Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները:
Աղոթքը խոսք է առ Աստված, բորոտը քոսոտն է, ոմանք ասում են, թե աղքատն է, որ ունի բորոտ և աղքատ բնություն, որ անձկության մեջ ընկնելով դևերի սնոտի պաշտամունքի և մահվան երկյուղի պատճառով Աստծու առջև է բերում իր խնդրանքը՝ ասելով. Տեր, լսի՛ր իմ աղոթքը, որը նաև գերու նեղության մեջ գտնվելու և հեթանոսությունից դարձի խորհուրդն ունի, և ասվել է սա Աբիսողոմի փախուստի ժամանակ:
2. Տէ՛ր, լուր աղօթից իմոց, աղաղակ իմ առ քեզ եկեսցէ.
3. մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն:
Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի քեզ: Մի՛ շրջիր երեսդ ինձնից:
Թշվառ բնության աղաղակը, և Բաբելոնից՝ երկինք: Մի՛ շրջիր երեսդ ինձնից, ինչպես Ադամից:
Յաւուր նեղութեան իմոյ խոնարհեցո՛ առ իս զունկն քո, յորում աւուր կարդամ առ քեզ՝ վաղվաղակի լուր ինձ:
Նեղության օրը դեպի ինձ խոնարհեցրու ունկն քո, երբ ձայն տամ քեզ՝ իսկույն լսի՛ր ինձ:
Օրենքով ասացիր, թե երբ նեղության մեջ լինես, հիշի՛ր քո Տեր Աստծուն և կփրկվես: Երբ ձայն տամ քեզ. առաջիկայում է ասում, այլ ոչ թե անցյալի համար, իսկույն բարերարություն ցուցաբերի՛ր իմ հանդեպ:
4. Սպառեցան որպէս աւուրք իմ. և ոսկերք իմ որպէս խռիւ չորացան:
Ծխի պես սպառվեցին օրերն իմ, և ոսկորներս չորացան ինչպես խռիվ:
Խեղդում է ծուխը և մաշում, ճեղքում-անցնում է օդը և ցրվում, այսպես տրտմության պատճառով նեղվեցինք և մաշվեցին մեր կյանքն ու ոսկորները, կորսվում է ծաղիկը և խռիվ դառնում, մինչև որ երկյուղի մի փոքր կայծն իսկ այրի ինձ:
5. Հարաւ որպէս խոտ՝ և ցամաքեաց սիրտ իմ. մոռացայ ուտել զհաց իմ ի ձայնէ հեծութեան իմոյ:
Սիրտս խոցվեց և ցամաքեց խոտի պես, հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա:
Տապախառը խորշակի քամով՝ գերողներին [խռովքի մատնեց], և ցամաքեց սիրտս՝ հոգիս՝ Երուսաղեմի և դրախտի կարոտից, հաց ուտելս մոռացա՝ ուտելու ցանկությունը վերացավ, հեծությանս ձայնից՝ ընկերոջս և անձիս, ըստ Դանիելի, թե. «Լավ հազ չկերա» (Դան. 11:3):
Կցեցաւ ոսկր իմ ի մարմին իմ.
7. Նմանեցայ ես հաւալսան յանապատի:
Ոսկորներս մարմնիս կպավ, և նմանվեցի անապատի հավալուսնին:
Անսնունդ մնալով մաշվեց միտքս և ոսկորներս կաշվիս կպան, ու անապատ բաղձալով նմանվեցի այս թռչունին: Ասում են, թե հավալուսինը որդեսեր է և քանի դեռ չի գնացել բնից՝ որս բերելու համար, ձագերը երբ սովածանում են, կտուցով սպանում է և ապա հանում արյունը կրծքից, վերցնում է բերանով, և երեք օր սրսկում նրանց մեջ ու կենդանացնում, ինչպես որ Տերը սպանեց Ադամին մեղքերի պատճառով և երեք օրով իջնելով դժոխք՝ կենդանացրեց բնությունը՝ իր սիրով պարուրելով:
Եղէ ես որպէս բու յաւերակի,
8. տքնեցայ եւ եղէ ես որպէս ճնճղուկ միայն ի տանիս:
Եղա ինչպես բու ավերակներում, տքնեցի ու դարձա ինչպես մենավոր ճնճղուկ տանիքում:
Բու՝ ավերակներում, և Տերն էլ մեր ավերակ բնության համար ամենայն բարիք եղավ: Հավալուսինն ու բուն սուրբ կենդանիներ չեն, ինչպես որ մենք էլ սուրբ չենք, այլ սրբեց՝ իր հետ միավորելով: Ինչպես մենավոր ճնճղուկ տանիքում, օրինավոր հրեան առանձնանում էր գերության մեջ գտնվելու ժամանակ, որպեսզի հեթանոսների մեջ մնալով չպղծվի, և Տերն էլ [մենավոր եղավ], երբ մերձավորները թողեցին իրեն և հեռացան: Դարձյալ, երբ օձը ցանկանում է իր բույնը մտնել, բարձրանում է տանիք և սկսում սուլել, և երբ սուլեց օձը Եվայի բնում ու կտորեց որդիներին, Տերը խաչ բարձրացավ և կանչեց Հորը, և տվեց իր հոգին բոլորին՝ ասելով. «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Ղուկ. 23:46):
9. Նախատեսցին զիս թշնամիք իմ զօրհանապազ, և գովիչք իմ ինև երդնուին:
Թշնամիներս ամեն օր նախատեցին ինձ, և ինձ գովողներն ինձնով երդվեցին:
Բաբելոնացիներն նրանցով էին երդվում, թե Իսրայելի պես լինեմ, եթե չկատարեմ ասածս: Նաև դևերը նախատում էին մեր բնությանը, և դրախտին նախանձելով էին գովում, իսկ դևերը երդվում էին այն զորությամբ, որով Եվային հաղթեցին, և հրեաներն էլ՝ Տիրոջով, և նախ գովում էին, ապա նախատելով՝ երդվում:
10 Զմոխիր որպէս հաց կերայ. և զըմպելի իմ արտասուօք խառնեցի:
Մոխիր կերա հացի տեղ, և ըմպելիքս արտասուքով խառնեցի:
Կարծես թե հակառակն է ասում՝ հացը որպես մոխիր կերա: Մոխիր կերա հացի տեղ՝ առանց ախորժելու և ըմպելիքիս՝ բաժակիս մեջ, արտասուքս էր թափվում:
11. Յերեսաց բարկութեան սրտմտութեան քո, զի դու բարձրացուցեր, և խոնարհեցուցեր զիս:
Քո բարկության ու զայրույթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր և խոնարհեցրիր:
Ադամին պատկերի միջոցով բարձրացրեց և մինչև հող խոնարհեցրեց, հրեաներին էլ բարձրացրեց՝ հանելով Եգիպտոսից, ինչպես նաև ամեն տեսակ նշաններով և թագավորության հասցրեց ու խոնարհեցրեց Բաբելոնում, ինչպես մի մանկան, որ զրկում է համբույրից, և անառակին գետնին է գցում:
12. Աւուրք իմ որպէս հովանի անցին. և ես որպէս խոտ ցամաքեցայ:
Օրերս անցան ստվերի պես, և ես ցամաքեցի ինչպես խոտ:
Մոտ եղա գիշերվան՝ օրերի վախճանին, քանզի ստվերը հեշտությամբ է շարժվում և երեկոյան ամբողջովին պակասում է: Ցամաքեցի ինչպես խոտ, որ հնձողի ձեռքով խնձվում է, և մարդն էլ ծերանալով՝ մահանում է, և լցված լինելով մեղքերով՝ կործանվում է և վերանում [է նրա հիշատակը]:
13. Դու, Տէր, յաւիտեան կաս և յիշատակ քոյ ազգէ մինչև յազգ:
Դու, Տե՛ր, հավերժ ես, և սերնդից սերունդ է հիշատակը քո:
Հավերժ ես, և միշտ հիշում ես, իսկ մենք խոտ ենք և մոռացությամբ ենք ծածկվում, նայի՛ր դրան և ողորմությամբդ շուտ այցելիր մեզ:
14. Դու յարուցեալ գթասցիս ի վերայ Սիոնի. ժամանակ գթալոյ նորա հասեալ է ժամ:
Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին. ժամանակն է գթալու նրան. հասել է ժամը:
Քանզի յոթանասուն տարի է, ինչ ելել է գթությունը հայրենի աթոռից և գերեզմանից, քանի որ ամեն ինչ իր ժամանակն ունի, ինչպես որ Զաքարիայի մարգարեության մեջ հրեշտակն ասում է. «Մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին… այս յոթանասուն տարի է» (Զաք. 1:12): Իսկ Սիոնը աստվածճանաչողությունն է, ինչն էլ հավատն է, որ ունի վերին աշխարհն ու եկեղեցին:
15. Հաճեցան ծառայք քո ընդ քարինս նորա, և ի հողս նորա գթասցին:
Ծառաներդ նրա քարերը հավանեցին, ու գթացին նրա հողին:
Քարերը և հողը Երուսաղեմի ավերակներն են, իսկ սուրբ առաքյալները՝ հողեղեն բնությունը, որ մկրտելով վերցնում են քարերը, որպես կենդանի վեմեր, նաև դրախտն են փափագում, քանի որ այնտեղի հողը պտղաբեր է և սրբատաշ քարեր ունի:
16. Երկիցեն հեթանոսք յանուանէ քումմէ. և ամենայն թագաւորք երկրի ի փառաց քոց:
Հեթանոսները պիտի երկյուղեն քո անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից:
Կյուրոսի ու Արտաշեսի պատճառով երկյուղի մեջ էին ընկնում, ինչպես նաև դևերը՝ Քրիստոսի անունից: Նաև մաղթում է հեթանոսներին ու թագավորներին երկյուղով հավատքի գալ՝ երկյուղելով նրա փառքից, երբ բարձրանա՝ հալածելու երկիրը:
17. Շինէ Տէր զՍիովն, և երևեսցի փառօք իւրովք ի նմա:
Տերը պիտի Սիոնը վերաշինի, և իր փառքով երևա այնտեղ:
Մարգարեանում է: Երևա, որպեսզի ովքեր չգիտեն Աստծուն և Երուսաղեմի ավերածությունը տեսնելով կարծում են, թե տկար է, ապա երբ շեն տեսնեն, այդ ժամանակ կերևա նրա փառքը:
18. Հայեցաւ նա յաղօթո խոնարհաց, և ո՛չ արհամարհեաց զխնդրուածս նորա:
Ուշ դարձրեց նա խոնարհների աղոթքին, և չարհամարհեց խնդրանքը նրանց:
Նորից գերիների մասին է՝ հրեաների և հեթանոսների: Եվ չարհամարհեց խնդրանքը, թեև մեղավոր էինք:
19. Գրեցի այս յազգ յայլ, ժողովուրդ զոր ստացեալ է՝ օրհնեսցէ զՏէր:
Սա պիտի գրվի այլ սերնդի համար, որպես ժառանգություն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը:
Այլ ազգերին գրի միջոցով պիտի պատմվի նրա հրաշագործությունների մասին, ինչպես հեթանոսներին արվեց: Իր արյան գնով որպես ժառանգություն ստացած ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը:
20. Հայեցաւ նա ի բարձանց ի սրբութենէ իւրմէ, Տէր յերկնից յերկիր հայեցաւ:
Նայեց նա իր սրբության բարձրությունից, Տերը երկնքից երկիր նայեց:
Երկնքից՝ իր սրբությունից, երբ երկնավորները նույնպես տեսան մարդկանց փրկությունը, քանզի այնտեղ էր միայն հանգիստ առնում և նայում:
21. Լսել զհեծութիւն կապելոց,և արձակել զորդիս մահապարտաց:
Բանտարկյալների հառաչանքը լսելու և մահապարտների որդիներին ազատ արձակելու համար:
Ինչպես Հեքոնիան, Սեդեկիան և բազում այլք, ովքեր հայկազունների և արշակունիների կողմից գերության և կապանքների մեջ էին, և նրանք, ովքեր դժոխքում են, և իրենք գործերի պատճառով կապվեցին մեղավորները: Մահապարտների որդիներին ազատ արձակելու համար, քանի որ մահապարտները մեռան, որդիներին ազատում է՝ ասելով, թե թող չմեռնեն որդիները հայրերի հետ, ինչպես նաև Ադամի ու Եվայի որդիները:
22. Պատմել ի Սիոն զանուն Տեառն, և զօրհնութիւնս նորա յԵրուսաղէմ:
Որ Սիոնում հռչակեն անունը Տիրոջ, և Երուսաղեմում՝ օրհնությունը նրա:
Անուն ասելով նկատի ունի նրա քաջությունը Գոգի վրա, և օրհնություն՝ տաճարի կառուցումը, և բնությունը մեր՝ եկեղեցում ու վերին Սիոնում:
23. Ժողովել ժողովրդոց ի միասին, և թագաւորաց ծառայել Տեառն:
Որ ժողովուրդներն իրար մոտ հավաքվեն, և թագավորները Տիրոջը ծառայեն:
Բոլոր գերիները՝ Երուսաղեմ, և թագավորները Տիրոջը ծառայեն, ովքեր հրաման են տալիս ազատության, նաև երբ հավատքի համար հավաքվեն և թագավորները քրիստանյա լինեն:
24. Պատասխանի ետ նմա ի ճանապարհի զօրութեան իւրոյ. զնուաղութիւն աւուրց իմոց ասա ինձ,
25. և մի՛ հաներ զիս ի կէս աւուրց իմոյ, զի ազգէ յազգ են ամք քո:
Նա պատասխանեց նրան իր հզորության ճանապարհին. «Ասա՛ ինձ սակավությունն իմ օրերի», և ինձ մի՛ վերցրու օրերիս կեսին, քանզի հավերժ են տարիները քո:
Հայտնի է Աստծու մասին, որ ազատեց ժողովրդին իր հզորության ճանապարհին՝ Աստծու զորությամբ ելնելով և գալով Երուսաղեմ: Ասա՛ ինձ սակավությունն իմ օրերի. ասում է յոթանասուն տարի է, սակայն յոթանասուն տարի գերի եղա, յոթանասուն տարի տուր մեզ՝ տեսնելու և վայելելու Երուսաղեմը, կյանքս օրերի կեսին թող չընդհատվի: Նաև ցանկանում է տեսնել Բաբելոնի կործանումը: Դարձյալ՝ այս կյանքը կես է և պակաս, իսկ այն՝ հավիտենական, օրերի կեսին մեղքի մեջ ընկած մի՛ վերցրու ինձ հավիտենություն մեջ, քանզի այն քեզ հետ է շարունակվում:
26. Ի սկզբանէ Տէր զհիմունս երկրի հաստատեցեր, և գործք ձեռաց քոց երկինք են:
Ի սկզբանե, Տե՛ր, երկրի հիմքերն հաստատեցիր, և երկինքն էլ գործն է քո ձեռքերի:
Ամենակարող ես, կեսը և հավիտյանը քոնն են: Մովսեսը նախ երկինքն է ասում, իսկ Դավիթը՝ երկիրը, որովհետև երկու երկինք կա, նա առաջինի մասին է ասում՝ որը նախքան երկիրն է, իսկ Դավիթը՝ երկրի հաստատության:
27. Նոքա անցանեն, և դու կաս՝ և մնաս յաւիտեան:
Կանցնեն դրանք, բայց դու կաս և կմնաս հավիտյան:
Ինչպես որ Տերն ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնեն» (Մատթ. 24:35), քանզի ստեղծված են, բայց դու կաս, որովհետև անեղ ես:
Ամենեքեան որպէս ձորձս մաշեսցին, որպէս վերարկուս փոխեսցես զնոսա, և փոխեսցին:
Ամեն ինչ ձորձի պես կմաշվի, դու վերարկուի պես կփոխես դրանք, ու դրանք կփոխվեն:
Ցույց է տալիս, թե ինչպես են անցնելու, ոչ թե անգոյության կվերածվեն, այլ՝ ձորձի պես կմաշվեն և կհնանան, իբրև հնացած վերարկու մի կողմ կդնի, մաշվածը կփոխի և նորը կդնի: Հայտնի է, որ այլայլություններն ու անկարգությունները կփոխվեն և նոր կդառնան, և արարածների այլայլությունները կանցնեն և կլինի նոր երկինք և նոր երկիր, հաստատությունը մի կողմ կդրվի ինչպես ծալված մագաղաթ և երկրի երեսը մշտապես զարդարված կմնա:
28. Բայց դու նոյն իսկ ես, և ամք քո ոչ անցանեն.
29. որդիք ծառայից քոց բնակեսցեն ի նմա. և զաւակի նոցա յաւիտեան յաջողեսցի:
Բայց դու նույնը կմնաս, և քո տարիները չեն անցնի: Քո ծառաների որդիները կբնակվեն այնտեղ, և նրանց սերնդին հավիտյան հաջողությունը կուղեկցի:
Քո տարիները. որը քո կենդանությունն է, Որդին և Հոգին: Քո ծառայի որդիները կբնակվեն այնտեղ. մի փոքր ժամանակ՝ Երուսաղեմում և երկար օրեր՝ եկեղեցում: Եվ նրանց սերնդին հավիտյան հաջողությունը կուղեկցի, նրանց, ովքեր կծնվեն Երուսաղեմում և եկեղեցում, հավիտյան՝ նախ Քրիստոսի գլխին, ապա՝ մարմնին և անդամներին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը