Գրքեր

Փրկություն չկա Եկեղեցուց դուրս

- Եկեղեցին անսկիզբ է, անվախճան, հավերժ,- հաճախ ասում էր հայր Պորֆիրիոսը,- ինչպես Ո՞վ։ Իհարկե, ինչպես նրա Հիմնադիրը՝ Ամենասուրբ Երրորդությունը՝ անսկիզբ, անվերջ ու հավերժ։ Եկեղեցին անստեղծ է, ինչպես և Աստված։ Այն գոյություն է ունեցել ժամանակներից էլ առաջ, հրեշտակներից առաջ, աշխարհի արարումից առաջ։ «Նախքան աշխարհի արարումը» (Եփես․ 1։4), ասում է Պողոս առաքյալը։

Դա աստվածային սահմանում է։ Եկեղեցու «մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես» (Կող․ 2։9)։ Դա Աստծու բազմակերպ բարձրագույն իմաստության արտահայտությունն է։ Դա խորհուրդների խորհուրդն է։ Այն ծածուկ էր և երևան հանվեց «ժամանակների վախճանին» (Ա Պետ․ 1։20)։ Եկեղեցին անսասան է, քանի որ արմատավորված է Աստծու սիրո և գերիմաստության նախասահմանման վրա։

Հավերժական եկեղեցին կազմում են Սուրբ Երրորդության երեք Անձերը։ Սուրբ Երրորդության մտքում ու սիրո մեջ ամենասկզբից կային և՛ հրեշտակները, և՛ մարդիկ։ Մենք՝ մարդիկս, հիմա չենք ծնվել։ Աստծու ամենատեսության մեջ մենք գոյություն ունեինք ժամանակներից առաջ։

Աստծու սերը արարեց մեզ Իր պատկերով և նմանությամբ։ Այն ներառեց մեզ Եկեղեցում, թեև գիտեր, որ ընկրկելու ենք։ Այն ամեն ինչ տվեց մեզ, որպեսզի մեզ էլ աստվածներ դարձնի՝ ըստ շնորհի և պարգևի։ Ու չնայած դրան, մենք ի չարս գործածելով մեր ազատությունը, կորցրինք մեր սկզբնական գեղեցկությունը, արդարությունն ու կտրեցինք մեզ Եկեղեցուց։

Եկեղեցուց դուրս, Սուրբ Երրորդությունից հեռու կորցրինք դրախտն ու ամեն ինչ։ Եկեղեցուց դուրս չկա փրկություն, չկա կյանք։ Ուստի մեր Հայր Աստծու բարեգութ սիրտը չթողեց մեզ Իր սիրուց դուրս։ Աստված կրկին բացեց դրախտի դարպասները մեր առջև և վերջին ժամանակներում հայտնվեց մարմնապես։

Աստծու Միածին Որդու մարդեղացման շնորհիվ մարդկանց կրկին հայտնվեց մարդու փրկության՝ Աստծու մշտնջենական ծրագիրը։ Պողոս առաքյալն ասում է Տիմոթեոսին․ «Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացաւ փառքով» (Ա Տիմ․ 3։16): Պողոս առաքյալի խոսքերը իմաստալից են, դրանք աստվածային, երկնային խոսքեր են։

Աստված Իր անհուն սիրով կրկին միավորեց մեզ Իր Եկեղեցուն՝ ի դեմս Քրիստոսի։ Մտնելով անեղ Եկեղեցի՝ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ, մուտք ենք գործում անեղություն։ Այսինքն՝ մենք՝ հավատացյալներս, կանչվում ենք՝ դառնալու անստեղծ՝ ըստ շնորհի, հաղորդվելու աստվածային գործողություններին, մտնելու աստվածային խորհրդի մեջ, հաղթահարելու մեր աշխարհիկ իմաստակությունը, մեռնելու որպես հին մարդ (Կող․ 3։9, Հռոմ․ 6։6, Եփես․ 4։22) և աստվածահաճո դառնալու։ Եկեղեցում ապրելով՝ մենք ապրում ենք Քրիստոսի մեջ։ Դա շատ նուրբ թեմա է, որը մենք չենք կարող հասկանալ։ Միայն Սուրբ Հոգին կարող է սովորեցնել մեզ։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

02.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․