25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի հավատացյալ զավակներ,
Բնաբանիս այս խոսքերը խնդրանք է, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս սովորեցրեց մեզ, դիմելով մեր երկնավոր Հորը: Աստվածային արարչագործությունը զուգորդվում է սիրով եւ բարությամբ ու այս շնորհները իրենց անսպառ էությամբ մշտապես առկա են մարդու կյանքում:
Այսուհանդերձ մարդը երբեմն կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ հեռանում է Աստծո բարիքներից ու սիրուց: Աստված Սեր է, Աստծո Սերը կյանք դարձավ Քրիստոսի մարդեղությամբ: Աստված աշխարհ եկավ, որպեսզի մեզ փրկի, հեռու պահի չարից ու մեղքից: Աստծո Որդին մարդկային Իր նմանությամբ մարդուն առաջնորդում է դեպի աստվածային նմանությանը: Քրիստոսի առաքելությունը, այս աշխարհի վրա, բացարձակ սեր է, նվիրում եւ ուշադրություն մարդու հանդեպ: Եւ ահա Աստվածային այս գորովագութ սիրո եւ անձանձիր ուշադրության ներքո ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր զանց են առնում Աստծո Սերը, եւ իրենց կյանքը լցնում են բազում ունայնությամբ, ժամանակավոր ու անցողիկ արժեքներով՝ կարծելով կամ հույս փայփայելով, որ նմանօրինակ կյանքն է, որ իրենց կպարգեւի երջանկության զգացում: Աշխարհիկի աշխարհային հրապուրանքները իրենց գրավչությամբ հմայիչ են թվում եւ մարդը գայթում, սայթաքում է այն ուղղուց, որն իր համար նախասահմանել էր Աստված: Աստծո փրկագործ կամքին հակառակ են նրանք, ովքեր գայթակղության առիթ ու պատճառ են դառնում իրենց նմանների համար: Հիշե՛նք, սիրելիներ, որ առաջին գայթակղիչը, գայթակղության պատճառը սատանան ինքն էր, բայց գայթակղվողը մարդը իր ազատ կամքով:
Քրիստոս ասում է. <<Վայ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կնգնեն >> (Ղուկ 17:1) եւ շարունակելով Իր խոսքը մեր Տերը ավելացնում է. <<Ավելի լավ կլիներ, ար նրա վզից մի երկանաքար անցկացնեին ու նրան ծովը գցեն , քան թե նա այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ>> (Ղուկ. 17: 2):
Տիրոջ անվան համար կատարված ամեն մի գործ Նրա օրհնությանն է արժանանում, իսկ այն գործը, արարքը, որը գայթակղության առիթ ու պատճառ է լինում, անընդունելի է Տիրոջ կողմից: Մեզանից յուրաքանչյուրը ապրում է հավիտենական կյանքի ժառանգորդը լինելու հույսով ու այդ հույսի ճանապարհին մեր համար կարեւոր է, որ ոչ միայն գայթակղության պատճառ չդառնանք, այլ նաեւ չգայթակղվենք: Երբեմն մարդիկ գայթակղվում են պատեհության հնարավորություններով, եւ ընկնում են փորձությունների ու դժվարությունների մեջ, քանի որ ճշմարիտ կերպով չեն կարողանում գնահատել իրողությունն ու իրավիճակը: Երբեմն էլ մարդիկ գայթակղվում են, քանի որ զորեղ չեն իրենց հավատքի մեջ: Աստված մարդուն տվել է ժամանակ եւ հնարավորություն իր հավատքի մեջ զորանալու: Ժամանակ, որ Աստվածապարգեւ է: Մեր խոսքի մեջ մենք հաճախ օգտագործում ենք <<վաղը>>, <<երեկ>>, <<այսօր>> բառերը. բառեր, որ մեզ հուշում են մեր անցյալի, ներկայի եւ ապագայի մասին եւ մեր մտքի հորիզոնի առջեւ բացվում է Աստծո անսահմանությունը, Նրա բարությունը, ու Աստվածային այդ բարության զգացումով է, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս աղոթելով ասում էր. <<Փրկիր մեզ չարից…>>: Որտեղ Աստված կա այնտեղ ի՞նչ գործ ունի չարը, Որտեղ հավատք ու նվիրում կա, այնտեղ ի՞նչ գործ ունի գայթակղությունը: Ուրեմն, սիրելիներ, մաքրենք մեր սրտերը եւ հոգիները մեղքի աղտից, որպեսզի Իր խոսքի համաձայն Աստված գա եւ բնակվի մեր մեջ: Հիշենք մեր Փրկչի խոսքը որն ասում է՝ եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ կտրիր այն, եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է հանիր այն, ավելի լավ է մեզ համար մի ձեռքով, կամ մի աչքով երկնքի արքայություն մտնենք, քան թե ողջանդամ դժոխքը ժառանգենք: Ճշմարիտ քրիստոնյան հեռու է չարից եւ չարագործությունից: Յուրաքանչյուր ոք իր անձի փրկության պատասխանատուն է, իր քրիստոնեական առաքինության մեջ սկզբունք ունենալով աստվածային պատվիրանները: Քրիստոսին հետեւելով եւ քրիստոնեական առաքինությունների մեջ մնալով մարդը բարիք է գործում: Պողոս առաքյալը ասում է. <<Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում եւ ոչ թե մարդկանցհամար: Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին ենք ծառայում, Իսկ անիրավը պիտի պաըժվի ըստ իր անիրավության, քանի որ Աստծո առաջ աչառություն չկա>> (Կող. 3: 23-25): Քրիստոնյա մարդը բարությամբ է հաղթում չարին: Չարը ինքնին գոյություն չունի, այլ այն բարու բացակայությունն է եւ մենք մեր բարությամբ չեզոքացնում եւ վոչնչացնում ենք չարը: եւ մեր բարությամն մեջ հարատեւելու համար հարկ է, որ Աստուծով մշտապես նորոգվենք: Նայեք այս կանթեղների բոցերին, գեղեցիկ է չէ՞, լույսի, խաղաղության, ջերմության խորհուրդն ունեն եւ իրապես գեղեցիկ են ու այդ գեղցկությունը պարգեւվում են մեզ ամենօրյա նորոգմամբ, այդպես էլ մենք, սիրելիներ, ամենօրյա հոգեւոր նորոգումով լույս եւ ջերմություն դառնանք մեր շրջապատի համար: Քրիստոսի օրինակով մենք էլ աղոթենք ու ասենք՝ Հայր փրկիր մեզ չարից այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան