Քրիստոնյայի համար իրական բարիք է ոչ թե հարստությունը կամ իշխանությունը, այլ առաքինի կյանքը: Աստծո կողմից տրված նյութական հարստությունը քրիստոնյան ջանում է ըստ Պարգևատուի պատվիրանների գործածել: Քանի որ նյութականը, ի չարս գործածողի համար, դառնում է վնասակար՝ մեղքի և մահվան պատճառ հանդիսանալով:
«Մարդիկ իրենց գումարը ծախսում են աննպատակ՝ չմտածելով իրենց մերձավորի մասին, ով չունի ոչինչ: Բարին այն դեպքում է բարի, երբ այն գործողը ինչ-որ մի բան է իրենից զոհաբերում, լինի՝ հանգիստ, քուն կամ ուրիշ մի բան: Միայն զոհաբերելով է մարդը բարեկամանում Քրիստոսին, քանի որ Քրիստոս Ինքը Զոհաբերություն է»,- ասում է Հայր Պաիսիոս Աթոսացին:
Հունվարի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակում, նյութական բարիքն ի օգուտ մերձավորի գործածեց՝ աջակցելով Նասոյան ընտանիքին: Համբարձումյան Ռիման (25 տ.) իր ամուսնու՝ Նասոյան Սեդրակի (35 տ.), սկեսուրի և երեք անչափահաս զավակների հետ բնակվում է Րաֆֆու 111 հասցեում գտնվող հանրակացարանի առաջին հարկի խոնավ և վթարային վիճակում գտնվող երկու սենյականոց բնակարանում: «Ամուսինս, առողջական խնդիրներ ունենալով հանդերձ, աշխատում է: Նրա վաստակածն ու ընտանեկան նպաստի գումարը բավարարում է միայն, որ հոգանք մեր նվազագույն կարիքները և մասամբ մարենք խանութներում կուտակված մեր պարտքերը»,- ասաց Ռիման:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը:
Կարինե Սուգիկյան