23 Դեկտեմբեր, Բշ
1. Դավթի իմաստությունը. աղոթք, երբ նա քարայրում էր:
2. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի:
Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաղակեցի:
Դավիթը փակվելով քարայրի ներսում և իմանալով, որ Սավուղը քարայրի դռան մոտ է, այնուհանդերձ փրկության հույս ունենալով՝ [Տիրոջն] էր կանչում և երկու անգամ կրկնելով՝ ցույց էր տալիս Աստծու հանդեպ ունեցած իր սերն ու վշտերի մեջ ժուժկալությունը, այլ ոչ թե համարձակորեն էր կանչում: Նաև ուզում է ասել, թե ձայնն իմն է, իսկ խոսքը՝ Հոգունը: Եբրայերենում ասվում է, թե Դավիթը երեք պատիժներից մահն ընտրեց, և յոթանասուն հազար մարդ մեռավ, ուժասպառ եղավ Դավիթը և ասաց, թե ես կանչեցի և ընտրեցի մահը (տե՛ս Բ Թագ. 24:12-19):
3. Սփռեցից առաջի Տեառն զաղօթս իմ, և զնեղութիւնս իմ առաջի նորա պատմեցից:
Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղոթքն իմ և նրա առջև նեղությունս պիտի պատմեմ:
Հոժարակամությունն է ցույց տալիս, և Տիրոջ առջև արտասուք հեղելն ու սփռելը, ինչպես Որոգոմեսի հագուստները՝ աշակերտները: Նաև նեղությունները պատարագների պես են, որովհետև Տիրոջ համար համբերելն ու հուսալը պատարագ է համարվում:
4. Ի նուաղեալ յինէն հոգւոյ իմոյ, դու, Տէ՛ր, ծանեար զշաւիղս իմ, ի ճանապարհ յոր և գնայի, թագուցաւ ինձ որոգայթ:
Երբ հոգիս նվաղեց իմ ներսում, դու, Տե՛ր, իմացար շավիղներն իմ, այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարվեց իմ դեմ:
Բոլոր կողմերից նեղությունների մեջ լինելով, քաղցած, ծարաված՝ հոգով թուլանում է Տիրոջ սիրուց: Դու, Տե՛ր, իմացար շավիղներն իմ, որովհետև միամտությամբ գնացի իմ ճանապարհով: Ծածուկ որոգայթ լարվեց իմ դեմ. որպեսզի ընկնեմ դրա մեջ: Սատանան էլ սրբերի բարի ճանապարհի առջև որոգայթ է դնում՝ պահեցողներին՝ հպարտություն, ողորմածներին՝ սնափառություն, և մյուսներին՝ այլ [որոգայթներ]:
5. Հայէի յաջմէ՝ տեսանէի, և ոչ ոք ճանաչէր զիս. կորեաւ յինէն փախուստ իմ, և ոչ գտաւ խնդրօղ անձին իմոյ:
Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձավ, և չկար մեկը, որ փնտրեր ինձ:
Իմ բարեկամներից, որ իմ հաջողությունն էին ցանկանում, և չկար մեկը, որ իմ վշտի մասին չիմանար, ո՛չ բարեխոս կար, ո՛չ աջ փախչելու հնար, այլ բոլոր կողմերը ձախ էին, և չկար մեկը, որ փնտրեր իմ կյանքը, բացի իմ Աստծուց:
6. Աղաղակեցի առ քեզ, Տէ՛ր, և ասացի, դու ես յոյս և բաժին իմ յերկրին կենդանեաց:
Քե՛զ կանչեցի, Տե՛ր, ու ասացի. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում»:
Սրտի կանչն ու սիրով պաղատելն է ասում, ինչպես Մովսեսի մասին էր Տերն ասում: Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում. այսինքն՝ Պաղեստինում, որտեղ պաշտվում է կենդանի Աստվածը, որտեղ կարող էր ամբողջովին աստվածպաշտությունը տիրել և չէր կարող մահվան երկիր կոչվել, ինչպես Բաբելոնն էր դժոխք կոչվում: Իմ հույսն ես, ասում է, որ իմ կյանքի բաժինը կտաս այնտեղ: Բաժին է կոչվում նաև տապանակը, որովհետև այնտեղ է Աստծու ներկայությունը:
7. Նայեա՛, Տէ՛ր, յաղօթս իմ, զի ես խոնարհ եղէ յոյժ. ապրեցո զիս ի հալածչաց իմոց, զի հզօր եղեն քան զիս:
Ո՛ւշ դարձրու, Տե՛ր, իմ աղոթքին, քանզի ես սաստիկ խոնարհվեցի, ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզոր եղան:
Ոչ թե այլ առաքինություններին է ասում նայիր, այլ [հատկապես]՝ խոնարհությանը, և վշտերի մեջ խոնարհվելուն, ինչպես որ Աստծուն խնդրում էր մխիթարել ժողովրդին, քանզի շատ տառապանք կրեց, և Պողոսն էլ. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. 12:10): Եվ հալածիչները հզոր եղան, քանզի գտան ինձ իրենց ձեռքն ընկած:
8. Տէր, հան ի բանտէ զանձն իմ. գոհանամ զանուանէ քումմէ:
Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհություն մատուցեմ քո անվանը:
Իմ [գտնվելու] վայրը այլ բանի նման չէ, քան բանտի: Նաև սրբերը բանտ ու կապանքներ են կոչում երկիրն ու մարմինը, և գոհությամբ են այնտեղից դուրս գալիս: Արդարների հոգիները դժոխքում Տիրոջն էին կանչում, որպեսզի հանի բանտից, և Տերն էլ ասում է, թե ինձ են սպասում արդարները, մինչև հատուցեմ սատանային: Դրա համար էլ ասում է.
Ինձ սպասեն արդարք՝ մինչև հատուսցես ինձ:
Քո արդարները պիտի սպասեն, մինչև որ հատուցման արժանացնես ինձ:
Դավիթն անմեղ էր, երբ այսպես էր ասում. իմ փրկվելով, ասում է, բոլոր արդարները կհաստատեն, որ արդարության գործ արվեց՝ հաստատ իմանալով, որ հատուցում կա, քանզի հույսով ինձ են սպասում, թե ինչով եմ վճարելու: Ինչպես որ մեղանչելուց հետո է ասում. «Անօրեններին կսովորեցնեմ ապաշխարության ճանապարհը» (հմմտ. Սղմ. 50:15), ես, ասում է, բացեցի այդ [ճանապարհը], ըստ Պողոսի, թե՝ «Նախ Աստված իմ մեջ ցույց տվեց համբերության շնորհը» (Ա Տիմ. 1:16): Սիմաքոսն ասում է. «Արդարները քո անունն են փառավորելու», որովհետև սրբերը սովոր են ուրախանալ և վշտակից լինել ընկերներին, ըստ Պողոսի. «Ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15), փառավորելով Աստծու անունը, կոչելով նրան գթած, ողորմած, քաղցր և ասելով՝ «Մեծ է Տերը և հույժ օրհնեալ» (Սղմ. 47:1): Նաև արդարներն են փառաբանում սրբակենցաղ քրիստոնեական անվամբ և աստվածպաշտությամբ, ինչպես որ ասում է. «Տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16), որովհետև որդին փառավորում է հոր անունը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը