- Հա՛յր, իմ ցավն ու տրտմությունն աղոթքն է: Ես բավականին ետ եմ մնում դրանում: Ի՞նչ անեմ:
- Քրիստոսի, Սուրբ Աստվածամոր, հրեշտակների ու սրբերի հետ խոսիր պարզորեն՝ առանց տատանվելու, ամեն տեղ, և խնդրիր ինչ ուզում ես: Ասա. «Տե՛ր, կամ Սո՛ւրբ Աստվածածին, Դու գիտես իմ տրամադրվածությունը: Օգնի՛ր ինձ»: Ահա այսպիսի պարզությամբ ու խոնարհությամբ խոսիր Նրա հետ այն մասին, ինչն անհանգստացնում է քեզ, դե իսկ հետո այս աղոթքն ասա. «Տ՛եր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ»:
- Հա՛յր, ես ուշադրությամբ չեմ աղոթում:
- Երբ աղոթում ես, մտածիր, թե ո՛ւմ հետ ես խոսում: Դու խոսում ես Աստծու հետ: Մի՞թե դա կարևոր չէ: Երբ որևէ մեկն ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ է խոսում, ապա ինչպիսի՜ ուշադրությամբ է արտասանում յուրաքանչյուր բառը: Հետևում է, որպեսզի որևէ հիմարություն չասի, երբեմն նույնիսկ խոսելու ունակությունն է կորցնում շփոթմունքից: Եթե մարդու հետ այսպիսի ուշադրությամբ ենք խոսում, ապա ինչպիսի՞ ուշադրությամբ պիտի Աստծու հետ խոսենք: Երբ փոքր երեխան գնում է՝ հոր կամ որևէ մեծահասակի հետ խոսելու, շփոթմունք է զգում: Իսկ երբ ցանկանում է որևէ բան ասել ուսուցչին, որից մի փոքր վախենում է, ապա ավելի շատ է շփոթվում: Իսկ մենք հենց Իր՝ Աստծու հետ ենք խոսում, Սուրբ Աստվածածնի, սրբերի և չե՞նք հասկանում դա:
- Մինչ մենաստան գալը ես մենակեցությունը կապում էի աղոթքի հետ, հա՛յր: Իսկ այժմ դժվարանում եմ աղոթել և կարծում եմ, որ աղոթքն ամենածանր ու հոգնեցուցիչ գործն է:
- Կարծեմ բանասիրական կրթություն ունես, չէ՞: Քեզ դուր է գալիս խոսել և չես հոգնում մարդկանց հետ զրուցելուց: Իսկ Քրիստոսի հետ, Որը քեզ զրույցի է արժանացնում, դժվարանում ես խոսել: Դա արդեն չափազանց է: Նույնն է, թե ասես. «Օ՜ֆ, պետք է գնալ՝ թագավորի հետ խոսելու: Ամենևին ցանկություն չկա, բայց ինչ արած: Ստիպված եմ գնալ»: Քրիստոս մեզ հնարավորություն է տալիս՝ աղոթքի միջոցով մշտապես Իր հետ շփվելու, իսկ մենք չե՞նք ուզում: Այ քեզ բա՜ն: Եվ զարմանալին այն է, որ Նա Ինքն է ցանկանում օգնել մեզ, միայն թե դիմենք Իրեն, իսկ մենք ծուլանում ենք:
- Հա՛յր, ես հաճախ ընկնում եմ դատարկաբանության մեջ, իսկ հետո վշտանում եմ:
- Մի՞թե ավելի լավ չէ Քրիստոսի հետ խոսել: Քրիստոսի հետ խոսողը երբեք չի զղջում: Դատարկաբանությունն, իհարկե, կիրք է, բայց եթե այն հոգևոր նպատակներով գործածես, ապա կարող է աղոթքի սկիզբը դառնալ: Ուրիշները ծուլանում են նույնիսկ խոսել: Իսկ քո մեջ զրուցելու ուժ և եռանդ կա: Եթե դա հոգևոր առումով օգտագործես, ապա հոգիդ կմաքրագործվի: Ջանա մարդկանց հետ միայն անհրաժեշտի մասին խոսել և մշտապես Քրիստոսի հետ խոսիր: Բավական է միայն հեզ զրույց սկսել Նրա հետ և կդադարես նշմարել, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ. այնքան քաղցր ու հետաքրքիր կլինի այդ շփումը: Ես նույնիսկ հոգևոր թեմաներով զրույցներից եմ հոգնում, իսկ աղոթքի մեջ իսկապես հանգստանում եմ:
Աղոթքը զրույց է Աստծու հետ: Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, որոնք Քրիստոսի օրերին են ապրել, քանի որ նրանք իրենց աչքով են տեսել Նրան և իրենց ականջով լսել, նույնիսկ հնարավորություն են ունեցել՝ Նրա հետ խոսելու: Բայց կարծում եմ, որ նրանցից լավ վիճակում ենք գտնվում, քանի որ նրանք չէին կարող հաճախակի անհանգստացնել Նրան իրենց կարիքներով, իսկ մենք կարող ենք աղոթքի միջոցով մշտապես շփվել Քրիստոսի հետ:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը