Մարգարեի առաջին գործը քարոզությունն է, խոսքն է, որով նա ոչ թե մի տված բան, մի պատրաստի հայտնություն է ուսուցանում, նոր բան է տալիս, նոր հայտնություն է ծանուցանում և որով յուր չար ժամանակի ու խոտոր պատմության վրա Աստուծո դատաստանն է կարդում, ճշմարիտ ճանապարհը ցույց տալիս և ժամանակն ուղղում: Նա դեպի սխալ նպատակ վազող ժողովրդի առաջ կանգնում է, զարթեցնում է նորա մտքերը, ուշադիր է անում մոլորության վրա և Աստուծո տնօրինության կատարումը հայտնում: Այս նպատակով ժողովրդին համոզելու համար մատնացույց է անում այն անցյալ իրողությանց վրա, որոնք իրագործվել են յուր ժամանակ, և միանգամայն ապագայի նկատմամբ տեսիլներով մի առ մի ազդարարում է այն ամենն, ինչ որ կատարվելու է: Իսկ հիշել անցյալը, գիտենալ ապագան և ըստ այնմ խոհեմությամբ ընթանալ պատմական ճանապարհը միակ միջոցն է մի ժողովրդի համար, որ կամենում է պատմական կենցաղով կորստից ազատվել: Հետևաբար մարգարեն ժողովրդի ազատության և երջանկության ծառայող մի ատվածառաք գործիչ էր, որ յուր ազգօգուտ նպատակի իրագործման համար դիմում էր ոչ միայն աստվածատուր շնորհների օգնության ու Ս. Հոգու ներշնչմամբ առաջնորդվում, այլև ուսումնասիրում է Աստուծո հայտնությունը, Աստուծո տված օրենքները, ժողովրդի պատմությունն ու նորա կյանքն և ապա ճշմարիտ գործունեությամբ հրապարակ ելնում:
Քրիստոս իբրև մարգարե պետք է քարոզեր Աստուծո տնօրինությունն ու կամքն, որոնք Հին Ուխտի օրենքի ու մարգարեությանց միջոցով միմիայն իբրև նախապատրաստություն են տրվել առանց այն կատարման ու կատարելության, որ Աստուծո Որդվով էր սպասվում: Համեմատելով հին մարգարեների հետ` տեսնում ենք, որ Քրիստոս հայտնում է մի նոր տնօրինություն, որ ո՛չ նախապատրաստություն է և ո՛չ կատարման է սպասում, այլ ինքն իսկ գլուխն է այդ տնօրինության և յուրմով է կատարումը: Նա ոչ թե ժողովրդի ընթացքի առաջ կանգնում է և նոր ժամանակ քարոզում, այլ վերջնականապես կատարում է անցյալի ընթացքը, փակում է լրացած ժամանակը, բացարձակ նոր ժամանակ է հայտարարում և մարգարեության վերջնական կատարումը հայտնում, ըստ որում` յուրմով վերջանում է մարգարեությունը:
Հին մարգարեները, տեսնելով, որ ժողովուրդը ժամանակի ընթացքում մոռանում է Աստուծո օրենքի էությունն ու միտքը և տառապաշտությամբ միմիայն արտաքուստ էր կատարում, շարունակ նոր ի նորո քարոզությամբ կենդանացնում էին օրենքի ոգին նոցա մեջ, այդպես և Քրիստոս, քարոզելով օրենքն և Ավետարանը, հարվածում էր կեղծ փարիսեցոց ու դպիրներին, օրենքի ոգին էր հայտնում և ցույց տալիս, որ ինքն ոչ թե լուծանում է այդ օրենքն, այլ կատարում է և ինքն է օրինաց ու մարգարեությանց լրումը (Մատթ., Ե 17) թե՛ գործով, թե՛ անձամբ ու թե՛ խոսքով (Հռ., Ե 18. Գաղ., Դ 4. Ա Պետ., Բ 21. Հովհ., ԺԶ 13. Ղուկ., ԻԴ 27):
Հին մարգարեները, ծանուցանելով Աստուծո օրենքն, ավետիք էին տալիս և ապագայի մասին, Աստուծո ապագա շնորհաց մասին, այդպես և Քրիստոս է անում, միայն հայտնելով, որ յուրմով վերջանում է օրենքը, և յուրմով կատարումն է ստանում մարգարեական ավետիքը: Եվ որովհետև հին մարգարեք վկայում էին Քրիստոսի գալստյան մասին, Քրիստոս իբրև իսկական մարգարե վկայում է ինքն յուր մասին: Քրիստոս վկայում է, որ ինքն է Աստուծո և մարդու միջնորդը և ամենայն շնորհների լրումը յուր մեջ է ամենքի համար (Մատթ., ԺԱ 28): Նա վկայում է և, որ ինքն է օրինաց լրումն ու վախճանը, զի ոչ ոք չի կարող յուր մեջ մեղք գտնել (Հռ., Ժ 4), քանի որ «ի վերայ արդարոց օրէնք ոչ կան» (Ա Տիմ., Ա 9. Հռ., Զ 14): Ուստիև նա քարոզում է, որ մարդիկ յուրյանց երջանկության համար պետք է հավատան յուրյան, որպեսզի մտնեն յուր արքայության մեջ` «որ չէ յայսմ աշխարհէ» (Հովհ., ԺԸ 36): Իսկ այդ արքայության մեջ մտնել փափագողները պետք է աշխարհի բոլոր նպատակները հարկավոր դեպքում պատրաստ լինին զոհելու (Մատթ., ԺԳ 45-46): Աստուծո արքայությունը մտնել տենչացողը չպետք է աչք ունենա այս աշխարհի և դորա որևիցե հարստության վրա, զի հոգու փրկությունն և աշխարհասիրությունը բոլորովին հակառակ հակադրություններ են (Ղուկ., Թ 59-62. Մատթ., ԺԶ 23. Մարկ., Գ 31. Հովհ., Զ 66):
Հին մարգարեները ներկայացնում էին ապագան հայտնության տեսիլներով. Քրիստոս ևս հայտնում է ապագան, միայն թե ցույց է տալիս, որ ապագան յուր իսկ շուրջն է պտտում, և ինքն է գալու դատաստան անելու համար: Այդ քարոզության ամենաբարձր իրականացումն է Քրիստոսի այն հայտնությունն, որով գեղեցկապես նկարագրում է այդ ապագայի գալիքը (Մատթ., ԻԴ Մարկ., ԺԳ Ղուկ., ԺԷ 21): Նա ցույց է տալիս, որ աշխարհն ունի յուր զարգացման վախճանը, որից հետո կլինի հանդերձյալ կյանքը: Աստուծո արքայությունը խմորի պես կաճի այս աշխարհում, սակայն ոչ թե խաղաղ ու առանց հակառակության, այլ մի ընդհանուր մաքառմամբ աշխարհային ձգտմանց դեմ և այդ մաքառման պետք է մասնակցի ամենայն մարդ, ամենայն հոգի ու զորություն (Մատթ., ԺԲ 30. Ժ 34): Քանի գնա, այնքան ավելի զորանալու է այդ հակառակությունն և նույնիսկ այդ է Աստուծո արքայության ընթացքը: Այդպես և երկրում ոչ թե մի երևակայական խաղաղություն կտիրե, այլ Աստուծո արքայության զարգացման նպատակը կլինի ծայրահեղ մաքառումն, որից հետո կատարումն և աստվածային խաղաղություն կլինի: Այս ամենը նա մագարեանում է` սկսելով յուր անձի վրա գալիք բոլոր հանգամանքներից և որոշելով աշխարհի ամբողջ կյանքի հիմնական ընթացքը մինչև նորա կատարումը: Նա ճշտիվ գիտեր մարդու սիրտը (Հովհ., Բ 24, 25). ճշտիվ գիտեր արարածական աշխարհի ընթացքն իբրև Տեր և անդրանիկ ամենայն արարածոց, և ճշտիվ գիտեր, որ աշխարհի շրջաններն ու դարաշրջանները նոր ի նորո երևան են հանելու հակառակ ուժեր, որոնք նոր ի նորո կհարուցանեն գայթակղություն և մաքառումն, և այդպիսով այդ շրջանները, մի-մի պատմական ընթացք լինելով, կծառայեն ընդհանրապես աշխարհի զարգացման կատարմանը: Քրիստոս, բացատրելով թե՛ յուր եկեղեցու, թե՛ աշխարհի և թե՛ նույնիսկ բնության հիմնական պատմությունը, միջոց է տալիս յուր հավատացելոց` հասկանալ և դիմել դեպի հանդերձյալն յուրյանց երկրավոր կյանքի իրագործմամբ: Եվ այս ամենը նա դյուրամատչելի է դարձնում ժողովրդի հասկացողության համար առակներով ու նմանություններով (Մատթ., ԺԱ 25): Բայց և նոցա ընդունակությունների համեմատ տնօրինական շատ ճշմարտություններ ևս թողնում է հառաջադիմության ընթացքում` Ս. Հոգով ըմբռնելու (Հովհ., ԺԶ 12-14):
Հին մարգարեները քարոզում էին խոսքի առանձին զորությամբ (Երեմ., ԻԶ 12. Եզնիկ, Գ 17). այսպես և Քրիստոս է քարոզում, սակայն ոչ միայն զորությամբ, այլև իշխանությամբ (Մարկ., Ա 22), վասնզի քարոզության և Աստուծո հայտնության իսկական աղբյուրն և իրականացումը ոչ թե Ս. Հոգու ներշնչումն է, ինչպես լինում էր մարգարեների մեջ, այլ Միածնի մարդեղությունը: Մարգարեները գտնվում էին մեղանչական վիճակում և դեռ պետք է Ս. Հոգով աստվածային խորհուրդների մեջ մտնեին, որ տեսնեին յուրյանց ասելիքը. այլև պետք է հրով սրբվեին նոցա կեղծ շրթունքները, որ կարողանային Աստուծո սուրբ կամքը քարոզել (Ես., Զ): Այդպիսի մարգարե չէր Քրիստոս, այլ սկզբից Հոր հետ էր և Հոր մոտ և միմիայն ինքն է ճանաչում Հորն ու ճանաչեցնում, ում կամենում է. նա է միայն տեսել Հորը և հայտնել մարդկանց (Մատթ., ԺԱ 27. Ղուկ., Ժ 22. Հովհ., Ա 18): Ուրեմն նա աստվածային իշխանությամբ էր խոսում և ոչ թե այն մասնակի շնորհներով, որոնցով խոսում էին մարգարեները: Նորա իշխանությունն ևս ոչ թե բռնադատական էր, որով ստիպեր յուր խոսքն ընդունելու, ո՛չ, այլ ազատ կամքի Արարիչը ազատություն է տալիս ամենքին, որ ազատ ընտրությամբ ընդունեն յուր խոսքերը, քաղցեն ու ծարավեն արդարության համար, որ երջանիկ լինին (Մատթ., Ե 6), կամենան Աստուծո կամքը կատարել, որ հասկանան, թե Քրիստոսի քարոզն ու խոսքը Աստուծո խոսք է (Հովհ., Է 17): Ուրեմն Քրիստոսի խոսքը բռնադատական ու իշխանական խոսք չէ, այլ հաճությամբ ազատապես ընդունողի համար իշխանությամբ է ասված, բացարձակ հեղինակությամբ է խոսված. նորա «Ամեն, ամեն ասեմ ձեզ»-ը արտահայտում է բացարձակ ճշմարտություն և հավաստիություն:
Հին մարգարեները հաստատում էին յուրյանց քարոզության ճշմարտությունը թերահավատող ժողովրդի առաջ երբեմնական կամ անցողական հրաշագործությամբ` ըստ Աստուծո յուրաքանչյուր անգամի տվչության: Քրիստոս ինքն, բնության սքանչելիքը լինելով, բղխում է հարաժամ յուր անձից ամեն հրաշալիք: Նորա անձի, նորա մարդեղության մեծ սքանչելիքի հայտնության երկու կողմերն են` նորա խոսքն ու գործը. ուստիև յուրյան ճանաչելու համար պատվիրում է տեսնել ու լսել (Ես., ԿԱ 1, Ղուկ., Դ 18. Է 21. Մատթ., ԺԱ 4): Նորա ամեն մի խոսքն ու գործը մի-մի նշաններ են յուր Ավետարանի ճշմարտության, և նորա անձից բղխած յուրաքանչյուր հրաշք ոչ թե ինքնըստինքյան հրաշքի նպատակ ուներ, այլ ներգործական նպատակի ծառայող հրաշք էր: Ուստիև նա մերժում է մարմնավոր հրաշքն, որ կարող է նաև սխալ ու գայթակղեցուցիչ կերպով հասկացվիլ նոցա մեջ, որոնք Քրիստոսի հրաշալի խոսքերն էլ թյուրիմացությամբ են լսում և ըմբռնում (Հովհ., Դ 48), քանի որ չունին Աստուծո սիրո ձայնն յուրյանց մեջ (Ե 36-44): Դոցա միմիայն ժամանակի նշանն ու նախապատրաստական ու յուր մարգարեությանց կատարումը կսթափեցներ, երբ հրաշից հրաշքն անգամ, որ է Քրիստոս յուր անձով, խոսքի ու հրաշքի աղբյուրով չէր ազդում նոցա թանձրացած սրտերի վրա:
Վերջապես ուրեմն Քրիստոսի անձի մեջ իսկ ամփոփվում է թե՛ մարգարեության նպատակը, թե՛ բոլոր միջոցները, թե՛ աղբյուր ու թե՛ մարգարեությունը լրիվ: Նա, անցյալին վերջ տալով, ապագային սկիզբ դնելով և պատմության միջնակետը կազմելով, միացնում է յուր մեջ յուր հավատացյալի կոչումը: Ըստ որում և անցյալ մարգարեությամբ նախապատրաստված հավատացողը, գիշերվա ճրագից մտնելով ցերեկվա լույսը (Բ Պետ., Ա 19), այլևս չէ կարոտում նոր մարգարեի, քանի որ ունի լուսատու Քրիստոսին, որի մեջ ներկայանում են մարդու ճանապարհը, լույսն ու կատարումը:
Արշակ Տեր Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից