար եկա այս անապատ և քո այրի նման փոքրիկ մի այր ունեի»: Ցույց տվեց ինձ դեպի հարավի կողմը և ասաց. «Երբ գալիս էի այս անապատով, խորշակի խստությունից ծարավեցի. բարի՛ եղիր, հա՛յր, մի քիչ ջո՛ւր տուր ինձ»: Մատուցեցի նրան բաժակը, վերցրեց, ըմպեց և արձակեցի նրան: Նրա գնալուց հետո դևն սկսեց մարտնչել ինձ հետ և գցել պոռնկական մտածումների մեջ, տիրեց ինձ, և չկարողացա հեռացնել տապը: Վերցրի գավազանը և այդ խորշակին, որ քարերն անգամ կիզում էր, դուրս եկա այրից և գնացի իմ ցանկությունը կատարելու: Եվ երբ գնացի մի մղոնի չափ` ցանկությունից շնչահեղձ, տեսիլքի մեջ ընկա և տեսա՝ երկիրը պատռված, որ կամենում էր կլանել ինձ, և տեսա այնտեղ ընկած մեռելների հերձված մարմիններ` յուրաքանչյուրը զազրելի գարշություններով լցված: Ոմն բարեվայելուչ քահանա ինձ ցույց տվեց այդ խորխորատների բնակատեղերը և ասաց. «Սա կանանցն է, սա՝ տղամարդկանցը, սա՝ երիտասարդներինը. վերցրո՛ւ դրանցից, որքան կամենաս` քո այդ զազիր ցանկությունը կատարելու համար: Տե՛ս, որքա՜ն վաստակ ես կամենում կորցնել, որովհետև հեշտանքի համար ուզում ես զրկվե՞լ Երկնքի Արքայությունից և ընկնել մարդկայինի մե՞ջ. մի պահի համար այդքան վաստակդ կամենում ես քամուն տա՞լ»: Եվ ես ահռելի վշտից երեսնիվայր գետնին ընկա: Եկավ ինձ մոտ այն սքանչելի քահանան, կանգնեցրեց ինձ, և մարտը դադարեց: Ետ դարձա և գոհացա Աստծուց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016