23 Նոյեմբեր, Շբ
Արարչության երկրորդ օրը հիմք դրվեց երկնքի հաստատությանը և Արարչի խոսքով վերին ջրերը բաժանվեցին ներքևում եղող ջրերից: Եվ, ինչպես որ մարդկային մտքին հասու չէ հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունը, նույնպես և հրեշտակների զորքերի համար էլ անհաս ու ծածուկ է մեր փրկության համար Աստծո մարդեղության խորհուրդը: Այն առաջին արարչության ժամանակ արգելվեց վերին արփիի ծագումն այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, մեր Աստծո՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնախմբության երկրորդ օրը, որ նոր արարչագործություն է, բազում պատճառներով տոնվում է Սուրբ Ստեփանոսի հիշատակը:
Նախ քանի որ ձեռնադրվեց որպես առաջին սարկավագ մեր մեծ քահանայապետ Քրիստոսի՝ Նրա իսկ առաքյալների կողմից: Այս եղավ, քանի որ ճշմարիտ քահանայապետի հայտնվելու ժամանակ հարկ էր, որ Նրա առաջ սպասավորություն կատարող մի սարկավագ լիներ: Երկրորդ, Սուրբ Ստեփանոսը, ինչպես որ առաջին սարկավագն էր, նույնպես և առաջին զինվո՛րն ընտրվեց մեր իսկ բնությունից` թագավոր Քրիստոս-Աստծո համար` լինելու վկան, սարկավագն ու զինվորը Նրա անմահ թագավորության, քանի որ ճշմարիտ Թագավորի երևալու ժամանակ անհրաժեշտ է նաև զինվորի ներկայությունը Նրա առաջ: Երրորդ պատճառը մեր Փրկչի՝ Իրեն սիրողների մասին հանդերձյալ կյանքի համար ասած այն խոսքն է, թե «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ պաշտոնյան կլինի», այսինքն՝ Նրա սիրելինե՛րն են, որ պիտի վայելեն Իր աստվածության պատիվն ու փառքը: Այս խոստումը հե՛նց այստեղ պիտի կատարվեր, քանի որ բոլոր քրիստոնյաների կողմից մեր Փրկչի հայտնությունը փառավորությամբ պատվելու հետ մեկտեղ տեղին էր նաև ծառային իր Տիրոջ՝ Քրիստոսի հետ պատվել։ Առաջին վկային՝ սուրբ Ստեփանոսին, ճշմարիտ վկայի՝ Քրիստոսի՛ հետ մեկտեղ, ով վկայեց Պոնտացի Պիղատոսի առջև: Նույնպես և զինվորին` Թագավորի հետ, սարկավագին` Քահանայապետի, և աշակերտին՝ իր Վարդապետի հետ: Այս պիտի կատարվի, որպեսզի տեսանելի լինի ծառայի պատիվը՝ Տիրոջ պատվի հետ, և բոլորը, քաջալերվելով, հոժարությամբ գնան նրա ետևից՝ այդ սքանչելի պատվին հասնելու համար: Զարմանալի է, սակայն, չորրորդ պատճառը, քանի որ երբ Ադամը՝ մեղանչելով, հանցանք գործեց, նրանից ծածկվեց Աստծո փառքի տեսությունը և նրա ու նրանից հետո եղող բոլոր սերունդների առաջ փակվեց ա՛յն երկինքը, որի հաստատության հիմքերը գցեց Աստված արարչության այս երկրորդ օրը:
Իսկ այսօր էլ Աստված մարդկանց փրկության համար իջավ երկնքից, որպեսզի մարդկային բնությունը բարձրացնի Իր աստվածային բնության աստիճանին: Ու թեպետ մեր բնության պատճառով էր, որ փակվել էին երկնքի դռները, սակայն Աստված՝ մարդանալով, իջավ երկնքից, քանի որ պետք էր, որ հայտնվի մեկը մեր տկար ու հաղթված բնությամբ և իր քաջությամբ արիանա ու բացի Ադամի մեղքով փակված երկնքի մուտքը։
Ա՛յս էր սկիզբը ողորմության և շնորհների, որ եղավ սուրբ Ստեփանոսի միջոցով, ով իր նահատակության ժամին աղաղակեց բարձր ձայնով ու ասաց. «Ահա՛ տեսնում եմ երկինքը բացված»։ Ա՛յն երկինքը, որը, ինչպես հայտնի է, փակվել էր Ադամի հանցանքի պատճառով: Նա ասում է նաև․ «Եվ տեսնում եմ Հիսուսին, որ կանգնած է Աստծո աջ կողմում»: Սա այն նույն տեսությունն էր, որ ծածկվեց Ադամից, և այս նույն տեսությունն էր, որ երևաց մեծն Ստեփանոսին: Աստվածային ա՛յն փառքի տեսությունը, որը որ մինչև սուրբ Ստեփանոս, մարդկանցից ոչ ոք հայտնապես չէր տեսել: Եվ ուրեմն, հիրավի, այս երկրորդ օրը նա պատվվում և մեծարվում է իր Տիրոջ հետ միասին, քանի որ նա իր նահատակությամբ երկնքի երկրորդ բացումն արեց ու մուտք գործելով երկինք՝ բացեց այդ ճանապարհը մարդկանց առաջ: Չէ՞ որ Քրիստոսի՝ երկինք համբարձվելուց հետո, որով բացվեցին երկնքի դռները, նախ Սուրբ Ստեփանո՛սն էր, որ երկինք ելավ և ամենքին էլ հորդորեց սրտի ու մտքի հոժարությամբ գնալ իր ետևից: Եվ սուրբ Ստեփանոսի դեմքի լուսավորությունն էլ հայտնի էր դարձնում Սուրբ Հոգու միանալը Իր ծառային: Իսկ Հիսուսի՝ Աստծո աջ կողմում կանգնած լինելն Իր ծառային սպասավորելու, քաջալերելու և լուսե պսակը մատուցելու համար էր:
Արդարև, Քրիստոսի մկրտությամբ բացվեց առաջին երկինքը, իսկ Նախավկայի նահատակությամբ երկրորդ երկինքը բացվեց: Արդ, այնժամ, երբ մարդացյալ Աստված երևաց մեզ, միևնույն ժամանակ տոնախմբությամբ երևում է մեզ նաև մա՛րդն աստվածացյալ՝ պատվված և փառավորված լինելով ծառայի՝ Տիրոջ հետ տեսության հիշատակումով:
Այս պատճառով է, որ մեր բնության նորոգման երկրորդ օրը հիշատակում ենք սուրբ Ստեփանոս Նախավկային և սուրբ Հովհաննես Կարապետին` Քրիստոսի մկրտչին, քանի որ երկնքի առաջին բացումը սուրբ Հովհաննեսը տեսավ, և ապա երկրորդը` սուրբ Ստեփանոսը` նախավկան մեր Աստծո՝ Քրիստոսի։ Ուստիև, շնորհիվ Քո Նախավկա սուրբ Ստեփանոսի ամենահանդես տոնի, ճշմարի՛տդ Աստված, ողորմի´ր և այս գիրը կարդացողին։ Ամեն։
Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը