Հռոմում Դեկոսի և Վաղերիանոսի թագավորելու ժամանակներում հասարակությանը հրամայեցին զոհեր մատուցել և տոնախմբել աստվածների համար: Կանչեցին ապա բոլոր ծերակուտականներին` միաձայն ծանուցեցին նրանց իրենց սահմանած օրենքի հրամանը և իրենց կամքին համախորհուրդ գտնելով նրանց` խիստ ուրախացան: Ապա հրամայեցին տարածել թագավորի և ծերակույտի անդամների գրավոր օրենքը, և հետևյալ օրինակը տեղադրեցին [Յուպիտերի] տաճարում.
«Քաջ, ինքնակալ և հաղթող թագավորները` երևելի ու հռչակավոր Դեկոսն ու Վաղերիանոսը, ծերակույտի հետ համակամ, տեսան աստվածների բարեգործությունն ու պարգևները, նաև վայելեցին նրանց շնորհած հաղթությունը, որ նրանց միջոցով տրվեց մեզ թշնամի ազգերի նկատմամբ: Եվ ոչ միայն դրա, այլ նաև ճոխ պարգևներ և երկրի զանազան պտուղներն [ստանալու] և [դրանց] համեղությունն զգալու, ինչպես և հանրության խաղաղության համար` միասնական հրամանով սահմանում ենք, որ բոլոր մարդիկ` ազատներն ու ծառաները, զինվորագրվածներն ու գյուղացիները բարեմտությամբ զոհ մատուցեն աստվածներին` առաջներն ընկած աղաչելով: Իսկ եթե որևէ մեկը կամենա արհամարհել մեր կողմից համաձայնաբար ստորագրված աստվածեղեն գրությունը, հրամայում ենք, որ այդպիսին կապանքներով բանտարկվի և այդպես զանազան տանջանքներով չարչարվի: Իսկ եթե համաձայնի [պաշտել աստվածներին], ոչ սակավ պատվի կարժանանա մեր կողմից: Իսկ եթե [մեկն] ընդդիմանա, թո՛ղ բազում տանջանքներ կրի սրով, կամ նետվի [ծովի] խորքերը, կամ հավքերին և շներին տրվի իբրև կերակուր: Եվ առավել ևս եթե քրիստոնեական կրոնից լինեն ոմանք, թո՛ղ պատժվեն, իսկ եթե մեր աստվածների ավանդույթներին գան` պատվի և պարգևների կարժանանան` բարին գործելով»:
Երբ նոր էր գրվել թագավորական գիրը, ամբողջ [Հռոմ] քաղաքը խռովությամբ լցվեց, [և] ընդհանրապես ամեն քաղաք անաստված գիրն ստանալով` խռովվում էր: Այդ ժամանակ այնպես եղավ, որ բարբարոսները պատերազմ սկսեցին հռոմայեցիների դեմ, և [հոռոմոց] թագավորները, պատրաստելով իրենց զորքերը, հրամայեցին հավաքվել և հասնել [Հռոմ] քաղաքի մոտ և դրոշ [պարզել] ի մարտակցություն: Դրանից հետո յուրաքանչյուր քաղաք[ից] և գավառ[ից] հասան [զորքերը] այդ պատերազմական զորաժողովին: Հասավ նաև մարտինսացվոց կոչված [գունդը]` Առաջին Հայքի կողմերից, Տրիբունի հետ, որի անունը Սամուռնելիոս էր:
[Եվ] Դեկոսը պատերազմի մեկնեց, իսկ Վաղերիանոսը պարծենում էր Հռոմում:
Եվ երբ բարբարոսների ու հռոմայեցիների պատերազմը երկար ձգվեց, ապա մեկին մարտինոսացիներից, որ Առաջին Հայքի կողմերից էին, ուխտի տեսիլ երևաց. նրան մի լուսավոր և գերամեծար այր հայտնվեց, որ աջ ձեռքում սուր էր բռնել, և ասաց նրան. «Մեռկուրիե՛, մի՛ երկնչիր և մի՛ երկյուղիր, որովհետև առաքվեցի քեզ օգնելու և իբրև հաղթող քեզ ի ցույց դնելու համար. ընդունի՛ր այս սուրը և մտիր [կռվի մեջ] ընդդեմ բարբարոսների: Եվ երբ հաղթես, չմոռանաս քո Տեր Աստծուն»: Իսկ նա զարմանքի մեջ ընկած, կարծեց, թե հավաքված իշխաններից մեկն է [դա]: Ընդունելով [սուրը]` ամրապնդվեց և հարձակվեց բարբարոսների վրա և դրանով հարվածելով` սպանեց բարբարոսների ցեղապետին և շատ ուրիշներին էլ կոտորեց, այնքան, որ խիստ հոգնեց նրա բազուկը և արյունից սուրը ձեռքին կպավ, և այդպես փախան բարբարոսները, երբ հարվածներ ստացան հռոմայեցիներից:
Այնժամ Դեկոսն իմացավ քաջի կռվի մասին և իր մոտ կանչելով` նրան ստրատելատության աստիճան շնորհեց և զորքի ղեկավար կարգեց: Դեկոսը կարծելով, թե աստվածների նախախնամությամբ է կռվի հաղթանակը, զորականներից շատերին տարբեր տեղեր ուղարկեց, իսկ ինքը դեպի Հռոմ շարժվելով` շրջում էր քաղաքներում` բոլորի կողմից մեծագույն պատիվներ ստանալով:
Եվ մի գիշեր, երբ [Մեռկուրիոս] ստրատելատը ննջում էր, առաջին անգամվա պես նրան մոտեցավ Տիրոջ հրեշտակը և կողին հպվելով` արթնացրեց նրան, իսկ նա երկյուղեց և զարմացած մնաց: Եվ հրեշտակն ասաց նրան. «Մեռկուրիե՛, հիշի՛ր ինչ ասվեց քեզ զորահավաքի ժամանակ` «Չմոռանա՛ս քո Տեր Աստծուն»: Քո պարտքն է Նրա համար հավատքով ճգնել և բոլոր սրբերի հետ հաղթության պսակ ընդունել փառավոր արքայության մեջ»: Եվ այս ասելով` հրեշտակը հեռացավ նրանից:
Իսկ նա, ուշքի գալով և հիշելով, գոհացավ Աստծուց, որովհետև իր նախնիներից` [հորից և պապից] սովորել էր քրիստոնեական հավատքը: Եվ նրա հայր Գորդիանոսը, որ առաջին ատենադպիրն էր նույն գնդի, բազում անգամ ասել էր. «Երանի՜ նրան, որ զինվորագրվում է երկնային Թագավորին, որովհետև նրան կպարգևվի երկնքի արքայությունը, որովհետև Թագավորն այն խոսքով ստեղծեց բոլոր արարածներին, և Նա է գալու ողջերին ու մեռածներին դատելու և յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր գործերի»: Միտքը բերեց հոր խոսքերը և տեսիլը, որ իրեն երևաց, Սուրբ Հոգուց բերկրեց սիրտը, և սկսեց արտասվել, խոստովանել և այսպես ասել. «Վա՜յ ինձ` մեղավորիս, որ ծառի բարի արմատի շառավիղ լինելով` չորացա, որովհետև չունեի Աստծու գիտության պտուղը»: Եվ երբ նա ասում էր այս, թագավորի կողմից Սեղենտրիոսը շատ ուրիշների հետ ուղարկվեց` նրան թագավորի մոտ կանչելու: Իսկ երբ նա հրաժարվեց, թագավորը ժամադրեց ժողովարանում և հաջորդ օրն այնտեղ գնալով` կանչեց նրան: Երբ նա եկավ, և ժողովարանը լցվեց, թագավորն ասաց նրանց. «Ամենքս գնանք Արտեմիդայի տաճարը և զոհ մատուցենք բոլոր աստվածներին»: Ապա հավաքվեցին թագավորի մոտ: Մեռկուրիոսը նույնպես կանչվելով` գնաց թագավորի մոտ` հրապարակ: Եվ մեծամեծներից մեկը թագավորի մոտ չարախոսում էր նրան` ասելով. «Ո՛վ մեծ թագավոր, որ քաջ և հաղթող ընտրվեցիր աստվածների կողմից և թագավորությունդ խաղաղությամբ պահեցիր: Նա, որ Ձերդ ինքնակալ իշխանությունից պատվվեց և փառավորվեց, [չի ենթարկվել] Ձեր աստվածային հրամանին, չի եկել մեծ աստված Արտեմիդայի տաճարը և զոհ չի մատուցել Ձեր տերության համար»:
Թագավորը հարցրեց. «Ո՞վ է սա»: Կատեղոս հիպարքոսը պատասխանեց. «Մեռկուրիոսն է, որին տարբեր պատիվներով պայծառացրել և բարձրացրել եք, ավելի քան մյուսներին, և նա աստվածներին չպաշտելով երկմտանքի մեջ է գցում մյուսներին»: Դեկոսն ասաց. «Թերևս մարդու հանդեպ նախանձով բռնված այսպիսի բաներ բարբառեցիր, բայց չեմ լսի քեզ, մինչև ինքս չիմանամ ճշմարտությունը, որովհետև ավելի հավատում եմ աչքերիս, քան ականջներիս, լռի՛ր. արդյո՞ք չարություն չունես նրա դեմ: Եվ եթե ինչ-որ չարամտությամբ շարժվելով ես այսպիսի բաներ խոսել, մեծ պատիժ կստանաս, իսկ եթե քո ասածը ճշմարիտ է` պարգևներ և պատիվ կստանաս ինձնից` անկեղծ և բարեմիտ կերպով աստվածներին [նվիրված լինելուդ համար]»: Եվ պատվով ու հարգանքով Մեռկուրիոսին հրամայեց իր մոտ գալ: Երբ նա եկավ, թագավորն ասաց նրան. «Մեռկուրիո՛ս, արդյո՞ք ես քեզ այդպիսի մեծ պատվով չպատվեցի, զորավար չկարգեցի բոլոր զորքերին, այն բանի համար, որ աստվածների կամքով քո շնորհիվ եղավ հաղթությունը պատերազմի: Ինչո՞ւ, արհամարհելով իմ պատիվը, վատաբարո կերպով շարժվեցիր և կամենում ես իմ պատիվներն արհամարհել` աստվածներին չերկրպագելով, ինչպես այժմ լսեցի ոմանցից»:
Իսկ Քրիստոսի հզոր և քաջ զինվորը առաքյալների խոսքի նմանությամբ` իր գործերով և ցանկություններով ի բաց մերկացավ հին մարդուն և Աստծուց ստացած մկրտությամբ հագավ նորը և վստահանալով ի Քրիստոս` բարձր ձայնով ասաց նրան. «Քո այս պատիվն ինձնից ետ վերցրու, որովհետև ես Աստծու պարտադրանքով այստեղ եկա և հաղթեցի սատանային, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ հաղթեցի բարբարոսներին: Քո բոլոր պատիվները, որ տվել ես ինձ, ետ ընդունիր, որովհետև մերկ ելա իմ մոր որովայնից և դարձյալ մերկ եմ գնալու այն աշխարհը»: Եվ հանելով քղամիդը և քանդելով գոտին` թագավորի ոտքերի առջև նետեց` աղաղակելով և ասելով. «Ես քրիստոնյա եմ, և ամենքդ լսեցե՛ք, որ քրիստոնյա եմ»: Այնժամ Դեկոսը բարկացավ ու միևնույն ժամանակ նաև զարմացավ նրա համարձակությունից, հիացավ նրա վայելչությամբ և հասակով: Հրամայեց նրան բանտ նետել` ասելով. «Այս մարդը չգիտակցեց պատիվը, գոնե անպատվությունը թո՛ղ զգա»,-կարծելով, թե դրանով կհամոզի նրան հեռանալ բարեպաշտ խորհուրդներից: [Մինչդեռ] վկան բանտ գնալով` գոհանում և ցնծում էր` Աստծուն փառավորելով:
Եվ այդ գիշեր նրա մոտ ուղարկվեց Աստծու հրեշտակը և ասաց. «Քաջալերվի՛ր, Մեռկուրիո՛ս, և մի՛ վախենա: Հավատա՛ Քրիստոսին, որին Տեր խոստովանեցիր, որովհետև կարող է քեզ փրկել բոլոր նեղություններից»: Եվ Քրիստոսի սուրբ վկան հրեշտակի տեսիլքով առավել զորացավ: Եվ հաջորդ օրը Դեկոսը նստեց ատյանում, հրամայեց նրան բերել և կանգնեցնել իր առջև: [Եվ] ասաց նրան. «Քո չար բարքի համար այսպիսի՛ պատիվ է քեզ վայել»: Սուրբ վկան պատասխանեց. «Այո՛, այսպիսի պատիվ է ինձ վայել, որովհետև անցավորը վերցրիր, սակայն հավիտենականը կմնա: Փոխանակ այս [պատիվների], որ քեզնից են, Քրիստոսից կընդունեմ»: Թագավորը խոսեց. «Ասա ինձ քո ազգն ու հայրենիքը»: Իսկ նա ասաց. «Ես կասեմ քեզ իմ ճշմարիտ հայրենիքը. հայրն իմ Գորդիանոս էր կոչվում, սկյութական ազգից էր և մարտինոսացիների գնդին զինվորյալ: Իսկ հայրենիքն իմ, որին ձգտում եմ` երկնային Երուսաղեմն է, որ երկնավոր Թագավորի քաղաքն է»: Թագավորը հարցրեց. «Այդ անունը ծնողների՞ցդ ստացար, թե` երբ զինվորագրվեցիր»: Սուրբն ասաց. «Զինվորագրվելիս` տրիբունի կողմից կոչվեցի Մեռկուրիոս»: Թագավորն ասում է. «Այժմ ինչ կասես բոլոր մարդկանց տրված հրամանի մասին. կերկրպագե՞ս աստվածներին` դարձյալ ընդունելով քո առաջին պատիվը, թե՞ քեզ հաճո է տանջանքներով մեռնել: Շուտ ասա՛, գիտենալով, որ դրա համար կանչվեցիր»: Մեռկուրիոսն ասաց. «Ես եկա Քրիստոսի [անվան] համար տանջանք կրելու: Որպես ասացի, այժմ կրկնում եմ. եկա, որ հաղթեմ քեզ և բոլոր չարիքների պատճառ բանսարկուին, և հաղթության պսակ առնեմ հանդիսադրից` մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Մի՛ հապաղիր և մի՛ ուշացրու, այլ արա քո ուզածը: Ես վերցրել եմ հավատի սպառազինությունը և վահանն Աստծու, որով կհաղթեմ ինձ հակառակ շարժվող բոլոր ուժերին»: Այնժամ թագավորը սրտմտելով և բարկանալով ասաց. «Որովհետև ասացիր, որ զենք և ասպար ունես, կհրամայեմ քեզ մերկացնելով չորս սյուների մեջտեղում բարձրացրած կապել»: Երբ տանջանքն ի կատար ածեցին, թագավորը նրան ասաց. «Երդվի՛ր աստվածներին, այլապես խիստ կձգենք [կապերդ]»: Իսկ սուրբ Մեռկուրիոսը, երկինք հայելով, ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ` Քո ծառային»: Եվ թագավորը հրամայեց սուր դանակով կտրել և կտրատել նրա մարմինը և դրանից հետո կրակի վրա պահել: Եվ արյան առատ հոսումից հուրը մարում էր, և սուրբը ժուժկալությամբ դիմանում էր այդպիսի տանջանքներին: Իսկ Դեկոսը հրամայեց արձակել նրան, որ շուտ չմահանա, և բանտել նրան մի որևէ խավար տեղում: Այնուհետև նրան բարձրացրեցին և բանտ նետեցին: [Եվ որովհետև] հազիվ էր շնչում, կարծեցին, թե կարճ ժամանակից կմահանա:
Իսկ այն գիշեր նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց. «Խաղաղությո՛ւն քեզ, հզո՛ր ճգնավոր»: Եվ մոտենալով նրան` առողջացրեց` բժշկելով մարմնի վերքերը, որ հառնելով փառք վերառաքի Աստծուն: Ապա լսելով, որ երանելին ողջ է, Դեկոսը հրամայեց, որ բերեն և իր առջև կանգնեցնեն նրան: Եվ նրան տեսնելով` ասաց. «[Նա, որ] մահացել և հեռացել էր մեզանից, այժմ այնպես է քայլում, որ թերևս նույնիսկ սպի չունի մարմնին»: Եվ հրամայեց զինվորներին մերկացնել նրան և շոշափել: Եվ նրանք ասում են թագավորին. «Երդվում ենք քո բարեհաղթ մեծությամբ, որ ասես հարված անգամ ընդունած [չլինի], այնքան անվնաս է նրա մարմինը, և բոլորովին վերք չկա վրան»: Թագավորն ասաց. «Ամենայն հավանականությամբ կասի` Քրիստոսն ինձ բժշկեց: Արդյո՞ք որևէ մեկին բանտ չեք թողել` նրա մոտ, որ կազդուրեր»: Իսկ նրանք ասում են. «Երդվում ենք ձեր տերությամբ, որ կառավարում է ամբողջ տիեզերքը. ոչ ոք չի զննել նրան, որովհետև կարծում էինք, թե շուտ կմահանա: Իսկ թե ինչպես առողջացավ և կանգնած է մեր առջև` չգիտենք»: Թագավորն ասաց. «Տեսեք, թե ինչպիսին է քրիստոնյաների կախարդությունը. մինչ այս մեռած էինք կարծում, իսկ այժմ առողջ կանգնած է մեր առջև»:
Եվ խիստ զայրանալով` թագավորն ասաց նրան. «Ո՞վ էր, որ բժշկեց քեզ, ասա համարձակ ամենայն ճշմարտությամբ, որովհետև չեմ կարծում, թե կարող էիր առողջանալ առանց կախարդության»: Սուրբ Մեռկուրիոսն ասաց. «Ինչպես սկզբում ասացի[ր]` իմ Տեր Հիսուս Քրիստոսը, որ ճշմարիտ բժիշկն է հոգիների և մարմինների: Բայց կախարդներին և դյութերին և հոգեհմաներին մեկուսացնելով` կապանքների մեջ է դնում և գեհենի հուրն ուղարկում, որովհետև չճանաչեցին իրենց արարիչ Աստծու ճշմարտությունը»: Թագավորն ասաց. «Դարձյալ տանջանքներով քո մարմինը կվնասեմ և տեսնեմ` կբժշկի՞ արդյոք Քրիստոս Որդին Աստծու, Որին խոստովանում ես»: Մեռկուրիոսն ասաց. «Հավատում եմ Հիսուս Քրիստոսին` ճշմարիտ Աստծուն: Վրաս ինչքան զանազան տանջանքներ գործադրես, չես հաղթի, որովհետև իմ Տեր Հիսուս Քրիստոս Ինքն ասաց. «Մի՛ երկնչեք մարմինը սպանողներից և հոգին սպանել չկարողացողներից, այլ երկնչեք,- ասում է,- հատկապես Նրանից, որ կարող է հոգին և մարմինը կորստյան մատնել գեհենում» (Մատթ. Ժ. 28): Նա է, որ մահվանից հետո դարձյալ հարություն կտա ինձ` Իր ահեղ և արդար դատաստանով»:
Թագավորն այս լսելով` հրամայեց [շիկացած] շամփուրներ բերել և դնել նրա վրա: Երբ այդ արեցին, ինչպես խնկից` մերձակայքում անուշաբույր գոլորշի տարածվեց [սրբի] մարմնից: Եվ [բոլորը] զարմանում էին այն հրաշափառ սքանչելիքից: Իսկ Մեռկուրիոսը, անգամ հոգոց չհանելով, անվեհեր կերպով դիմանում էր այդպիսի տանջանքներին: Դեկոսն ասաց. «Ո՞ւր է քո բժիշկը, թո՛ղ այժմ գա և բժշկի քեզ, որովհետև ասացիր. «Մեռյալներից կարող է ինձ հարություն տալ»: Սուրբ Մեռկուրիոսն ասաց. «Ինչո՞ւ ես իզուր տքնում, այլ [արա՛] ինչ կամենում ես: [Սոսկ] իմ մարմնի վրա իշխանություն ունես, որովհետև անձն իմ Աստված է իշխում, և որքան որ մարմինն իմ ապականվի, նույնչափ հոգին իմ անապական կմնա»: Եվ զայրացած թագավորը հրամայեց կախել նրան [գլխիվայր և պարանոցին մեծ քար ամրացնել], որ քարի ձգելուց` դժնի տանջանքով հոգին ավանդի: Իսկ Աստծու բարեգթությամբ զորացած վկան գոհանում էր Աստծուց` այսպես ասելով. «Նեղության մեջ Քեզ կանչեցի, և լսեցիր ինձ անդորրում»: Եվ այնպիսի տանջանքներում մնաց բազում ժամեր: Ապա Դեկոսը տեսավ, որ [սուրբը] հզորապես դիմանում է իր վրա եկած [չարիք] ներին, և դժնդակություններից ոչինչ չի մերձենում նրան, հրամայեց արձակել և կանչելով իր մոտ` փորձեց փաղաքշական խոսքերով հավանության բերել: Իսկ սուրբն, ընդհանրապես չհամաձայնելով նրա խոսքերին, խիստ և կտրուկ կերպով հակառակվեց նրան: Թագավորը զայրանալով հրամայեց նրան գանահարել պղնձյա ձողերով, այնքան` մինչև արյունը գետին հոսեց: Իսկ իրավամբ անպարտելի վկան կրեց բոլոր նեղությունները` Աստծուց գոհանալով և ասելով. «Փա՛ռք քեզ, Տե՛ր, որովհետև ինձ ևս արժանացրեցիր Քո անվան համար այսքան չարչարվելուն»:
Այնժամ ծանուցեցին Դեկոս թագավորին, որ անփոփոխելի է սրբի կամքը, և հավանության չի գալիս: Եվ որովհետև շտապում էր Հռոմ գնալ, խորհեց և սրով սպանելու վճիռ կայացրեց` ասելով. «Մեր ամենակարողությունը հրամայում է` Մեռկուրիոսին, որ աստվածներին անարգեց և մեր քաղցրության բարեզարդությունն առ ոչինչ համարեց, տանել Կապադովկացիների գավառը և այնտեղ գլուխը հատել, ի ցույց շատերին: Որովհետև ով որ թագավորին հակառակ գործի` կպատուհասվի և կչարչարվի նրա կողմից ու բազում տանջանքներից հետո սրով կստանա մահվան վախճան»:
Եվ զինվորները, որոնց հրամայված էր, նրան վերցնելով տարան և դրեցին գրաստի վրա ու կապեցին: Եվ անասելի տանջանքներին մեծ հանդարտությամբ դիմացող երանելի մարտիրոսին գրաստի վրա դնելով` այդպես գնացին, մինչև կհասնեին Կեսարիա քաղաքը:
Եվ սրբին հայտնվելով` Տերն ասաց. «Մեռկուրիե՛, արի՛ արդեն ինձ մոտ, որովհետև ընթացքը կատարեցիր, հավատը պահեցիր, այժմ ընդունիր քո ճգնության պսակը, քանի որ քեզ այստեղ է տրված վախճանվել»: Եվ զորությունների Տիրոջ վկան ցնծում էր` Սուրբ Հոգու շնորհով Տիրոջ հրամանի մասին իրեն երևացած տեսիլքով: Այնժամ սուրբն ասաց իր մոտ եղած զինվորներին. «Եկե՛ք, եղբայրնե՛ր, կատարեցե՛ք ձեզ հրամայվածը: Իսկ Տերն իմ, որ ամեն մարդու կամենում է կեցուցանել, Իր շնորհներին արժանի կանի և ձեզ բաժին կտա Իր արդարների հետ»: Իսկ նրանք վերցնելով քաղաքից դուրս հանեցին նրան, և նա գոհանում և օրհնում էր Աստծուն: Եվ երանելին պարզեց պարանոցը, և հատեցին գլուխը: Վկայեց մեր Փրկիչ Աստծուն նոյեմբեր ամսի քսանհինգին, և հրաշափառագույն սքանչելիքներ եղան, որ արժան է հիշատակել:
Նրա վախճանից հետո մարտիրոսի մարմինը ձյան պես սպիտակեց և սկսեց յուղերի ու խունկերի անուշահոտություն բուրել: Եվ այս նշանի շնորհիվ շատերը հավատացին Աստծուն: Եվ սրբին դրեցին հենց այն վայրում, ուր մարտիրոսվեց, որ և բազում բժշկություններ էին լինում ի փառս Աստծու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Սուրբ Հոգով հանդերձ, որին փառք և պատիվ և զորություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.