25 Նոյեմբեր, Բշ
Թանկագի՛ն իմ քույր,
Եթե դու հղի ես, նախ և առաջ խուճապի մի՛ մատնվիր, թույլ մի՛ տուր, որպեսզի զազրելի զգացումները տիրեն քեզ, թույլ մի՛ տուր նրանց հաղթել այն աննկարագրելի ուրախությանը, որ դու դառնալու ես մայրը աշխարհում մի նոր մարդու, Աստծու նոր պատկերի, անպաշտպան ու անմեղ մի էակի, որին դու ժամանակավորապես ընդունում ես քո կանացի որովայնում։
Թող որ չհաղթեն քեզ կասկածամիտ խորհուրդները, թե ինչու է այդ անմեղ արարածը հայտնվել քո ներսում, թե հետո ինչ ես անելու այդ երեխայի հետ, ինչպես ես նրան մեծացնելու, կյանքի ինչպիսի ճանապարհ եք անցնելու միասին։
Ես հրաշալի հասկանում եմ, որ երբեմն բեղմնավորման հանգամանքները և միջոցն ինքը տրավմատիկ են լինում կնոջ համար, որոնց մասին երբեմն նա հիշել անգամ չի ցանկանում, սակայն ե՛կ բեղմնավորման դեպքը առանձնացնենք նոր մարդու գոյությունից։ Հավաքի՛ր քո անպարտելի մայրական սիրո ողջ ուժը, մտածիր այն մասին, թե Աստված ի՜նչ մեծ օրհնություն է պարգևել կանանց ցեղին՝ լինել մայր։
Տե՛ս, այժմ ժայռի պես ամո՛ւր եղիր, ոչ մեկի թույլ մի՛ տուր անգամ անկնարկել, որ հնարավոր է ընդհատել ծնունդը քո՛ երեխայի, որն օր-օրի մեծանում է քո որովայնում։ Ոչ մի դեպքում թույլ մի՛ տուր քեզ մորից վերածվել ոչ միայն քո երեխայի մարդասպանի, այլև, որպես հետևանք, դառնալ մեղավորն այն բանի, որ քո երեխան հավիտյանս զրկվելու է Սուրբ Մկրտություն ստանալու և քրիստոնյա դառնալու հնարավորությունից։
Իհարկե, հասկանում եմ, որ նոր մարդու գոյությունը քո կյանքում, որի հետ այսուհետ անբաժան ես լինելու, կարող է խիստ փոխել այն։ Սակայն սեփական ձեռքերով քո երեխայի սպանությունը և դրա բոլոր աղետալի հետևանքները, որոնք ազդելու են ողջ կյանքիդ վրա, անհամեմատելի են այն վախերիդ հետ, թե ինչպես է փոխվելու կյանքդ, ինչպես է զարգանալու ընտանիքդ, ինչպես պիտի մեծացնես երեխային․ այդ դժվարություններն ընդամենը ժամանակավոր են, լուծելի ու տանելի, իսկ աբորտը դառնալու է հարատև, խիստ դժվար ուղղելի մի սխալ։
Մի՛ հավատա նրանց, ովքեր այսօր թյուր կարծիք են տարածում, թե սաղմն ընդամենը մարմնիդ մասն է, որի հետ կարող ես վարվել այնպես, ինչպես կամենում ես։ Ժամանակակից գիտությունը և Աստծու Խոսքը կտրականապես հակադիր են այդ հարցում։ Սաղմը զարգացող բոլորովին նոր մարդ է, ապագայում՝ անկախ, ինքնուրույն, օժտված Աստծու մեծ պարգևով՝ ազատ կամքով, որը, պանդուխտի պես, ժամանակավորապես հյուրընկալվում է մոր մարմնում։ Սակայն այդ փոքրիկ «պանդուխտը» իր կյանքի առաջին տարիներին անպատճառ մեր սիրո և պաշտպանության կարիքն է զգում։
Սաղմը կանացի մարմնի մաս չէ, այլ աճող նոր մարդ է, ապագայում՝ անկախ, Աստծուց օժտված ազատ կամքով։
Սաղմը անկախ էություն է՝ բեղմնավորման առաջին իսկ ակնթարթից անմահ հոգով օժտված և մարմին ունեցող, ինչպես և մեր Տեր Հիսուս Քրիստոս կատարյալ Մարդ եղավ Իր Անարատ Մոր որովայնում բեղմնավորման պահից, լինելով կատարյալ Աստված ու Մարդ, մարդանալով հանուն մեր փրկության։
Անգամ ժամանակակից բազմաթիվ բժշկական հետազոտությունները հաստատում են, որ սաղմը սկսում է ինքնուրույն ապրել ու զարգանալ մոր արգանդում արդեն շատ կարճ ժամանակահատվածում, և աբորտը, անկասկած, նրա համար ֆիզիկական մահ է հանդիսանում, որ կատարվում է առանց անմեղ ու անպաշտպան զոհի համաձայնության։
Ես հասկանում եմ, որ քեզ վրա կարող են մեծ ազդեցություն և ճնշում գործադրել ընտանիքիդ անդամները, շրջապատդ, հանգամանքները, «բարի խորհրդատուները», բժիշկները, սակայն մտածիր, որ այն, ինչ քեզ առաջարկում են ու խորհուրդ են տալիս, քո կյանքի ամենամեծ մեղքն է լինելու։
Մտածիր, որ այդ որոշումը դառնալու է անջնջելի, ճակատագրական սխալ, որ հավիտյանս վնասելու է քո էությանը։
Արի՛ մեզ մոտ՝ Եկեղեցի, վազի՛ր, շտապի՛ր, և ես համոզված եմ, որ ի Քրիստոս մեծ սիրով այնտեղ կլսեն քո խնդիրը, կխոսեն քեզ հետ, չեն մերժի, կօգնեն հաղթահարել վախերդ ու տագնապներդ։ Համոզված եմ, որ մարդիկ հայրական հետաքրքրություն կցուցաբերեն քո դեպքի վերաբերյալ, մեծ ըմբռնումով ու նրբանկատությամբ կընդունեն քեզ՝ ապագա մայրիկիդ, որ այժմ դժվար կացության մեջ ես հայտնվել, հաշվի առնելով այն հանգամանքների բոլոր առանձնահատկությունները, որոնցում գտնվում ես։ Հավատա՛ Քրիստոսի հայրական ամենակարող սիրուն, իմացի՛ր, որ Նրա նախախնամությունը տարածվում է բացարձակապես բոլոր արարածների վրա։
Հավատա՛ Քրիստոսի հայրական ամենակարող սիրուն, արի՛ Եկեղեցի և քեզ կօգնեն հաղթահարել վախերդ ու խնդիրներդ։
Վստա՛հ եղիր, որ եթե պահպանես քո մանկանը՝ հաշվի չառնելով բազմաթիվ զոհողությունները, զրկանքներն ու հոգսերը, ապա Բարեգութ Քրիստոս կօրհնի քեզ և կսկսի ուղեկցել կյանքիդ բոլոր քայլերը՝ որպես քո Պաշտպան ու Հովանավոր։ Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ դեմ կանգնել։
Թանկագի՛նս, ես քեզ մաղթում եմ հաղթանակ ու մեծ հաջողություններ քո ապագա մայրության մեջ։
Բազում աղոթքներով՝
Լիմասոլի միտրոպոլիտ Աթանաս
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը