3 Դեկտեմբեր, Գշ
Խաչելությունն ու թաղումը ամենածանր խոնարհությունն է, որի մեջ իջնելով` Քրիստոս մխիթարեց անկյալ մարդուն (Շար., 284, 306) և, մասնակցելով նորա մեղանչական կյանքի ամենավերջին վիճակին, հարության փառքով բարձրացրեց նորան: Քրիստոսի անձնավորությունն ու գործունեությունը փառավորապես հայտնվում է նորա հարությամբ: Եվ ինչպես որ նա իբրև մարդ խաչվեց ու թաղվեց և մտավ մարդկային անկման խոնարհության մեջ, այնպես էլ նա յուր հարությամբ իբրև Աստված` մասնակից արավ մարդուն յուր աստվածային բարձրության, զի Քրիստոս միանգամայն Աստված է և մարդ: Նա յուր հարությամբ հաստատում է հավիտենական արքայությունն` ըստ մարգարեության (Դան., Բ 44): Նորա շնորհաց թագավորության մեջ պետք է մտնի հոգևոր ու մարմնավոր աշխարհն, և այդպես կլինի նորա փառաց թագավորությունը: Նա հաղթեց, և այժմ նորա թագավորությունը հաղթական է, և ինչպես որ մարգարեները, մարգարեանալով Քրիստոսի չարչարանքները, մխիթարում էին հեծող ժողովուրդը, այնպես էլ հաճախագույն ևս նորա հաղթության կանխասացությամբ ոգևորում էին նորան: Այդ մխիթարությունն ու ոգևորությունը իրագործվում է այնով, որ Քրիստոս իջավ դժոխքը, խորտակեց խավարի իշխանությունն և ազատեց իր վրա հուսացող հոգիներին:
Քրիստոսի մահն ու թաղումը կատարելապես մեր մահվան ու թաղման նման չէր լինիլ, եթե նա հոգվով, ըստ մեղանչական մարդու վիճակին, դժոխք չիջներ: Բայց քանի որ նորա հոգին անբաժան է յուր աստվածությունից, հետևաբար և նորա հոգու դժոխք իջնելն աստվածային հաղթությամբ եղավ, որով մեղքի իշխանությամբ պահված հոգիներին ազատություն շնորհեց (Ա Պետ., Գ 19. Եփ., Դ 9. Փիլ., Բ 10): Այս ազատությունը պետք է տար Քրիստոս նաև հոգիներին, զի Փրկիչ է ոչ թե միայն յուր ժամանակակիցների, այլև անցյալ և ապագա մարդկության, ըստ որում և այն մեռածներին, որոնք կա՛մ փրկության հուսով և ավետիքով և կա՛մ անտեղյակությամբ են հեռացել երկրիցս (Շար., 125, 272, 338, 678, 697, 723. Եղիշե, 297, 304. Ս. Հովհ. Իմաստ., 103): Դժոխքի մեջ իջնելով` Քրիստոս ցույց տվավ, որ ինքը Փրկիչ է հոգվոց և մարմնոց և շնորհատու է ոչ միայն այս կենաց, այլև հանդերձյալի: Նորա թագավորությունը տարածվում է ամենուրեք, ուստիև ոչ մի ժամանակ ու տեղ, ոչ մի տարածություն ու վիճակ չէ բաժանում մարդուն յուր թագավորից, բացի գիտակցական անհավատությունը: Այս թագավորական հաղթությունը Ս. Շնորհալու գողտրիկ բանաստեղծությամբ երգաբանում ենք շարականում.
«Որ ի դժոխս իջեր ներքին,
Ի բանդ մահու եւ խաւարին,
Կապեալ զիշխանն մահածին,
Հաներ զհոգիսն, որ ի բանտին:»[1] (էջ 272):
Արդ, ազատության հուսո նշույլներով միայն մխիթարվող հոգիքը այժմ խնդության մեջ են մտնում Քրիստոսի հարության առատ ճառագայթների տակ: «Այսօր մեծ աւետիք Ադամայ նախաստեղծին տուաւ. «Արի՛, որ ննջեսդ, լուսատու եղեւ քեզ յարուցեալն Քրիստոս» (Շար., 284), զի նա երրորդ օրը հարյավ և վերջնականապես հայտնեց յուր փառաց թագավորությունը:
Բայց Քրիստոսի հարությունը ոչ միայն հոգիների և ամենայն հավատացելոց փրկություն ու բարձրացումն պարգևեց, այլև մարդու հանդերձյալ հարության երաշխիքը տվավ: Հարությամբ Քրիստոս հաստատեց մարդու կոչման կատարումն և Աստուծո արքայության վերջնական իրականացումը, երբ մարմնավորն ու հոգևորն յուրյանց վերջնական հաշտության մեջ են մտնում, և մարդկային բնությունը, Ս. Հոգու տաճար դառնալով, Աստուծո որդիությունն և ազատությունն է ժառանգում: Նորա հարությամբ ճշմարտվում է, որ բնականի ու հոգևորի հակասությունը կվերանա և երանական միություն կտիրե փառաց թագավորության մեջ, ինչպես այդ իրագործվեց ի Քրիստոս (Ագաթ., 45. Եղիշե, 288, 293, 309. Հովհ. Իմաստ., 101): Քրիստոսով հայտնվում է մարդկային հարության հավաստիքը, այլև Քրիստոսի հարությամբ սկսվում է հանդերձյալ հարությունը, վասնզի մահը նորանով փշրվում է, և մարդկությունը հոգեպես ու մարմնապես ելնում է մեռելությունից դեպի հարության կենդանարար լույսը, որ սփռվում է եկեղեցու իսկական գլխից ու թագավորից դեպի բոլոր անդամները: Նորանից է ամենայն լույս, զի նորանով եղավ անցյալի կատարումն և ներկայի սկիզբը, ուստիև նորանով կլինի ապագայի լրումը, այնպես որ, Քրիստոս նախապատրաստական մարգարեությանց լրումն է և կատարման մարգարեության սկիզբն ու հիմունքը և հաստատությունը:
Ինչպես որ Քրիստոսի հարությունը երաշխիք է ու հավաստիք հանդերձյալ կյանքի ու հարության, այնպես և հանդերձյալ կյանքն ու հարությունը հիմնվում է Քրիստոսի հարության վրա: Այս երկու ճշմարտությունները սերտ կապված են իրար հետ և մեկն առանց մյուսի չի կարող լինել: Այլև այդ երկու ճշմարտությունները կազմում են քրիստոնեական Եկեղեցու հաստատության հիմքն ու էությունը, նույնպես և քրիստոնեության հավատքի սկզբունքը: Առանց այդ ճշմարտությանց չկա ո՛չ եկեղեցի և ո՛չ հավատք (Ա Կոր., ԺԵ 14):
Քրիստոսի հարությամբ նոր ժամանակ է սկսվում, որ տանում է դեպի հանդերձյալն, ուստիև կոչվում է վերջին ժամանակ, ինչպես հաճախ շեշտվում է նաև մեր ս. Հայրերի գրվածներում: (Ա Պետր., Ա 20): Որքան մեծ է Քրիստոսի հարությունը մեր կյանքի համար, այնքան փառավոր ու մեծափառ է նորա ս. հարության տոնը` զատիկը, ճշմարիտ քրիստոնյայի աչքում ու սրտում և միշտ պետք է կենդանանա ու զորացուցիչ լինի կիրակվա տոնի մեծ նշանակությամբ (=օր Տեառն), որ արարչության օրը լինելով` նոր արարածների առաջին օրն ու տոնն է դառնում: Քրիստոսի ս. հարության հավատքն է մեր կյանքի սկիզբն ու երաշխիքը, ուստիև եկեղեցական իմաստուն կարգավորությամբ յուրաքանչյուր տարին մի անգամ և աշխատանաց յուրաքանչյուր յոթնյակի մի օրում նոր ի նորո պետք է հիշենք ու զորանանք: Նույնիսկ Քրիստոսի առաքյալներն, որոնք նորա չարչարանքից ու խաչից փախան ու ցրվեցան, նորա հարությամբ վերստին ժողովվեցան և հավատքով զորացած` պատրաստվեցան յուրյանց հարուցյալ Տիրոջ ընթացքին հետևելու: Իսկ այդ հավատքը զորացավ նոցա մեջ, երբ համոզվեցան, որ Քրիստոս ճշմարտապես հարություն է առել (Գործք, Բ 32, 36)` մանավանդ յուրյանց աչքով տեսնելով նորան և մինչև անգամ բևեռատեղերը շոշափելով (Ղուկ., ԻԴ 21. Հովհ., Ի 13, 25, 27-29. Ա Կոր., ԺԵ 6, 17, 18): Յուր փառավոր հարության մեծ նշանակությունը հայտնեց և Քրիստոս, երբ նշան խնդրող անհավատներին ասաց, թե` նոցա ոչ մի նշան չի ցույց տալ, բացի յուր թաղման ու հարության սքանչելի նշանը, որով միայն մնում է սպասել անհավատի հավատալուն:
Հարությունից հետո Քրիստոս, 40 օր շարունակ երևալով և յուր հավատացյալների հավատքը զորացնելով, հանդիսապես համբարձավ «և նստաւ ընդ աջմէ Հօր» (Մարկ., ԺԶ 19): Երկրում լինելով` նա Հոր մոտ էր (Հովհ., Գ 13), սակայն այժմ յուր փառավոր հաղթանակով թողնում է երկիրն ու գնում առ Հայր (Հովհ., ԺԶ 26), որ յուր փառավոր թագավորությամբ լինի ամենուրեք և թագավորե: Նա համբարձավ երկինք, այսինքն` այնտեղ, որտեղ նորա կյանքը, գոյությունն ու էությունը կատարելապես իրար համապատասխանում են` ըստ աստվածային մեծության: Այստեղ նա Հոր հետ է և միանգամայն փրկված մարդկության մեջ (Հովհ., ԺԷ 12. ԺԲ 32) իբրև ճշմարիտ Փրկիչ ու թագավոր հավիտենական, ուստիև ասված է` «նստաւ ընդ աջմէ Հօր», այսինքն` Հոր զորության մեջ, թագավորական իշխանության մեջ, որ փառավորված է փրկության կատարմամբ և վերջնականապես պետք է հայտնի աշխարհի կատարածով: Նա, թագավոր գոլով, ոչ թե դադար է առնում, այլ շարունակում է յուր թագավորական գործունեությունը (Հովհ., Ե 17)` մշտաբարբառ բարեխոս լինելով մեզ համար Հոր առաջ յուր պատարագով (Հռ., Ը 34. Ա Հովհ., Բ 1. Եբր., Թ 24) և մշտապես մեր մեջ լինելով մեր փրկության համար, ինչպես և պետք է գա ոմանց` ի հարություն կենաց և այլոց` ի հարություն դատաստանաց:
Քրիստոսի մեր մեջ լինելովն է ապահովվում ճշմարտությունն ու ճշմարիտ հառաջադիմությունն յուր եկեղեցում, որտեղ մարդիկ գործում են ազատապես և հավատքով: Ընդհանրապես Քրիստոս ներգործում է յուր համայնքի վրա ոչ միայն յուր ներկայությամբ, այլև յուր սուրբ խոսքով ու սուրբ խուրհուրդներով, որոնցով ամրացնում է յուր եկեղեցում ճշմարտությունն ու ճշմարիտ հաղորդակցությունն յուր հետ: Այսպիսի հաստատուն ճանապարհով աճում է եկեղեցին ու զարգանում դեպի քրիստոսադիր կատարելությունը, որի համար գործում են ու կգործեն Քրիստոսի պաշտոնյաներն ու ընտրյալ անոթները. «Մինչեւ հասցուք ամենեքեան ի մի միաբանութիւն հաւատոց եւ գիտութեան Որդւոյն Աստուծոյ, յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի» (Եփ., Դ 11-16): Նորա աստվածային ամենուրեքությունն ապահովում է մեր եկեղեցու աճումն ու զարգացումը սրբության, արդարության և ճշմարտության մարդասիրապես տարածման ասպարիզում: Եվ որ Քրիստոս ներկա է և ներկա պետք է լինի, խոստացավ իսկ, երբ այդպիսի գործունեությամբ հրաման տվավ «եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի» (Մատթ., ԻԸ 18-20): Եվ ոչ միայն այսքան. այլև նա ներկա է այնտեղ, որտեղ ժողովվում են երկու կամ երեք հավատացյալ, միայն եթե ժողովվում են «հանուն» Քրիստոսի խորհելու և գործելու ճշմարտությամբ (Մատթ., ԺԸ 20): Նա, նստած լինելով Հոր ամենուրեք աջ կողմում, ամենուրեք է իբրև գլուխ յուր եկեղեցու, «Որ է մարմին նորա, լրումն, որ զամենայն լնու» (Եփ., Ա 23), սակայն որտեղ ժողովվում են յուր անվամբ, այնտեղ նա հատկապես ներգործում և աջակցում է, «քանզի այն իսկ է արքայութիւն, ուր աստուածութիւնն երեւի» (Եղիշե, 215):
Երկաբնակության դավանանքի հետ չէ հաշտվում Քրիստոսի ամենուրեքությունն, ուստիև Լութերականք, բացատրության մեջ մտնելով, մոլորվում են, վարդապետելով, որ իբր թե Քրիստոսի մարմինն ևս էապես ամենուրեք է թե՛ հոգևոր աշխարհում, թե՛ մարմնավորում, թե՛ երկնքում ու թե՛ բնական աշխարհում, ամեն անհատի և ամեն մի կտոր հաղորդության մեջ: Այս արդեն պարզապես եվտիքական մոլորություն է, որ կատարելապես անհետացնում է Քրիստոսի մարմինը նորա աստվածության մեջ: Եթե այդպես լիներ, Քրիստոսի մասին հրեշտակը չպետք է կարողանար ասել յուղաբեր կանանց. «Չէ աստ, քանզի յարեաւ» և կգնաք կտեսնեք նորան Գալիլիայում (Մատթ., ԻԸ 6):
Այս մոլորությունից զերծ մնալու համար լութերականության վերանորոգողները վերագրում են Քրիստոսին մի այնպիսի ամենուրեքություն, որ ոչ թե իրական է, այլ` բարոյական, այսինքն` որ Քրիստոս ամենուրեք է Ս. Հոգու ներգործությամբ և յուր շնորհներով` Եկեղեցու մեջ: Հետևաբար սոքա էլ ժխտում են Քրիստոսի տիեզերական նշանակությունը, զի սահմանափակում են նորան եկեղեցու բարոյական ու կրոնական նշանակության մեջ, Քրիստոսին անջատված են ճանաչում` բնական աշխարհից նորան գրեթե մի տեղ են հատկացնում, ըստ աստվածյանց` երկնքի մեջ, և նորա ամենուրեքությունը հասկանում են միմիայն իբրև մի նշանակական ներգործություն և ուրիշ ոչինչ: Ուրեմն և Քրիստոս աշխարհի կատարումը չի կարող լինել, Փրկիչ չի լինիլ ամենայն արարածոց, հոգվոց և մարմնոց: Եվ ուրեմն այս աղանդավորները վերստին ընկնում են Եբիոնյան մոլորության մեջ:
Միակողմանի այս երկու մոլորություններից խուսափելով` երկաբնակության դավանությունը չի կարող հաշտվիլ Քրիստոսի ամենուրեքության հետ, վասնզի մարդկային տարորոշ բնությունն ինչպե՞ս կարող է, ամենուրեք չլինելով, Քրիստոսի աստվածության ամենուրեքության կցորդ լինել և ամենագիտության մասնակից: Իսկ այդ չլինելով` բաժանումն կմտցնի Քրիստոսի աստվածային ու մարդկային գործունեության մեջ: Այս հակասությունից խույս տալ չեն կարող արևմտյան եկեղեցիք:
Հայաստանյայց Ս. Եկեղեցին, ամուր պահելով Քրիստոսի աստվածության ու մարդկության միությունն և այդպես մի բնություն, մի կամք ու մի ներգործություն դավանելով, այստեղ ևս ճշմարտության հավատարիմ է մնում: Քրիստոս ինքն իսկ, երկրում գոլով, ասում էր, որ երկնքումն է և յուր կյանքում միշտ հաստատում էր գործով յուր ամենագիտությունը: Այդպես և հարությունից հետո նա գործում է ամենայն սուրբի մեջ (Գաղ., Բ 20), և ամենայն հավատացյալ ոչ թե ինքն է կենդանի, այլ Քրիստոս է կենդանի յուր մեջ: Նա գործում է թե՛ յուր եկեղեցու ու թե՛ պատմության մեջ, ըստ որում և նորա ներգործությունը մենք նկատում ենք աշխարհի ընթացքից, որի մեջ սխալ ուղղության հարված է տալիս և ճշմարտության զարկ տալիս յուր փրկչական ու թագավորական զորությամբ` հաստատելով ու հովանավորելով սրբությունն ու արդարությունը: Ժամանակի նշանները մեզ միշտ մատնացույց են անում այնտեղ, որտեղ Քրիստոս է առանձնապես ներգործում մեր մեջ, այնպես որ ո՛չ ժամանակն ու ո՛չ տեղը նորան արգելք չեն լինում: Նա գործում է թե՛ եկեղեցում, թե՛ յուրաքանչյուր հավատացյալի մեջ և թե՛ ամբողջ աշխարհում, յուրաքանչյուրում` ըստ յուր ընդունակության ու բնական հանգամանաց, և ամենքին տանում է դեպի յուր արքայության կատարումը: Նա ամենուրեք է և ամեն տեղ գործում է. ոչ ոք է նորանից դուրս, և ոչ մի տեղ նորա առաջ արգելված չէ, «այլ ամենայն եւ յամենայնի Քրիստոս» (Կող., Գ 11): Եվ որովհետև նա յուր աստվածությամբ ու մարդկությամբ մեկ է, ուստի չենք կարող ասել, թե մարմնո՞վ է ամենուրեք արդյոք, թե՞ աստվածությամբ, քանի որ միությունն այդպիսի տարորոշություն չէ ճանաչում: Նորա մարմինը ծանր բնությամբ չէ, այլ աստվածային պայծառացյալ մարմին է. նա Աստված է, բայց առանց մարմնի չէ: Նա իբրև Աստված անճառ է, անճառելի է և նորա մարմինը: Նա ամենագետ է և ամենուրեք, նորա մարմինն էլ նորա հետ անբաժան է: «Թագաւորն Յիսուս, որ թագաւորէ` ըստ արարչական զօրութեանն երկնի եւ երկրի, թագաւոր է ըստ մարմնոյ, զոր ընդ արարչական բնութեանն միացոյց», - ասում է Մամբրե Վերծանողը (69): Եվ որ մարդկային բնությունը մեկ է նորա հետ, այդ մեզ երաշխիք է, որ մենք` Քրիստոսի ժառանգաբար եղբայրներս, պետք է մասնակցենք նորա երանության (Եղիշե, 306):
Նորանով եղել ենք, նորանով փրկվել և Աստուծո հետ հաշտվել ենք. այժմ կարողանում ենք «Հաւատովք ճանաչել զնա եւ զզօրութիւն յարութեան նորա» (Փիլ., Գ 10): Նա հաղթեց մեղքն և խավարի իշխանությունն ու, թագավորաբար նստելով փառաց բարձրության վրա[2], ճշմարիտ ազատություն է պարգևում մեզ` աճելու ու զարգանալու նորա անսպառ շնորհաց տակ[3], վասնզի Քրիստոս է մեր անզուգական թագավորն, ու նորան հավատացողներս ենք նորա հաղթական արքայության որդիներն ու ժառանգները: Նա թագավորաբար կառավարում է յուր հոտն յուր Ս. Հոգով, նորա անվամբ են խոնարհվում բոլոր ծնկները[4] (Փիլ., Բ 10) և, նորա թագավորության հետ հաղորդ լինելով, կարող է ամենայն ոք և ամենայն ինչ այս աշխարհում հարատևել[5]: Եվ այժմ ամենայն հավատացյալ, որ խոնարհվում է նորա անզուգական պատարագի ու խաչի առաջ, բարձրանում է և նորա թագավորական փառաց տեսության, որի իսկական հայեցվածքին պետք է արժանանանք, երբ մեր փրկության կատարողը թագավորական փառքով գա և ամենայնի վերջնական կատարումը տա:
[1] Տե՛ս Ա·աթ. 215: «Իջեալ ի ստորին վայրս մահու… «Կարէր զայս եւ առանց իւրն մահու, որպէս զօրեաց առ Ղազարն, այլ ոչ կամեցաւ իշխանութեամբ փրկել միայն, այլ եւ իրաւապէս»: «Յաւանդելն Քրիստոս զհո·ին մարդկային` աստուածութեամբն կենդանի էր մարմինն, վասն զի Աստուծոյ մարմին էր` ընդ Աստուած միացեալ, եւ մի լեալ խառնմամբն եւ ի կամելն յառնել` ինքն զինքն յարոյց»: Խոսրով Անձ., Մեկն., էջ 35, 36, 51:
[2] Մատթ., ԻԲ 44. Մարկ., ԺԲ 36. ԺԶ 19. Կող., Գ 1. Եբր., Ա 3. Ը 1. Ժ 12:
[3] Հովհ., Ա 17. Ը 32, 36. Գաղ., Դ 31:
[4] «Զի Քրիստոսն ոչ սոսկ մարդկութեանն է անուն եւ ոչ լոկ աստուածութեանն, այլ Աստուած եւ մարդ ասի, այսինքն` յերկուց միացեալ անշփոթաբար եւ անճառապէս: Ոչ որպէս ջուր ընդ ·ինի խառնեալ եւ շփոթեալ եւ յերկոցունցն զրկեալ բնութեանց. զի ո՛չ ջուր է եւ ո՛չ ·ինի ի խառնիլն ի միասին: Այլ աստուածային բնութիւնն ի միաւորիլն ընդ մարմնոյն, զերկոցունց յատկութիւնն անշփոթ պահեաց որպէս հո·ի մարդոյ ի մարմնի. թէպէտ եւ տիրապէս ոչ է ապացոյց: Զի բանին Աստուծոյ մարմին լինելն ի վեր է, քան զհասողութիւն մտաց, չքնաղ եւ զարմանալի խառնումն: Որպէս ասէ մեծն Գրի·որ Աստուածաբան. «Ո՜վ նոր խառնմանս, ո՜վ սքանչելի խառնուածոյս»21*: Եւ ի բանէն եւ ի մարմնոյն է մի Քրիստոս ճշմարտապէս. որպէս ի հո·ւոյ եւ ի մարմնոյ մի մարդ, որպէս առաքեալն ասէ. «Մեզ մի է Աստուած Հայր, յորմէ ամենայն, եւ մի Տէր Յիսուս Քրիստոս, որով ամենայն»: Յամօթ լիցին երկաբնակքն, զի առաքեալն որպէս մի Աստուած զՀայր ասաց առանց մարմնոյ, նոյնպէս մի Տէր Յիսուս Քրիստոս զՈրդի ասաց մարմնով: Որով, յայտ է, թէ յետ անճառ միաւորութեանն մի է եւ երկու ոչ ասի: Զի զոր առաքեալն մի ասէ, ո՞վ է, որ յանդ·նի յերկուս բաժանել: Եւ Տէրն առ Նիկոդիմոս ասաց. «Ոչ ոք ել յերկինս, եթէ ոչ, որ էջն յերկնից Որդին մարդոյ, որ Էն յերկինս»: Յայտ է, թէ զԲանն ասաց Որդի Մարդոյ. զի Բանն էջ յերկնից եւ ոչ թէ մարմինն: Եւ Հայր վկայէր ի Յորդանան եւ ի Թաբօր. «Դա է Որդի իմ սիրելի» եւ ոչ թէ որ ի դմա, որ զմիութիւնն ցուցանէ եւ զերկու ասողսն յանդիմանէ: Զի յորժամ Աստուած Հայր` եզական անուամբ «դա» ասէ, որ յայտնապէս միոյ բնութեան է յայտնիչ, ո՞վ է, որ յանդ·նի երկու ասել: Եւ վկայութիւն միոյ բնութեան Քրիստոսի յոլովք են ի Ս. Գիրս, ով կամիցի ուսանել»: Խոսր. Անձ§ացի, Մեկ. Ժամ., 177, 354-357.
[5] Հովհ., ԺԸ 36. Եբր., Բ 16. ԺԳ 28. Մատթ., ԻԸ 18. Զաք., Թ 9-17. Ես., Թ 5. Ա Պետ., Բ 9. Եփ., Ա 20. Հայտ., Ա 4:
Արշակ Տեր Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից