Քրիստոնյայի համար կյանքի կարևորագույն նպատակն Աստծո հետ միավորումն է: Այդ առաքելությամբ ապրել և այն կյանքի կոչել, նշանակում է դառնալ աստվածային լույսի և սիրո ճառագայթը: Քրիստոսի երկրային ողջ կյանքը սիրո գործնական արտահայտությունը եղավ: Մեր Տերը, ինչպես ասում է Ս. Պետրոս առաքյալը, տվեց մեզ թանկագին և մեծամեծ խոստումներ, որպեսզի դրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը: Այդ պատճառով, առաքյալի հորդորի համաձայն, ջանք գործադրենք, որ մեր հավատով ձեռք բերենք առաքինություն, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերություն, համբերությամբ՝ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր: Ըստ Ս. Պետրոսի առաքյալի՝ այս առաքինություններն ունեցողը կլցվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ և անգործ ու անպտուղ չի մնա (Բ Պետրոս 1:4-9):
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի իրագործմամբ ջանում է կառչած մնալ այն կոչմանը, որին կոչված է աստվածային սերն ունեցող յուրաքանչյուր անձ:
Հունիսի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շառապչյան Ռուզաննային (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ռուզաննան իր եղբոր ընտանիքի հետ բնակվում է Գուսան Շերամի փողոցի 19/5 հասցեում: Հինգ հոգուց բաղկացած Շառապչյան ընտանիքում միայն Ռուզաննայի հարսն է աշխատում: Ռուզաննան վեց անգամ վիրահատվել է, 1-ին խմբի հաշմանդամ է և հենաշարժողական խնդիր ունի, իսկ նրա եղբայրը ողնաշարային խնդիր ունի: Ռուզաննան իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ իր ընտանիքի հանդեպ ուշադրություն և հոգածություն ցուցաբերելու համար:
Կարինե Սուգիկյան