Սաղմոս ՃԺԵ

Ալելուիա: Եբրայերենում ու ասորերենում այս սաղմոսը և [նախորդի] «Հաճելի է ինձ» [հատվածը] միավորվում են, որովհետև երկուսն էլ նույն միտքն են արտահայտում: Մակաբայեցիների և Քրիստոսի վկաների հանգիստն է խորհրդանշում:

1. Հաւատացի զոր և խօսեցայ. և ես խոնարհ եղէ յոյժ:

Ինչ որ խոսեցի՝ հավատացի դրան, և չափազանց խոնարհ եղա:

Հավատացի, որ ողջերի երկիր կա, որ հավատով, այլ ոչ թե աչքով ենք տեսնում: Թեև ոմանք ասում են, թե դա Պաղեստինում է, ուր պաշտում են կենդանի Աստծուն, և որ պաշտողները կենդանի են: Եվ չափազանց խոնարհ եղա. խոնարհությունն ուղեկցում է հավատին, խոնարհվեցի, ասում է, և ապա ստացա Հոգու շնորհները:

2. Ես ասացի ի զարմանալ իմում, թէ ամենայն մարդ սուտ է:

Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»:

Ակյուղոսը թարգմանում է. «դեգերումների մեջ», իսկ Սիմաքոսը՝ «ապշահար»: Երբ մեկը հավատքից հիացած երևելիներից այն կողմ է անցնում, և Աստծու հետ լինելով չի կարողանում հասու լինել նրան, ասում է, թե ամեն մարդ, որ խոսում է Աստծու անճառելիների մասին, սուտ է խոսում: Ոմանք ասում են, թե Աբիմելիքի հետ խոսելու և Անքուսի առջև կերպարանափոխվելու համար է այս ասում: Նաև ասում են, թե Դավիթը զարմացած [մտածեց, թե] կարող է սուտ լինել իր օծությունը Սամուելից, այսինքն՝ ես ստությամբ եկա և ամեն մարդ հարկադրված է ստի: Կամ՝ ամեն մարդ մեղանչում է և սուտ է մեղքը: Նորից, և ով կենցաղային բաներին է հետևում, սուտ է և ընդունայն, ըստ Սողոմոնի (տե՛ս Ժողով. 12:8): Նաև, ինչպես առաքյալն ասաց անճառելիի մասին. «Ինչ որ աչքը չտեսավ և ականջը չլսեց» (Ա Կորնթ. 2:9): Թեոդիտոն ասում է. «Ամեն մարդ անկատար է, և Աստված է միայն կատարյալ»: Նաև, երբ Դավիթն ասում է, թե՝ ամեն մարդ սուտ է, նկատի ունի մարդու խորհուրդները, այլ ոչ թե հոգեկիր մարգարեների, որ պիռոնյանները նախատում են, քանզի մարգարեն առավել է քան մարդը:

3. Զի՞նչ տաց տրիտուր Տեառն ընդ ամենայնի, զոր և ետ ինձ:

Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տվեց:

Այնքան մեծ է, որ անհասանելի է մարդու համար. ինքն իրեն տվեց մեզ պաշտելու համար, և բոլոր արարածներին՝ վայելելու, ի՞նչ կարող է արժանի լինել նրան հատուցելու:

4. Բաժակ փրկութեան ընկալայց, և զանուն Տեառն կարդացից:

Փրկության բաժակը պիտի վերցնեմ, և Տիրոջ անունը կանչեմ:

Մահն է անվանում փրկության բաժակ, որ տվեց Տերն իր մահը՝ ցույց տալով մեր հանդեպ ունեցած իր սերը, և այդպես կանչեց ու պահանջեց Որոտման որդիներից: Բաժակը՝ գինու պնակը, բաժանող է կոչվում, որը մարմինն է՝ մահվան ամանը, և ամեն ինչ ըստ բնականի է տալիս, իսկ սեփական ու հոժարակամ սերը Աստծուն է տալիս, որովհետև ընդհանրական է մահը՝ թե՛ անասունների համար և թե՛ մարդկանց, իսկ ընդհանրականը սեփական դարձնելը կատարյալներին է հատուկ, այդ պատճառով էլ փրկության բաժակ է ասում, քանզի Տերը դրանով փրկեց աշխարհը. արբած մեր սիրով ինչպես գինով՝ ոչինչ համարեց բոլոր նախատինքները: Պիտի վերցնեմ Քրիստոսի ձեռքից, և Տիրոջ՝ Հիսուսի անունը կանչեմ, ինչպես որ նա՝ Հոր անունը. «Այն բաժակը, որ Հայրն է ինձ տվել, չպիտի՞ խմեմ» (Հովհ. 18:11), նաև պնակին և գինուն սովորաբար բաժակ ենք ասում:

5. Զաղօթս իմ տեառն տաց՝ առաջի ամենայն ժողովրդեան նորա:

Աղոթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջև:

Աղոթքս Տիրոջը պիտի մատուցեմ, ինչպես Տերը խաչի վրա տվեց. «Տեր, սա դրանց մեղք մի համարի՛ր» (հմմտ. 23:34): Տվեցին նաև սրբերը բոլորի առաջ, ինչպես Ստեփանոսը, Հակոբոսը և բազում վկաներ, քանզի սա է պատարագը:

6. Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց. ո՜ Տէր, ես ծառայ քո եմ, ծառայ և որդի աղախնոյ քո:

Տիրոջ աչքում պատվական է մահն իր սրբերի: Ո՜վ Տեր, ես քո ծառան եմ, քո ծառան և քո աղախնի որդին:

Մարդկանց համար նախատինք է և հիմարություն, իսկ Տիրոջ առաջ պատվական, քանզի Աստված մարդկանց պես չի տեսնում, մարդիկ երևացողն են [տեսնում], իսկ Աստված՝ աներևույթը: Բոլոր արարածները պատվական և ազնիվ են. հրեշտակների վերին դասերը, աթոռները, սերովբեները, քերովբեները, երկինքը [նրա] առջև են փառքով: Երկու լուսատուները՝ արեգակը, աստղերը, արուսյակը՝ արևելյան կողմում, դրախտը, Սինա լեռը և Թաբորը, Հորդանան գետը, արաբների ոսկին, շափյուղա և տպազիոն քարերը, կանայք՝ Մարիամ Աստվածածինը, մարդը՝ Աստված մարդացած և անարգ մահը Աստծու համար, որի դառնությունը քաղցրանում է Աստծու սիրո միջոցով: Ո՜վ Տեր, ես քո ծառան եմ, և Եվայի որդին, որ տիկին էր, սակայն աղախին դարձավ հեշտությանը, ինչպե՞ս վճարեմ Ադամի և մորս պարտքը, եթե ոչ կամավոր մահվամբ: Նաև ծառան պարտավոր էր հանուն տիրոջ իր անձը զոհել, քանզի ոչ միայն ստեղծված ու արարված, այլև քո պատվական արյամբ գնված ծառա եմ, նաև ասում է, թե աստվածապաշտի զավակ եմ, որ քեզ նվիրաբերեցին, այլ ոչ թե օտարի:

7. Հատեր զկապանս իմ. քեզ մատուցից պատարագ օրհնութեան, և զանուն Տեառն կարդացից:

Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնության պատարագ պիտի մատուցեմ, և Տիրոջ անունը կանչեմ:

Կապանքները՝ Եքոնիայի և հրի մեջ գտնվող մանուկների ու Դանիելի: Եվ նորից, ասում է, շնորհ ունեմ մահվանից և մարմնի կապանքներից ազատելու, քանզի շնչով ու արյամբ է կապված հոգին մարմնի հետ: Նաև դժոխքում արձակեցիր անքակտելի կապանքներից: Ես քեզ օրհնության պատարագ պիտի մատուցեմ. ինձ պատարագ պիտի մատուցեմ քեզ, նաև օրհնություն պիտի մատուցեմ զոհերի փոխարեն, քանզի ասացիր. «Օրհնության պատարագն ինձ կփառավորի» (Սղմ. 49:23), և մշտապես այսպես է Տիրոջ մարմնավոր մահվանից հետո:

8. Զաղօթս իմ Տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեան նորա. ի գաւիթս տան Տեառն և ի մէջ քո Երուսաղէմ:

Աղոթքս Տիրոջը պիտի նվիրեմ իր ամբողջ ժողովրդի առջև, Տիրոջ տան գավիթներում և քո մեջ, Երուսաղե՛մ:

Տերն ասաց. «Մտի՛ր քո սենյակը» (Մատթ. 6:6)՝ վերացնելու համար սնափառության աղտեղությունը, իսկ Դավիթն այդ ախտից ազատ լինելով է ամբողջ ժողովրդի առջև ասում՝ որպես օգտակարություն և ուսուցում [նրանց]: Նաև Տիրոջը ծածուկ աղոթել ասելը վերաբերում է իշխողներին, իսկ Դավթինը՝ իշխաններին և քահանաներին, որպեսզի փառաբանությանը բոլորը միանան, ինչպես որ ասում է.  «Ողջ ժողովուրդը թող ասի՝ «Թող լինի, թող լինի»» (Սղմ. 105:48):

 

Վարդան ԱրևելցիՄեկնութիւն Սաղմոսացն ԴաւթիԷջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

04.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․