23 Դեկտեմբեր, Բշ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի:
Սա [աքսորից] վերադարձին վայել օրհնություն է, ինչը նաև իրագործվեց մակաբայեցիների հաղթանակի ժամանակ, և հատկապես նոր ժողովրդին է վերագրվում, որ ասում է.
1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն ի նոր. օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց:
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, սրբերի ժողովում է օրհնությունը նրա:
Քրիստոսի արյամբ նոր ուխտով փրկվածներն են, որ ասաց. «Սա նոր ուխտ է իմ արյունով» (Ա Կորնթ. 11:25), բայց եթե, ըստ Պողոսի, նոր արարած լինի (տե՛ս Բ Կորնթ. 5:17): Արդ, սրանց է վայել նոր օրհնություն տալ Ամենասուրբ Երրորդությանը և միասնական աստվածությանը գոհություն մատուցել: Սուրբ եկեղեցին սրբերի ժողովն է, որովհետև բոլորը միաբերան փառաբանում են Աստծուն՝ միշտ և հանապազ:
2. Ուրախասցի Իսրայէլ յԱրարիչ իւր, որդիք Սիովնի ցնծասցեն ի թագաւորն իւրեանց:
Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց թագավորով:
Նոր Իսրայելը նոր արարած դառնալով, այլ ոչ թե հինը, որ սպանեց նրան: Վերին Սիոնի որդիները թող ցնծան իրենց թագավոր Քրիստոսով, ըստ Գաբրիելի:
3. Օրհնեսցեն զանուն նորա օրհնութեամբ, սաղմոսիւք և օրհնութեամբ սաղմոս ասասցեն նմա:
Թող գովեն նրա անունը օրհնությամբ, նվագարանով և օրհներգով սաղմոս ասեն նրան:
Օրհնելով Հիսուս Քրիստոսի անունը սաղմոսներով և օրհնությամբ, նրանք՝ գործերով, իսկ մենք՝ բերանով:
4. Հաճի Տէր ընդ ժողովուրդ սուրբ իւր. և բարձր առնէ զհեզս ի փրկութեան:
Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին, և փառավորում հեզերին փրկությամբ:
Որոնց հովիվ եղավ և ասաց. «Իմ բաժին ժառանգությունը հաճելի եղավ ինձ» (Սղմ. 15:6): Եվ փառավորում է հեզերին, որոնց մասին ասաց. «Երանի հեզերին» (Մատթ. 5:5)՝ փառավոր երկիրը տալով:
5. Պարծեսցին սուրբքն փառօք, և ցնծասցեն ի հանգիստս իւրեանց.
6. և բարձր արասցեն զԱստուած բերանօք իւրեանց:
Թող սրբերը պարծենան փառքով, և ցնծան իրենց հանգստի մեջ:
Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով:
[Թող պարծենան փառքով], այսինքն՝ խաչով, որով պարծենում է առաքյալը, որ նա է Հիսուսի փառքը, որով, ըստ Հովհաննես ավետարանչի, փառավորվեց: Եվ ցնծան իրենց հանգստի մեջ, իսկ Սիմաքոսն ասում է «իրենց անկողնում»: Հանգիստն այն է, որի մասին Հիսուսն ասաց. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28): Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով, այսինքն՝ [փառաբանեն] Քրիստոսի խաչ բարձրանալը և բոլորին դեպի իրեն կանչելը, որովհետև սրտով հավատում ենք և բերանով խոստովանում:
Սուրք երկսայրի եդ ի ձեռս նոցա,
7. առնուլ հատուցումն ի հեթանոսաց, յանդիմանութիւն ամենայն ժողովրդոց:
Նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան, որ վրեժ լուծեն հեթանոսներից և պատժեն բոլոր ժողովուրդներին:
Որովհետև սրով և աղթոքով վանեցին Գոգին, իսկ մակաբայեցիները՝ Անիտոքոսին: Սուրը նաև խոսքն է, որ Տերը եկավ՝ գցելու երկրի վրա, այն բաժանողը, հավատացյալին անհավատից զատողը, որ առաքյալները վերցրեցին հին և նոր կտակարանները, որով հատուցեցին սատանային՝ սաստելով նրան և մարդկային ազգն ազատելով նրա իշխանությունից, բոլորի առջև կործանելով նրանց մեհյաններն ու զոհասեղանները: Երկսայրի սուր, որովհետև կապում էին և արձակում երկնքում և երկրի վրա, որովհետև սատանային կապեցին և հեթանոսներին արձակեցին իրենց կապանքներից՝ երկինք թողնելով և ասելով, որ վերնայինի մասին խորհեն:
8. Ի կապել զթագաւորս նոցա կապանօք, զզօրավարս նոցա ձեռնակապօք երկաթեօք:
Որ նրանց թագավորներին կապեն շղթաներով, և նրանց մեծամեծներին՝ երկաթյա ձեռնակապերով:
Որ թագ էին դնում և փառքն էին մարդկանց, երբ Երուսաղեմի վրա էին գալիս, որոնք կապվեցին այնտեղ, իսկ նրանց մեծամեծները՝ երկաթյա ձեռնակապերով, իսկ մակաբայեցիների ահից Երուսաղեմում կապվեցին թագավորները և նրանց զորավարները, և որ կապելուց հետո էլ կտրեցին նրա ձեռքը, ինչպես որ կտրեցին Նիկանորի [աջ ձեռքը և գլուխը] և կախեցին տաճարի դռան առաջ (տե՛ս Ա Մակաբ. 7:46): Նաև առաքյալները հեթանոսների թագավորներին կապեցին Քրիստոսի սիրով, ինչպես Սեղբեստրոսը՝ Կոստանդիանոսին, սուրբ Գրիգորը՝ Տրդատին և նրա զորավարներին, իշխաններին, զորահրամանատարներին ոչ միայն Քրիստոսի հավատով, այլև ձեռնակապերով, այսինքն՝ առաքինության ծանր ու վաստակավոր ձեռքերով:
9. Առնել նոցա դատաստանս ի գրոց. փառք այս են ամենայն սրբոց նորա:
Որ գրված դատաստանն իրագործեն նրանց հանդեպ: Այս է փառքը նրա բոլոր սրբերի:
Ինչպես որ Իսրայելի հաղթանակի մասին նախ գրեցին Մովսեսը և մյուս մարգարեները, և այս է փառքը, որ տալիս են նրան բոլոր սրբերը՝ ուրախանալով իրենց ազգատոհմի փրկությամբ: Եվ Հիսուսը՝ մեր Աստվածը, դատաստանով պատերազմեց մեր թշնամիների դեմ, և ոչ աստվածաբար, քանի որ ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհ» (Հովհ. 9:39): Եվ մարգարեներն այս մասին էին աղաչելով գրում. «Ելիր՛, Աստվա՛ծ, ու դատի՛ր աշխարհը» (Սղմ. 81:8), «Ելի՛ր, Տեր, հանուն քո սահմանված կարգի» (Սղմ. 7:7), և սա է փառքն ու պատիվը բոլոր սրբերի՝ երկնավորների և երկրավորների, որովհետև լսեց նրանց պաղատանքները և եկավ փրկելու, դրա համար էլ Դավիթն ասում է. «Օրհնեալ է Աստված, որ չվանեց աղոթքն իմ» (Սղմ. 65:20), և՝ «Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ» (Սղմ. 29:1), իսկ սերովբեները երգում են. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է զորությունների Տերը, և ամբողջ երկինքն ու երկիրը լի են նրա փառքով» (Ես. 6:3): Ինչպես որ ծննդյան ժամանակ հրեշտակներն ու հովիվներն էին ասում. «Փա՛ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՛ւն» (Ղուկ. 2:14), քերովբեներն էլ Քոբար գետի ափին՝ «Օրհնյալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում» (Եզեկ. 3:12), և մենք էլ ասում ենք. «թող լինի, թող լինի»:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը