Աշխարհում քրիստոնեական կոչումից բարձր կոչում չկա։ Այդ կոչումն ունեցողը գնահատում է հոգենորոգ այն Լույսը, որ թափանցել է իր կյանք և ջանք է թափում՝ապրելու որպես լուսո որդի. «Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք: Հետևաբար, ապրեցե՛ք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփես. 5։8-9): Այդ կոչումն ունեցողը ջանում է նմանվել իր Նախատիպին՝ Հիսուս Քրիստոսին. «Ով սիրում է ինձ, կգործադրի Իմ խոսքերը, Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհ. 14։23)։ Այդ կոչումն ունեցողը ձգտում է դեպի Աստված, դեպի սրբություն՝ օգտվելով հոգևոր անսահմանափակ հնարավորություններից, որ շնորհել է իրեն քրիստոնեությունը:
Այդ հնարավորություններից է ուխտի ճանապարհը, որով հերթական անգամ ընթացավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ: Հուլիսի 19-ի հերթական ուխտի ուղին ուխտավորներին առաջնորդեց դեպի Կարենիսի վանք (5-րդ դ.), որ կոչվում է նաև սբ. Մատթեոս և սբ. Անդրեաս առաքյալների վանական համալիր:
Վաղ միջնադարյան սրբավայրում «Զորավոր արանց» միությունը, Տեր Հոր գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին՝ հայցելով օրվա հիշատակելի սրբերի՝ Քրիստոսի տասներկու առաքյալների և սբ. Պողոսի բարեխոսությունը՝ Հայոց ազգի և եկեղեցու համար: Տեր Հայրն, իր խոսքն ուղղելով ուխտավորներին, ասաց, որ մերօրյա մարդկությունը մոլորվել է աշխարհի խելագար ընթացքի մեջ ու անդառնալիորեն հեռացել ճշմարիտ քրիստոնեությունից: Ուստի նա, ով փնտրում է իրական ճշմարտություն, այն կարող է գտնել միայն Քրիստոսի հիմնադրած եկեղեցուց ներս. «Սա այն եկեղեցին է, որն առաքյալների վախճանից հետո էլ չդադարեց գործելուց, քանի որ եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է ու Սուրբ Հոգու միջոցով է ուղղում նրա ճանապարհը մինչև Իր Երկրորդ գալուստի ժամանակները: Այս է պատճառը, որ Քրիստոսի տված ճշմարտություն ու ավանդություններն ուսուցանող եկեղեցու հետնորդները պետք է Տիրոջ առաքյալների ու աշակերտների գործը կրողն ու շարունակողը լինեն»: Այնուհետև «Զորավոր արանց» միությունը սիրո ճաշ և հոգեշահ զրույց ունեցավ:
Աստված օգնում է նրանց, ովքեր կատարելության ճանապարհով դեպի Իրեն են ընթանում, օգնում է՝ հաղթահարելու վերելքը, որ դեպի Իրեն է մոտեցնում: Այդ պատճառով Սուրբ Գիրքը եկեղեցին հաճախ համեմատում է բարձր լեռան հետ (Եսայի 2։2-3, 11։1-10), և անձը, քրիստոնյա դառնալով, լեռան ստորոտից սկսում է բարձրանալ դեպի վեր ու նրա հետագա կյանքը կատարելության սանդուղքով անընդհատ վերելք է։ Վերելքի ճանապարհին քրիստոնյան կարող է մեղքի պատճառով ընկնել և հետընթաց ունենալ, այս մասին Հայր Սիսոն կարևոր հորդոր է տալիս.«Եղբայրը հարցրեց հայր Սիսոյին. «Հայր, ի՞նչ անեմ, ընկել եմ»: Ծերը պատասխանեց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր»: Եղբայրն ասաց. «Ես վեր կացա, բայց նորից ընկա»: Ծերն պատասխանեց. «Նորից վեր կաց»: Եղբայրը հարցրեց. «Մինչև ե՞րբ վեր կենամ ու ընկնեմ»: Պատասխանեց նրան ծերը. «Մինչև կյանքիդ վերջը»»:
Կարինե Սուգիկյան