13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.
Այսօր տարեվերջյան պատարագ ենք մատուցում. այսօր՝ այս սուրբ և անմահ պատարագի ընթացքում, քննության առնելով ամփոփում ենք մեր մտքերը, խոսքերն ու գործերը, մեր հարաբերություններն Աստծո և մարդկանց հետ: Մենք գիտենք, որ ում ինչ արել և ասել ենք՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ բարի և թե՛ չար, նունիսկ ոչինչ չենք արել, այն է՝ անտարբեր ենք եղել մեր նմանների հոգսերի ու կարիքների նկատմամբ, իրենց պատասխանն ու վարձքն են ստանալու Տիրոջ կողմից: Քանի որ «անտարբերությունը ութերորդ մահացու մեղքն է», - ասում է Գարեգին Ա կաթողիկոսը: Մենք այսօր մեր ուշադրությունն ենք կենտրոնացնում ողջ տարվա կտրվածքով մեր սեփական վարքագծի և մեր մեղքերի վրա: Ահա թե ինչով է տարբերվում քրիստոնյա մարդկությունը ողջ աշխարհից: Աշխարհը այլ բաներն է արժանացնում իր ուշադրությանը: Աշխարհի փնտրտուքներն այլ են, քրիստոնյաներինը՝ այլ: Աշխարհը սպանություններ է գործում հանուն խաղաղության: Այսօրվա մարդկությանը մատուցվում է այլ բարոյահոգեբանական արժեհամակարգ, և մարդուն ստիպում են որդեգրել այլ հոգեկերտվածք, քրիստոնեությունից հեռու հոգեմտավոր այլ գաղափարներ ու արժեքներ: Պրոպագանդվում է մարդկային ազատությունը, բայց զուգահեռաբար մարդն անգիտակցորեն դառնում է քրիստոնեությանը օտար ինչ-ինչ գաղափարախոսությունների ստրուկը: Բոլորը խոսում են արդարությունից, բայց փաստն այն է, որ պատերազմներ են մղվում, որի զոհն են դառնում բազմաթիվ կանայք, ծերեր և անմեղ մանուկներ: Գիտության և տեխնիկայի զարգացումը, նպաստելով մարդկային կենցաղի բարելավմանը, միաժամանակ նաև նորանոր չարիքների սկիզբ է դառնում: Քրիստոնյան կանգնած է սեփական երեխային զանազան իրողություններից հեռու պահելու դժվարագույն խնդրի առջև: Մանուկն ինքն անզոր է տարբերակել «բնական երևույթի» տակ ներկայացող վտանգները: Հասարակական փոփոխություններն իրենց հետ փոխում և անգամ արժեզրկում են քրիստոնեական ընտանիքի դարավոր տիպարը: Քրիստոնեական ընտանիքի ըմբռնումները փոփոխվող աշխարհի կողմից այսօր կասկածի տակ են առնվում: Անգամ հավատքն ու հավատքի կյանքն են ծաղրվում: Նորագույնին հասնելու և ավանգարդ կենսակերպից ետ չմնալու ձգտումները մարդկային հասարակության պատմությունը ուղղորդում են դեպի անդունդը: Մարդը փոխանակ երկինք հառի իր հայացքը, ախորժահամ երևույթներին հետևելով, կորցնում է իր արարչական պատկերը: Նա անտարբեր է դարձել ոչ միայն երկնային արքայության փնտրտուքներում, այլև երկրային կյանքի կենցաղավարության մեջ դարձել է անտարբեր, ագահ, բարոյական անարատությունից զուրկ: Մինչդեռ յուրաքանչյուր ոք պարտավոր է խորհելու իր երկրային առաքելության մասին: Աստվածաշունչն ասում է. «Բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է» (Ա Տիմոթեոս 6:10): Դեռևս 1880-ական թվականներին Ավետիս Ահարոնյանը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք հայրական տնից առանձնանալիս նույնիսկ սղոցով կիսել են մահճակալը: Մարդիկ միմյանց ոչնչացնում են՝ խլելով իրենց նմանների բարիքները: Մարդու ագահությունը փակում է նրա խղճի ձայնը, որով օժտել է նրան իր Արարիչը: Աշխարհը մարտահրավերներ ունի մարդու համար, և քրիստոնյան անընդհատ կանգնում է իր հավատքի պաշտպանության խնդրի առջև, աստվածային պատվիրանների կատարման դժվարության առջև: Երբեմն նույնիսկ, թվում է, անհնար է ապրել այսօրվա աշխարհում և կատարել Հիսուս Քրիստոսի պատվիրանները: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33): Աստված Սուրբ Գրքով մշտապես մեզ ասում է, թե ինչպես պետք է ապրեն Աստծո արարածները: Սակայն մարդը շարունակաբար ընթանում է մեղքի ճանապարհով, դրա վկայությունն են ջրհեղեղը, Սոդոմ-Գոմոր քաղաքների կործանումը: Սրանք ցուցանշում են այն, որ Աստված այլևս չհանդուրժեց մեղքի թագավորությունը: Բայց Նա խոստացավ այլևս աշխարհը չկործանել, Իր Միածին Որդուն ուղարկեց մարդկության փրկության համար, որպեսզի մարդը, հիշելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը, պատարագվելը՝ ի քավություն և ի փրկություն մեղավոր մարդկության, հանապազ ձգտի նմանվել իր Տիրոջը և սեր, ներողամտություն և գթառատություն սերմանի աշխարհում: Պողոս առաքյալն ասում է. «Եվ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը: Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, այս խոսքի մեջ է բովանդակվում, թե՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպես քո անձը, սերն իր ընկերոջը չար բան չի անի, սերն է օրենքի լրումը» (Հռոմեացիներ 13:8-10): Եկենք այսօր սուրբ պատարագի ընթացքում աղոթ բարձրացնենք մարդկային փորձությունների համար, որոնց առջև կանգնել է մարդկությունը: Աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի Տերը հեռու պահի մեզ և մեր ընտանիքները չարի որոգայթներից: Մենք պետք է փայլենք իբրև Քրիստոսի լույսը կրողներ, քանի որ Ինքը Տերն է ասում. «Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:15,16): Աղոթենք մեր և մեր հարազատների, մտերիմների ու հայրենակիցների համար, որպեսզի չարի թակարդը չընկնենք և հավատարիմ մնանք մեր Աստծուն, պատվիրանապահության մեջ չընկրկենք և չնահանջենք մեր քրիստոնեական սկզբունքներից: Չկորցնենք հավիտենական թագավորության տեսլականը, իբրև Զինվորյալ եկեղեցի՝ առաջնորդվենք Հաղթանակած Եկեղեցին ներկայացնող սրբերի բարեխոսությամբ: Աղոթենք Աստծուն, որպեսզի սուրբծննդյան պահեցողությամբ առաջնորդի մեզ դեպի Հիսուս Մանուկը, որպեսզի կարողանանք ընդունել Նրան մեր սրտերից ներս և մեր հոգիներում: Գարեգին Ա կաթողիկոսն ասում է. «Մարդու երջանկության ճանապարհը սկսվում է ապաշխարության մեկնակետից»: Մաքրենք մեր սրտերը Տիրոջն այնտեղ ընդունելու համար: Աղոթական կյանքով նախապատրաստվենք մեր Տիրոջ և Փրկչի գալստյանը: Անկախ այն բանից, թե աշխարհն ինչ է անում, մենք մոգերի պես հետևենք աստղին և գնանք փնտրելու, գտնելու և երկրպագելու Նրան: Սիմեոն ծերունու և Աննա մարգարեուհու պես խնդրենք Աստծուն, որ կյանքը չավարտենք՝ առանց Տիրոջը ճանաչելու, Զաքեոս մաքսապետի նման ջանք չխնայենք Աստծո Որդուն տեսնելու համար, փոխենք մեր կյանքը բարիք անելով և արած չարիքը փոխհատուցելով, աշակերտների պես անձնուրացաբար և անմնացորդ հետևենք Ճշմարիտ Վարդապետին, հարյուրապետի պես հիացնենք Հիսուս Քրիստոսին մեր հավատով, Հովհաննես առաքյալի նման մինչև վերջին պահը հավատարիմ մնանք և չլքենք Նրան, քանի որ մեզ հետ է Տիրոջ օգնությունը. «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:20): Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան