23 Նոյեմբեր, Շբ
Կիրակնօրյա մի առավոտ հայրիկը փորձում էր կենտրոնանալ դժվար զեկույցը պատրաստելու համար: Մայրիկը գնումների էր գնացել, իսկ օրն անձրևային էր, և փոքրիկ որդին ձանձրանում էր՝ չիմանալով ինչով զբաղվել: Նա անընդհատ խանգարում էր հայրիկին՝ թույլ չտալով կենտրոնանալ:
Վերջապես հայրիկը լուծումը գտավ: Նա ամսագրից պոկեց աշխարհի քարտեզը պատկերող էջը, պատռեց մանր կտորների ու հատակին նետելով՝ ասաց.
- Տղա՛ս, եթե կարողանաս քարտեզը հավաքել, ես քեզ պաղպաղակի գումար կտամ:
Որոշելով, որ որդու համար մինչև կեսօր զբաղմունք է գտել, անցավ իր գործին: Սակայն, տասը րոպե էլ չէր անցել, երբ աշխատասենյակի դուռը թակեցին, և որդին ներս մտավ՝ հավաքած քարտեզը ձեռքին: Հայրը շատ զարմացավ՝ տեսնելով, որ որդին բոլոր կտորներն այդքան արագ ու ճիշտ էր դասավորել:
- Ինչպե՞ս կարողացար այդքան արագ հավաքել, որդի՛ս,- հարցրեց հայրը:
- Հեշտ էր, հայրի՛կ,- պատասխանեց որդին:- Քարտեզի մյուս կողմում մի մարդու նկար էր: Ես ուղղակի շրջեցի թղթի կտորները, հավաքեցի մարդու դիմանկարն ու նորից ետ շրջեցի: Մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ապա աշխարհն էլ ճիշտ կլինի:
Եթե ձեզ շրջապատող աշխարհը ձեզ դուր չի գալիս, և դուք ուզում եք փոխել այն, ապա սկսեք ձեզնից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի