25 Նոյեմբեր, Բշ
Ահեղ դատաստանը սարերի հետևում չէ։ Ես դա զգում եմ ջրից, հողն ու օդը լի են սպասումով, կրակը անհանգիստ է վառվում, բոլոր չորս տարերքները և հատկապես հինգերորդը՝ եթերը, լի են նախազգացումներով ու խռովքով։
Եվ կգա Տերը փառքով ու սուրբ հրեշտակների գնդերով։
Եվ ազնիվ առաքյալները կնստեն տասներկու աթոռներին՝ դատելու բոլոր ազգերին։
- Միայն տասներկո՞ւսը։ Իսկ Պողոս առաքյա՞լը։ Չէ՞ որ նա թեպետ առաջին աշակերտների թվում չէր, սակայն նրանցից պակաս չի տքնել, եթե ոչ՝ ավելի։ Սակայն նրա համար ոչ մեկն անգամ մի փոքր աթոռակ՝ թող անգամ տասներեքերորդը լինի, չի դնելու, քանի որ ինչպես հայտնի է «տասներեքերորդ առաքյալն ու տիեզերքի դատավորը» Ալեքսանդրիայի պատրիարքն է։
Հռոմեական եպիսկոպոսությունն իր սերնդաբանությունը հաշվում է Պետրոս առաքյալից, Կոստանդնուպոլսինը՝ սուրբ Անդրեասից, և ձեզ կներկայացնեն եպիսկոպոսական ժառանգության ծանրակշիռ տոհմաբանություն՝ հատուկ իրավունքների և արտոնությունների հիմնավորմամբ։ Եթե Պողոս առաքյալը հայտնվեր մեր դարաշրջանում, ապա աթոռների հեղինակության համար հայտերի վեճերը կզվարճացնեին նրան։ Առանց այդ էլ նա իր թղթերում եփեսացի քրիստոնյաներին պատվիրում է, որպեսզի «չկապվեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանություններին, որոնք մանավանդ պատճառ կլինեն վեճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հավատի վրա են հիմնված» (Ա Տիմ․ 1։4)։
Նա միայն Հիսուսով էր ապրում, և որքան ահազդու ու խիզախ է հնչում նրա խոստովանությունը․ «Որովհետև իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մեջ այլ բան, եթե ոչ՝ միայն Հիսուս Քրիստոսին և նույն ինքը խաչվածին» (Ա Կորնթ․ 2։2)։
«Իմ մտքում դրել եմ»-ը բնագրում հունարեն κρίνω բայն է՝ «ես որոշեցի», «ես որոշում կայացրի», այսինքն՝ ոչ թե «ստիպված եղա», որին սովոր ենք կամ ռուսական բնավորությանը հարազատ՝ «այդպես ստացվեց», այլ ակտիվ գործողություն, որոշում, որն ընդունեց գործողության սուբյեկտը՝ գործող անձը․ «Ես որոշեցի չիմանալ ձեր մեջ այլ բան, եթե ոչ՝ միայն Հիսուս Քրիստոսին և նույն ինքը խաչվածին»։
Ողջ կյանքի կարգախոսի, հավատամքի պես է հնչում՝ եթե ոչ՝ միայն Հիսուս Քրիստոսին։
Ըստ երևույթին Պողոս առաքյալի բնավորության մեջ կար այդ զարմանալի վճռականությունը, ակտիվ գործելու հակվածությունը, որն ի բնե ակնկալելի է իսկական տղամարդուց։ Հավանաբար դա հենց այն անտիկ առաքինությունն է, որը հելենները կոչում էին ἀνδρεία՝ արիություն, խիզախություն, կյանքի մարտահրավերներին ոչ միայն խոսքով, այլև միշտ արարքով պատասխանելու ընդունակություն:
Կուրության երեք օր
Նա ուղղակի Սողոսն էր՝ լավ ընտանիքի կրթված զավակ։ Քրիստոնյաների վրա մռթմռթալը բավական չէր նրան․ եթե գնալ Քրիստոսի դեմ, ուրեմն մինչև վերջ ու ամբողջությամբ։ Եվ սուրբ Ղուկասը գրում է, որ Սողոսը լցված էր Տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով։ Սպառնալն էլ քիչ էր՝ հասավ այնտեղ, որ հատուկ լիազորություններ ու փաստաթղթեր ստացավ քրիստոնյաներին ձերբակալելու համար, թեև ո՞վ էր նրան խնդրում։ Ոչ մի կիսատություն․ եթե հակաքրիստոնյա ես, ապա 100 տոկոսանոց։
Եվ ահա Դամասկոսի ճանապարհին Քրիստոս հասավ նրան։ Սողոսը կուրացավ լույսից, կորցրեց տեսնելու և այս աշխարհի իրերը զանազանելու կարողությունը, որպեսզի լսի հետապնդվող Աստծու ձայնը․
- Սողո՜ս, Սողո՜ս, ինչո՞ւ ես հալածում Ինձ։
Եվ թեև Սողոսը սարսափից ընկել էր ճանապարհի փոշու մեջ, պատասխանեց ինչպես Սողոսը՝ մոլորված, սակայն իր քաջարի ազնվությամբ․
- Ո՞վ ես, դու, Տե՛ր։
Այսինքն՝ ո՞վ է խոսում։ Տեղին կլիներ աղերսել խնայել իրեն, ներողություն խնդրել, սակայն Սողոսն այդպիսին չէր․ նա հարցին հարցով է պատասխանում, անգամ Աստծու հետ խոսում է տղամարդավարի։ Եվ լսում ի պատասխան․
- Ես Հիսուսն եմ, Որին դու հալածում ես։
Կուրացած Սողոսը, մերկացված, բայց առաջվա պես քաջարի, պատասխանում է այնպես, ինչպես վայել է տղամարդուն՝ նա գործելու պատրաստակամություն է հայտնում․
- Տե՛ր, ի՞նչ կհրամայես, որպեսզի անեմ։
- Ոտքի՛ կանգնիր և այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կասվի, թե դու ի՛նչ պետք է անես։
Տերն ուղիղ խոսում է միայն նրանց հետ, ովքեր պատրաստ են գործով պատասխանելու Նրան։
Եվս երեք օր Սողոսը կույր էր, ոչինչ չէր ուտում ու խմում։
Պահք։ Աղոթք։ Եվ կուրություն։
Ամեն ինչ ձերն է
Աստծու հետ հանդիպումը ժամանակավոր կուրություն է պահանջում մարդուց, որպեսզի մի որոշ ժամանակ այս աշխարհի իրերը թաքնվեն նրանից՝ իրենց տեղը զիջելով Աստծու հայեցությանը։
Հին ճգնավորները համարում էին, որ այդ առաջին անգամ Պողոս առաքյալին հայտնվելը զգայական էր, նա վերապրեց հայեցության առաջին աստիճանը, իսկ ապա ողջ կյանքի ընթացքում աստիճանաբար բարձրանում էր Աստծու տեսության հաջորդ աստիճաններով, որոնց նկարագրության համար բառերն արդեն չէին հերիքում և նա ուղղակի խոստովանում էր՝ և գիտեմ այդպիսի մարդու (թե մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստվա՛ծ գիտե), որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս արտոնված չէ խոսել (Բ Կորնթ․ 12։3-4)։ Սակայն անգամ այդ առեղծվածային փորձն ինքն իրենով կարևոր չէր նրա համար, անգամ այդ հայեցություններն էին ոչինչ հանուն Հիսուսի։
Սողոսը սպառնում էր և սպանության կրքով էր բռնված իր աստվածմարտության ժամանակաշրջանում։ Առաքյալ դառնալով՝ Պողոսը շնչում և ապրում էր միայն Հիսուսով, Նրա կյանքով ու Նրա շնչով։ Այստեղից էլ նրա ողջ կյանքի ու ծառայության կարգախոսը՝ ոչինչ, բացի Հիսուսից։
- Բայց մի՞թե դա խայտառակություն չէ։ Մի՞թե կարող է այդպես ասել քրիստոնյան, որը բոլորին պարտք է, պարտավոր է ուշադրություն դարձնել բոլորին, բացել իր սիրտը, ամեն կանչին շտապել բարությամբ պատասխանել։ Իսկ երեխանե՞րը։ Իսկ ի՞նչ կլինի երկրի վիճակը, եթե յուրաքանչյուրն իր համար նման կարգախոս ընտրի։ Ո՞վ կարգ ու կանոն կհաստատի եկեղեցում։ Ի վերջո, այնքա՜ն հրաշալի բաներ կան աշխարհում՝ երաժշտություն, գրքեր, կինո, կատուներ, լեռնադահուկային հանգստավայրեր, գեղեցիկ ֆուտբոլ և անհավանական կարկանդակներ, այդ ամենից ևս պետք է հրաժարվե՞լ։
- Արդարացի կշտամբանք է, եթե չլիներ առաքյալի կարգախոսի երկրորդ հատվածը․ «ձերն է ամեն ինչ՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհ, թե՛ կյանք, թե՛ մահ, թե՛ այն բաները, որ կան, թե՛ լինելիքները. ամեն ինչ ձերն է․ դուք Քրիստոսինն էք, իսկ Քրիստոս՝ Աստծունը» (Ա Կորնթ․ 3։21-23):
Սա Տիրոջ հայտնի խոսքերի պողոսյան տարբերակն է․ «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ․ 6։33):
Չի կործանվի, չի դառնա անպետք, այլ՝ ավելիով կտրվի, այսինքն՝ իր օրինական և բնական տեղը կգրավի մեր կյանքում։
Վախենում եմ խորհրդածելուց
Բայց որպեսզի իրերն ու բառերը վերադառնան իրենց օրինական տեղը, երբեմն-երբեմն պետք է նաև կուրանալ, այս ողջ ունայնությունը առ ոչինչ համարել, դուրս գալ պատկերների ու առարկաների պտտահողմից։
Մեզ խլացնում ու հմայում է գոյի աղմուկը, մենք ուղղակի կորչում ու չքանում ենք այդ աղմուկի մեջ։ Հետաքրքրական է, որ եբրայերեն «աղմուկ» բառը երկու իմաստ ունի՝ «սխտոր» ու «ոչինչ»։ Ձեզ կհարցնեն․ «Ма кара́?» (ի՞նչ է պատահել), իսկ դուք կպատասխանեք․ «Шум дава́р» («ոչինչ», տառացիորեն՝ «ոչ մի իր»)։ Ունայնության աղմուկը, որ պտտում, գրավում, շշմեցնում, զվարթացնում է, մեզ շատ է պետք։ Որպեսզի մեզ ողջ զգանք։
Սովետական մի հրաշալի ներկայացում կար «Пятый десяток»։ Ալիսա Ֆրեյնդլիխը փոքրիկ գավառական քաղաքի գրադարանավարուհու դերակատարն էր։ Մայրաքաղաքից մի հայտնի դասախոս է այցելում նրանց, որը արտասովոր բեղուն կյանք ուներ․ հասցնում էր անթիվ հոդվածներ գրել տարբեր ամսագրերի համար, միաժամանակ հասցնելով իր ամենատարբեր թեմաներով զեկույցներով հանդես գալ ամբողջ երկրով մեկ։ Նման հաջողակ հյուրին հրաժեշտ տալով, Ֆրեյնդլիխի հերոսուհին միայն մեկ բան է խնդրում նրան․
- Այդքան մի՛ ընկեք դես ու դեն։
- Եթե դես ու դեն չընկնեմ, կսկսեմ խորհրդածել։
- Դուք էլ խորհրդածեք։
- Ես վախենում եմ խորհրդածելուց։ Շատ եմ վախենում։
Չէ, ես դեմ չեմ դես ու դեն ընկնելուն, վազվզուքին։ Սին հոգսերով տարվելու ունակությունը ինքնապահպանության հին գործիք է, հոգեկան կառուցվածքի պաշտպանիչ մեխանիզմը։ Այդ վազվզուքը օգնում է մեզ ողջ մնալ, հաղթահարել կորուստը, դիմանալ չափազանց մեծ ուրախությանը, թուլացնում է թախիծը։ Կրոնական ծեսերը մեծ մասամբ առաջացել են մարդկանց բնական աճապարողությունից, և անգամ այնտեղ, որպեղ փորձել են վերացնել կրոնը, մարդիկ չեն կարողացել առանց ծիսական իրարանցումի՝ հարսանեկան աղմուկ, թաղումի եռուզեռ, ավարտական երեկոների մխիթարող գվվոց․ այս ամենը պետքական, օգտակար ու արդարացված վազվզուք է։
Սակայն ինչպես ամեն մարդկայինը, վազվուքը ևս դառնում է հիվանդագին, վերածվում է հյուծող տենդի, երբ շատ է, երբ այն կյանքի կարևոր ու միակ բովանդակությունն է, ավելի ճիշտ՝ դրա դատարկությունը՝ դղրդալի ու անհույս, անհամ ու ոչ մեկի չհագեցնող ոչնչի աղմուկը, դրա անպտուղ ու անհետ կերպարների առկայծումը։
Եվ խոսքերի ու իրերի աղմուկի մեջ ինչ-որ տեղ կորել է Քրիստոս։
Ինչպե՞ս կորավ Քրիստոս
Եբրայերեն «давар»-ը և՛ բառ է, և՛ իր։ Բառերն ու իրերը առ ոչինչ համարել հանուն Քրիստոսի, նշանակում է ոչ թե գլուխն ազատել դրանցից, այլ՝ իրական իմաստ հաղորդել դրանց, դնել այնտեղ, որտեղ դրանց տեղն է, լսել դրանց իրական ձայնը տպավորությունների ու վազվզուքի աղմուկի փոխարեն։ Ե՛վ սրբազան կրոնական վազվզուքը մեր սքանչելի ծեսերով ու բարեգործությամբ, և՛ տոնական ու միապաղաղ օրերի առօրեական վազվզուքը օրհնված են Աստծուց, եթե չմոռանալ Աստծուն, հիշել Նրան, չկորցնել խոսքերի, պատկերների ու իրերի աղմուկի մեջ։
Ընկերոջս հետ կապված մի պատմություն կա։ Ձմեռային մի մութ երեկո մայրիկը նրան վերցնում է մանկապարտեզից, նստեցնում սահնակին ու քաշելով տանում ձնե արահետով։ Ինքն էլ ուրախ կլիներ, եթե ինչ-որ մեկն էլ իրեն հոգատարությամբ տաներ, այնքան էր հոգնել աշխատավայրում։ Եվ մինչ քաշում է սահնակը, չի էլ նկատում, թե փոքրիկն ինչպես է շրջադարձին ընկնում ձնակույտի մեջ ու մնում այդպես պառկած, գլխաշորերով փաթաթված։ Լավ է, որ նրանց հետևից ինչ-որ խոժոռ քեռի է անցնելիս լինում, երեխային վերցնում է ու հասցնում ձայն տալ արդեն բավականին հեռացած ցրված մայրիկին։ Պստիկին մեծարանքով վերադարձնում են։
Կյանքում ամեն ինչ պատահում է։ Կրոնի մեջ էլ են լինում կորուստներ։ Մենք արձագանքում էինք «քրիստոնյա» ազնիվ անվանը և ամեն ինչի ձեռք գցում և ամեն ինչի հետ գործ ունեինք․ տարվեցինք, մեզ ու մեր հարազատներին հոգնեցրինք, շշմեցինք խոսքերի ու իրերի աղմուկի մեջ՝ սուրբ խոսքերի ու սուրբ իրերի, և ամենակարևոր Մեկը, հանուն Որի այդ ամենն արվում էր, և քիչ զոհողություններ չէին արվել, կորավ ճանապարհին, իսկ թե երբ ու որտեղ՝ դժվար թե գտնես։
Մեզ կշտամբելու հարկ չկա։ Մենք ուղղակի մարդ ենք։ Ինչ ասես, որ չի պատահում մեզ։ Տկար ենք։ Ինչպես մի հին ֆիլմի հերոս էր ասում․ «Ես ֆիզիկապես թույլ և բարոյապես անկայուն մարդ եմ»։ Համաձայն եմ։ Ստորագրում եմ։ Ամեն ինչ իմ մասին է։
Եվ ես միակը չեմ այդպիսին Եկեղեցում։ Ճիշտ է, կան և ուրիշները՝ ուժեղ ու վճռական։ Նրանց կյանքի ռիթմն ուրիշ է, նրանց աչքերում կրակ կա, իսկ խոսքը խանդավառում է։ Սակայն մեզ՝ նվաղներիս ու անկայուններիս, պետք են կանգառներ, որպեսզի շրջվենք ու նայենք՝ արդյո՞ք սահնակին է երեխան, շուրջբոլորը նայենք, ուղղակի հանդարտվենք։
Սուրբծննդյան պահքը պետք չէ իսկական քրիստոնյաներին, որովհետև Քրիստոս միշտ նրանց հետ է, իսկ նրանք՝ Քրիստոսի ու Քրիստոսի մեջ։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչ կարիք կա հատուկ ժամանակ առանձնացնել Նրա համար, Ով առանց այդ էլ մեզ հետ է յուրաքանչյուր պատարագին և անգամ ավելին՝ յուրաքանչյուր շնչի, յուրաքանչյուր ժեստի ու հայացքի մեջ, որովհետև այդպիսի մարդկանց համար ողջ աշխարհը դարձել է սուրբ տաճար, Աստծու հավիտենական ներկայության վայրը։ Պահքերը պետք չեն նրանց, ովքեր չեն բաժանվում իրենց Փեսայից, ինչպես որ Ավետարանում է ասված։ Իսկ ես չեմ կարող առանց պահքի։
Հատուկ ժամանակը խիստ անհրաժեշտ է, որպեսզի հավաքես քեզ, մտքերդ ու զգացմունքներդ, որ խոսքերի և իրերի անվերջ շուրջպարի մեջ այնպես են թափառում, որ անգամ չես էլ հիշում, թե որտեղ ես, ում մասին ես խոսում և կաս արդյոք իրականում։
Ո՞վ եմ ես։
Ո՞ւր եմ վազում։
Ո՞ւմ համար եմ ապրում, շարժվում ու արարում։
Ինչպե՞ս կարող էի Նրան թողնել իմ հետևում։
Որտե՞ղ բաժանվեցինք։
Սրանք ճիշտ հարցեր են։ Կարելի է դրանցից սկսել։ Դրանք կօգնեն կանգ առնել, հեռանալ իրերի աղմուկից, սանձել տպավորությունները։ Սակայն այդ ամենը իմաստ կունենա միայն այն ժամանակ, երբ բոլոր հոգևոր ճգնությունների կենտրոնում մշտապես հնչի առաքելականը․
- ՈՉԻՆՉ, ԲԱՑԻ ՀԻՍՈՒՍԻՑ։
Ծայրագույն վարդապետ Սավվա (Մաժուկո)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը