24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության Ամենասուրբ Կույս Մարիամ Աստվածածինն իր երկրային կյանքում կրած իրերից մի զգեստ, գլխանոց ու մի գոտի է որպես անգին պարգև թողել Աստծո երկրային եկեղեցուն՝ ի նշան Իր մշտական հովանավորության ու հավիտենական բարեխոսության: Եվ այսօր մենք նշում են այն տուփի գյուտի տոնը, որտեղ պահվել է Սուրբ Աստվածամոր զգեստը:
Ավանդությունը մի հրաշալի պատմություն է պատմում այս մասունքի գտնվելու մասին: Ըստ դրա, հինգերորդ դարում հույն երկու ազնվատոհմիկ եղբայրներ՝ Գալբիասն ու Կանդիդասը, որ բյուզանդացի Լևոն Մեծ կայսեր մերձավորներն էին, ուղևորվեցին դեպի պաղեստինյան սրբավայրեր: Նազարեթի մոտակայքում գտնվող մի բնակավայրում կանգ առան գիշերակացի համար և իջևանեցին մի բարեպաշտ կնոջ տանը: Նրանց ուշադրությունը գրավեց սենյակներից մեկից եկող սքանչելի խնկաբույրն ու այնտեղ վառված բազմաթիվ մոմերը: Նրանց համառ հարցուփորձերին ի վերջո տեղի տալով, տանտիրուհին պատմեց, որ մի անգին գանձ է պահվում այդ սենյակում՝ Աստվածամոր զգեստը, և բազում հրաշքներ ու բժշկություններ են տեղի ունենում այդ սրբության շնորհիվ. կույրերը տեսնում են, համրերը՝ խոսում, խուլերը՝ լսում, անդամալույծները՝ քայլում… Այս աստվածածավախ կինը պատմեց նաև, որ հենց Սրբուհի Մայրն է իր զգեստները ժառանգել այն երկու հրեուհի այրիներին, որ Աստվածամոր երկրային կյանքի վերջին տարիներին նրա կողքին էին մշտապես: Եվ ահա նրանցից էլ սերնդե-սերունդ ընտանիքի օրիորդներին փոխանցվելով՝ հասել էր այս կնոջը, որը սակայն վերջինն էր իրենց տոհմում և չկար այլևս մեկը, ում կարողանար փոխանցել այդ անգին հարստությունը: Ահա այս պատմությունը լսելուց հետո էր, որ եղբայրները բոցավառվեցին Աստվածամոր այդ նվիրական ժառանգությունն իրենց հետ Կոստանդնուպոլիս տանելու և այնտեղի քրիստոնյաների երկրպագության առարկան դարձնելու որոշմամբ: Նրանք քաղաքի վարպետներից մեկին պատվիրեցին այդ տուփի կրկնօրինակը պատրաստել և երբ այն պատրաստ էր, գաղտնի կերպով փոխեցին իսկականի հետ ու մեծագույն ցնծությամբ ու երկյուղածությամբ այս սրբությունը Բյուզանդիայի մայրաքաղաք տարան: Այնտեղ, կայսեր հրամանով, մի նոր տաճար կառուցվեց Սուրբ Աստվածամոր պատվին և դարեր ի վեր այնտեղ պահվեց այդ տուփը: Հետագայում Սուրբ Կույսի գլխանոցն ու գոտու մի մասն էլ տեղափոխվեց այստեղ և պահվեց զգեստի հետ միասին:
Այս անգին սրբությունները մեկ անգամ չէ, որ հրաշքներ գործեցին ու քաղաքը պաշտպանեցին թշնամիների հարձակումներից, սակայն դարեր անց, տասնհինգերորդ դարում դրանք տեղափոխվեցին և այժմ գտնվում են տարբեր սրբավայրերում: Ինչևէ, այսօր բոլորս միասին տոնում ենք մեր Երկնավոր Մորը նվիրված սքանչելի տոներից մեկը և մեր օրհնություններն ենք բերում Աստծո Ամենասուրբ Կույսին, մեր սիրելի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մայր Սուրբ Մարիամ Աստվածածնին, մեր գլխավոր բարեխոսին՝ իր անսպառ համբերության, անսահման բարության և այն մշտական հոգատարության համար, որ ամեն վայրկյան ցուցաբերում է իր երկրային զավակների հանդեպ:
Սիրելինե՛ր, Սուրբ Աստվածածնի մասին խորհելիս սիրտս մի յուրահատուկ ջերմությամբ է լցվում և հոգիս պարուրվում է այն հանգստավետ սիրով ու խաղաղությամբ, որ միայն Հոգատար Մայրն է ի զորու պարգևել իր սիրելի զավակին: Մեծ հուզմունքով և խնդությամբ եմ լցվում այն գիտակցությունից, որ բոլոր կանանցից ամենաօրհնյալն ու ընտրյալը, խոնարհության ու հեզության մարմնացումը, Աստծո Սրբասուրբ Անոթը անդադար մեր կողքին է, հոգ է տանում մեր մասին ու վայրկյան անգամ չի դադարում բարեխոս լինել մեզ համար Բարձրյալի առջև:
Երբ յոթերորդ դարում Կոստանդնուպոլիսը հերթական անգամ հարձակման ենթարկվեց թշնամիների կողմից, քաղաքի բնակիչները հավաքվեցին Սուրբ Սոֆիայի տաճարում և ողջ գիշեր թախանձագին աղոթքներով Աստծուն աղաչեցին իրենց փրկության համար: Պատրիարքը վերցրեց Սուրբ Աստվածածնի սրբապատկերն ու ժողովրդի հետ միասին աղոթքով շրջեց քաղաքի պարիսպների շուրջը: Այնուհետև տուփից հանեց Սուրբ Կույսի զգեստն ու Բոսֆորի ջրերի մեջ ընկղմեց: Ժամանակագիրը պատմում է, որ «ծովը եռ եկավ՝ խորտակելով թշնամական նավերը, որից հետո թշնամին նահանջեց»:
Սա ընդամենը մեկն է այն հազարավոր հրաշքներից, սիրելինե՛ր, որ կատարվել է Սուրբ Տիրամոր անունով ու միջամտությամբ: Աստծո այս Սքանչելի Աղախինը, որ բեթղեհեմյան քարայրից մինչ Գողգոթայի բարձունք հետևեց Աստծո Միածին Որդուն, որի մայրական սիրտը «սրով խոցվեց» (Ղուկ. 2:35), ով տեսավ իր սիրասուն Զավակի չարչարանքն ու անարգ մահը խաչի վրա, վայրկյան անգամ չդադարեց հավատալ ու վստահել Ամենակալին: Քրիստոս Իր սրբասուրբ արյունը հեղեց մեզ համար, իսկ Աստվածածինն իր մայրական սրտացավ արցունքներն է հեղում: Նա տեսավ Իր միակ Զավակի տանջալից մահը, Ով Իր կյանքը հանուն մարդկության զոհեց, և չչարացավ այդ մարդկության վրա: Անսահման բարությամբ ու խոնարհությամբ լի Մոր սիրտը սիրեց այդ մարդկությանն ու որդեգրության առավ նրանց: Նրա ժամանակակիցները պատմում են, որ իր հետագա ողջ կյանքը Սուրբ Մարիամ Աստվածածինը հեզությամբ ու սրբությամբ ապրեց՝ սիրելով ու հոգ տանելով մարդկանց մասին: Մահվան մահճում էլ չմոռացավ մեր մասին ու իր զգեստները ժառանգություն թողնելով՝ դրանց միջոցով կատարվող բժշկումների և հրաշքների միջոցով շարունակեց խնամել մեզ:
Մենք էլ այսօր խնդությամբ տոնում ենք Աստծո Երանելի Կույսի տոնը, նրա տոնն, ով Աստծո նախախնամությամբ ընտրվեց մարդկության Փրկչի մայրը լինելու: Ով առաջինը երկրպագեց նորածին Աստվածորդուն և վերջինը հեռացավ Նրա խաչի կողքից: Այսօր օրհներգում ենք Երկային Թագուհուն, ով որդեգրեց մեզ Գողգոթայի վրա ու մինչ այժմ շարունակում է աղերսել մեզ համար Իր Միածնի առջև: Գովաբանում ենք նրան, ով ողջ կյանքը խուսափեց մարդկային փառքից՝ նախընտրելով Աստծո Աղախինը լինել: Մենք ենթադրել միայն կարող ենք, թե ինչերի միջով անցավ նրա փխրուն մայրական սիրտը, մինչ իր Սիրելի Որդու հետ կրկին հանդիպումն ու Նրա կողմից Երկինք փոխադրումը: Սուրբ Աստվածածինն, իր երկրային կյանքով, հավատի, արիության, համբերության, մաքուր մտքի ու սրտի, կյանքի սրբության այն բարձր օրինակը հանդիսացավ, որին պետք է բոլորս ձգտենք: Նա իր կենդանի օրինակով սովորեցրեց, թե ինչպես պետք է վշտերի ու նեղությունների նեղ արահետով ընթանանք ու արժանապատվորեն կրենք մեր խաչը, որքան էլ այն ծանր թվա, գիտակցելով, որ դրա միջոցով ենք ընդունելու մեր փրկությունը:
Աստծո սուրբ խնկաբույր Անոթը, որ ժամանակին մարդացյալ Աստծուն է կրել իր ներսում, թող աստվածածնունդ այդ օրհնյալ անուշահոտությունը մեզ վրա էլ տարածի, որպեսզի խիզախություն գտնենք մեր մեջ ու քննենք մեզ, հասկանալու արժանի՞ ենք արդյոք այդ մեծ շնորհին: Մենք, որ սրբասուրբ Կույսի բարեխոսությունն ենք խնդրում, պահպանո՞ւմ ենք արդյոք մեր սրտի ու մարմնի մաքրությունը կրքերի աղտերից: Հեզության ու խոնարհության տիպարին դիմելիս՝ զե՞րծ ենք մնում արդյոք մեծամտության, հպարտության ու նախանձի մահացու ախտերից: Արդ նախ և առաջ քննենք ինքներս մեզ՝ գտնելու մեր հոգևոր ախտերը, ազնվություն ունենանք դրանք տեսնելու և խիզախություն՝ դրանց դեմ պայքարելու համար: Թող իմաստությունը, խոնարհությունն ու այլ հոգևոր առաքինությունները զարդարեն ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի Արժանի Մոր արժանի զավակները կոչվեք: Եվ Ամենասուրբ Երկնային Մայրն էլ թող իր գորովալից հպումը բերի յուրաքանչյուրիս սրտին, որպեսզի սթափվենք, մաքրվենք, ու մեր գործերով արժանանանք նրա բարեխոսությանը Ամենասուրբ Երրորդության առջև, Որին վայել է փառք և իշխանություն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան