12 Հոկտեմբեր, Շբ
Անհանգիստ քամին մտածում է, թե այսօր էլ օրն ինչպես անցկացնի, որպեսզի այն իմաստավորված անցնի, և ծովի վրա փոթորիկ է բարձրացնում, հսկայական ալիքներն իրար բախում, ժայռերին հարվածում, նավեր խորտակում, այնուհետև որոշում է ցամաքն ու ծովն իրար խառնել, ծառերն արմատախիլ անել և հսկայական մրրիկ բարձրացնել, բայց զգում է, որ դրանից էլ չի խաղաղվում և գնում է Արարչի մոտ ու հարցնում.
-Տե´ր Աստված, ի՞նչ անեմ, որպեսզի մշտապես հանգիստ առնեմ:
Եվ Արարիչը պատասխանում է.
-Այլևս` խաղաղություն և ոչ մի գործ, խաղաղվի´ր և իմ խոսքին սպասիր, որպեսզի նավերը ծովի վրա կարող լինեն նավարկել, և այսուհետ Ես նաև քո միջոցով նրանց իրենց հանգրվանն առաջնորդեմ...
Մարդու ներաշխարհն էլ երբեմն այսպես է լինում` փոթորկվում..., և մարդու հարցն ուղղված Աստծուն, թե ի՞նչ գործ ու աշխատանք անի, պատասխանը հնչում է` այլևս` խաղաղություն..., և ոչ մի գործ...:
Երբ մարդ հասնում է խաղաղության այդ հանգրվանին, Աստծո զորությունը սկսում է փայլատակել նրա մեջ:
Ավետարանն ասում է. “ Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք” (Հովհ. 14.26)”:
Հովհաննես Մանուկյան