Մարտի 19-ին՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գոշավանք: Միջնադարյան վանական համալիրում նրանք մասնակից եղան քրիստոնյայի համար ամենակարևոր և նվիրական արարողությանը, որ քրիստոնեական եկեղեցու սրբություն սրբոցն է՝ Ս. Պատարագին: Արարողության ավարտին պատարագիչը՝ Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը, ողջունեց ուխտավորներին և մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը: Ապա Տեր Հայրն ուխտավորներին ներկայացրեց միջնադարյան վանքի հարուստ պատմությունը և հոգևոր զրույց ունեցավ նրանց հետ: Սիրո ճաշով եզրափակվեց ուխտավորների աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ու անսասանությանը:
Դեպի Աստված տանող ճանապարհը վերընթաց ուղի է: Սովորաբար բարձրանալն ավելի դժվար է, քան իջնելը: Հոգևոր վերելքը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ նեղ է ճանապարհը և դժվարին, այն ենթադրում է անձի հոգևոր և բարոյական աճ, մարդու անհատականության կատարելագործում։ Այսինքն՝ հոգևոր կյանքն անհնար է առանց պայքարի, քանի որ այն սկիզբն է Երկնային Արքայության, որն, ըստ Ավետարանի, ուժով է ձեռք բերվում (Մատթ. 11:12): Եթե այդ ուղին քրիստոնյայի համար դառնում է աղոթքի, խոկման, զղջման և բարին արարելու ուղի, ապա նրա էությունը լցվում է այնպիսի ջերմությամբ և լույսով, որ կյանքը բոլորովին այլ ընթացք է ստանում: Նրանք, ովքեր, Աստծու կամքը կատարելով, կրում են իրենց խաչը, այդ ճանապարհին Տերը, Իր խոսքի համաձայն, չի թողնում նրանց առանց հոգևոր մխիթարության՝ «Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:30):
Կարինե Սուգիկյան