Սաղմոս ՃԻԶ

Աստիճանների օրհներգություններ

Նրանք, ովքեր Երուսաղեմ վերադարձան ոչ անկեղծ սրտով և Աստծուն հուսալով, չկարողացան տաճարը կառուցել քառասուն տարում, մինչև որ եկավ Զորաբաբելը և վեց տարում ավարտեց, որովհետև Տերը նրա հետ էր, ինչպես որ ասում է.

1. Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա:

Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա:

Քանզի, երբ Տերը չէր պահում, այն, ինչ ցերեկը վաստակում էին, գիշերը թշնամիները ոչնչացնում էին:

2. Ի նանիր է ձեզ յառնել կանխաւ. արդ արի՛ք մինչչև էք ննջեցեալ, ոյք ուտէք զհաց ցաւոց:

Իզուր եք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացեք՝ քանի դեռ չեք ննջել: Դուք տառապանքի հացն եք ուտում:

[Այսինքն՝ իզուր է], քանի դեռ չէին եկել Զորաբաբելն ու Հեսուն: Արդ, վե՛ր կացեք՝ քանի դեռ չեք ննջել, այսինքն՝ հանգիստ չեք առել, քանզի քանի դեռը գործն է, իսկ մյուսը՝ սուրն ու աղեղը, կամ քանի դեռ չեք ննջել մահվան քնով: Դարձյալ ակամա կործանված բնությունը վերաշինելու եկան մարգարեներն ու արդարները, սակայն չկարողացան, մինչև որ եկավ Ադամի Ստեղծիչը և դարձավ երկրորդ Ադամը: Եվ տառապանքի հացն էին ուտում, նախ, որ տարերքները մարդկանց համար դայակ ու դաստիարակներ էին, հաշտ չէին [նրանց հետ], այլ ծեծում էին նրանց անբերրիությամբ, երաշտով ու կարկուտով, մորեխով, մինչև որ երկնքից իջած Հացը եկավ: Դարձյալ՝ օտար ուսմունքի բանական հացը տանջում էր խղճմտանքը, քանի որ իր մեջ չուներ կատարյալ, ճշմարիտ աստվածպաշտությունը, մինչև որ եկավ նա, որ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը, հացը և ջուրը, և հովիվը» (տե՛ս Հովհ. 11:25, 6:35, 10:11), ուստի ասում է՝ վե՛ր կացեք, լսելու հարության ձայնը:

3. Ի ժամանակի, որպէս տացի քուն սիրելեաց իւրոց. Ժառանգութիւն առն որդիք են, որոյ վարձք իւր են, այն է պտուղ որովայնի իւրոյ:

Մինչ նա քուն է տալիս իր սիրելիներին: Մարդու ժառանգությունը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի:

Քունը հանգստի վիճակն է, քանի որ պատերազմը նրանց թույլ չէր տալիս հանգստանալ և ոչ էլ քնել: Նրանց ժառանգություն է խոստանում բազմազավակությունը, և ասում, որ Տիրոջ ժառանգությունը Հակոբն է: Նաև իր լավ որդիներին Տերը կանչում է, անպտուղ ու ամուլ չի թողնում, որովհետև ով աշխատում է Աստծու պատվիրանների համար, նրան Տերը վարձք է տալիս իր որովայնի պտղով, ինչպես որ օրինապահներին խոստացավ՝ ասելով. «Քո երկրում անսեռունակ տղամարդ և ամուլ կին չեն լինելու» (Ելք 23:26): Նաև առաքինիները, որ կրոնավորներ են և կույսեր, Տիրոջ ժառանգությունն են և պտուղը նրա Հոգու որովայնի, որոնց որովայնից կենդանություն ջրեր են բխում՝ ուսմունքներ և խրատներ, որով բազում որդիներ են բերում ի փառս [Աստծու]:

4. Որպէս նետք ի ձեռս հզօրի, այնպէս են և որդիքն թօթափելոց:

Ինչպես նետերը հզորի ձեռքում, այնպես են որդիներն ազատվածների:

Երբ հզորների ձեռքերից դուրս են թափվում նետերը, Սիմաքոսն այսպես է [թարգմանում]՝ «որդիները մանուկ ժամանակ քաջ են լինում», որդիները Տիրոջ ձեռքից ուժ ստանալով վնասում են թշնամուն:

5. Երանի՛, որ ելից զցանկութիւն իւր ի նոցանէ. մի՛ ամաչեսցեն՝ յորժամ խօսեսցին թշնամիք նոցա ընդ նոսա առ դրանն:

Երանի՛ նրան, ով իր ուզածի չափ կառնի այդ նետերից, երբ դարպասի մոտ իր թշնամիների հետ խոսելու լինի, նա ամոթով չի մնա:

Ժողովուրդը հայցում էր [իրագործել] իր ուզածը՝ Երուսաղեմի պարսպի շինությունը և թշնամիների առջև դռները փակելը, երբ առանց ամոթի, համարձակությամբ կփակեն թշնամու դեսպանների առաջ՝ թողնելով նրանց քաղաքի դարպասներից դուրս և [եթե որևէ բան խոսեին իրենց հետ], պատասխան կտային: Դարձյալ՝ նաև ցանկալի է, որ Աստծու այս մեծ քաղաքը՝ մեր բնությունը, պարսպված լինի Աստծու երկյուղով, և զգայարանների դռները փակված լինեն Տիրոջ պատվիրաններով, որոնցով կխոչընդոտեն թշնամի դևերի դեսպաններին և լրտեսներին՝ խոսքով պատասխանելով՝ ըստ Սուրբ Գրքի և ետ դարձնելով: Եվ ոչ մի ամոթալի գործ չեն անի, ինչպես Տերն ու սրբերը [չարեցին], և որ սրանից բացի չկա Աստծու այլ պատվական քաղաք:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

20.04.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․