Սաղմոս ՃԼԱ

Երգ գաղթի:

Այս սաղմոսը շատ նման է ութսունութ սաղմոսին, քանի որ երկուսն էլ հիշեցնում են Աստծու ուխտի և Դավթի խոստման մասին, որ գերին աղերսում է և որպես Աստծու առջև բարեխոսություն՝ ասում.

1. Յիշեա՛, Տէր, զԴաւիթ, և զամենայն հեզութիւն նորա:

Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ամբողջ հեզությունը:

Մի կողմ թողնելով բոլոր բարիքները՝ Սավուղի  և Աբիսողոմի և այլոց հանդեպ հեզությունը, սա է միայն հիշեցնում, թե ինչպիսի ջերմագին փափագով էր ցանկանում կառուցել Տիրոջ տաճարը, որ նույնիսկ անհանգիստ էր անկողնում, քնի մեջ և անգամ նիրհած վիճակում՝ [հիշելով] երդումը:

2. Որպէս երդուաւ Տեառն. և ուխտ եդ Աստուծոյ Յակովբայ:

Թե ինչպես նա երդվեց Տիրոջը և ուխտ արեց Հակոբի Աստծուն:

Պարտավորություն դրեց իր առջև, որպեսզի ոչ մի պատճառ կամ հոգս չկարողանան խափանել:

3. Թէ ոչ մտից ի յարկս տան իմոյ, թէ ելից յանկողինս մահճաց իմոց:

4. Թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինջ արտևանաց իմոց, կամ հանգիստ իրանաց իմոց

5. մինչև գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակովբայ:

Չեմ մտնի իմ տան հարկից ներս, չեմ մտնի իմ անկողինը, իմ աչքերին քուն չեմ տա, կամ նինջ՝ իմ թարթիչներին, և կամ հանգիստ՝ իմ մարմնին, մինչև Հակոբի Տեր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ:

Հանգիստ մարմնին, որն իրան է կոչում, մինչև չգտնեմ, այլ ոչ թե կառուցեմ, որն անհնար էր, որովհետև պատմությունն ասում է, որ մի օր, երբ Դավիթն իր տանը նստած էր, և Նաթանն էլ նրա հետ էր, Դավիթն ասում է, թե ահա ինքը բնակվում է եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը արևի ու անձրևի տակ է: Նաթանն ասում է նրան՝ ինչպես ցանկանում ես, այդպես էլ արա, քանի որ Տերը քեզ հետ է, և իրենից է դա ասում, այլ ոչ թե՝ ըստ Աստծու հրամանի: Եվ նա ելնելով՝ տեղ է փնտրում (տե՛ս. Բ Թագ. 7:1-3), և սեղանի համար պատրաստություն է տեսնում Ոռնայի կալում, որտեղ հրեշտակը դադարեց [ժողովրդին] սրով կոտորելուց, ու այնտեղ զոհ է մատուցում և ասում. «Ահա լսեցինք նրա մասին» (տե՛ս Բ. Թագ. 24:1-26): Դավիթն ու Նաթանը Հոգուց լսեցին Տիրոջ տաճարի մասին, թե որտեղ պետք է կառուցեն, քանի որ ասաց Նաթան (= Գադ) մարգարեն. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու» (Բ Թագ. 24:18): Եվ Սուրբ Հոգին ազդեց նրա վրա, թե՝ քո որդին է այստեղ շնչավոր տաճար կառուցելու՝ հոգուց և մարմնից, որով աշխարհը փրկվելու է, հետևաբար բերկրանքով տոգորված ասում է.

6. Ահա լուաք զնմանէ յԵփրատայ. և գտաք զնա ի դաշտս մայրեաց:

Ահա, խորանի մասին լսեցինք Եփրատայում, և այն գտանք մայրիների դաշտերում:

Եփրատա, որը բացել է նշանակում, հայտնում է հայտնության անճառելի խորհրդի մասին, որ ծածկված էր ազգերից և հավիտենից: Քանզի պատմությունից ասում են, որ երբ մեռավ Քաղեբի կինը՝ Գազուբանը, նա երկրի հեթանոս բնակիչներից կին առավ, որի անունը Քաբրաթա էր՝ ըստ քանանացիների կոչման, որն էլ յուրացնելով կոչեցին Եփրատա, իսկ նրա հայրը տիրում էր ամբողջ երկրին, և այն տվեց իր դստերը, որի անունով էլ երկիրը կոչվեց Եփրատա: Եվ սա որդի ծնեց ու կոչեց Քաղեբ [այսինքն]՝ Բեթղեհեմ, և նրա անվամբ կառուցեց Բեթղեհեմ քաղաքը, որը կոչվում է «հացի տուն», որ տվեց մեզ կենաց հացը՝ երկնքից իջած: Որի մասին էլ Դավիթն իմանալով՝ ասաց. Ահա, խորանի մասին լսեցինք  Եփրատայում, և այն գտանք մայրիների դաշտերում, քանի որ մայրիների դաշտը վայր էր (անպտուղ ծառերի) և անխնամ էր, այդ պատճառով էլ ասում է.

7. Մտցուք ի յարկս նորա, երկիր պագցուք ի տեղւոջ՝ ուր կացեալ են ոտք նորա:

Մտնենք կացարանը նրա, երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա:

Որտեղ սաղարթախիտ առաքինություններով Մարիամը ծնեց կաթնակեր տղային և մարմնով մսուրի մեջ դրեց, որը ոտք է կոչում (ոտք է կոչում մարդեղության վայրը, այսինքն՝ երկրպագում է Քրիստոսի մարդեղության խորհուրդի առջև), իսկ հետո զարգանալով և հասակ առնելով ոտքով շրջեց ու խաչվեց, և գերեզմանի մեջ դրվեց, և որ խոսքն ուսուցանելով, ծովերից ու ցամաքից գալիս են երկրպագելու նրան, և վայելում այնտեղի օրհնությունը, ուր կանգնած են ոտքերը նրա, քանզի ահա մարմնավորապես այնտեղ չէ, այլ՝ իմանալիորեն: Սակայն Դավիթը հետագայում իմանալով Նաթանից, Աստծու հրամանով դադարեցնում է տաճարի շինությունը, և պատճառը կամ այն է, որ Աստված խնայեց նրան, որովհետև չափազանց մեծ աշխատանքով ցանկանում էր կառուցել այն, կամ որպեսզի  դրանով նրա որդին պատվի արժանանա, կամ, որ սաստիկ պատերազմ էր մղվում, կամ բազում հեթանոսների արյուն հեղելու պատճառով Դավթի ձեռքերը մաքուր չէին, սակայն վայրը նվիրաբերեց և պատրաստեց, իսկ Աստված էլ գովաբանեց նրա հոժարակամությունը և կառուցեց Դավթի հրաշագեղ խորանը՝ մեր ընկած ու կործանված բնությունը՝ Դավթի սերնդից վերցնելով, ըստ մեծն Պետրոս առաքյալի, որ ասում է. «Նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդվելով խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա» (Գործք 2:30), որի մասին իմանալով ասում է.

8. Արի՛, Տէ՛ր, ի հանգիստ քո, դու և տապանակ կտակի սրբութեան քո:

Ելի՛ր քո հանգստավայրը, Տե՛ր, դու և տապանակը քո սուրբ կտակի:

Սողոմոնի կառուցելն ու Զորաբաբելի վերանորոգելը կոչում են Դավթի տան հեզություն ու խոնարհություն: Դու և տապանակը. երկուսն էլ այնտեղ էին՝ Սողոմոնի շինության մեջ տապանակով բնակվեց, իսկ Աստծու Խոսքով կառուցվեց Աստվածածնի մեջ, որից մարմին առավ, որը նաև տապանակ եղավ և Աստծու Խոսքի դրվելու վայրը՝ հոգով և մարմնով, և երկուսը միավորելով Խոսքին՝ մեկ դարձրեց, և սրբության տապանակը՝ որպես ընդունարան կենաց մանանայի, որով Հայրը սրբեց բնությունը Խոսքի միջոցով և առաքեց՝ սրբելու աշխարհը, որն այլ թարգմանիչները զորության տապանակ են կոչում, իսկ մի մասն էլ՝ տերության, որից էլ կուսությամբ երևաց Հոր զորությունն ու Որդու տերությունը:

9. Երիցունք քո զգեցցին զարդարութիւն. և սուրբ քո ցնծալով ցնծասցեն:

Քո երեցները թող արդարություն հագնեն, և քո սրբերը խնդությամբ ցնծան:

Հեսուի հագած կեղտոտ հագուստների փոխարեն, որ հրամայեց հանել և պարեգոտ հագցնել (տե՛ս Զաքար. 3:4-5), և նրանք, ովքեր նստած էին նրա առջև՝ քահանաներ, կանխատես եւ նշան փնտրող մարդիկ էին, որ ասաց, թե կդարձնեմ քեզ նրանցից մեկը (տե՛ս Զաքար. 3:7): Քանի որ քահանան աշխարհի հայրն է, իսկ քահանայապետը՝ քահանաների իշխան, ինչպես՝ հայրերի հայր: Իսկ պարեգոտը չորս նյութերից է բաղկացած չորս տարրերի փոխարեն, քանզի վուշը (կտավատի թել) երկրի վրա է աճում, կարմիրը՝ հուրն է, կապույտը՝ օդն է, ծիրանին՝ ջուրը, քանի որ ջրից է գոյանում: Եվ սրանք են երկնքի և երկրի տարրերը, որոնք քահանայապետը հագնում է և ուսանոցի վրա տասներկու քարեր է դնում՝ որպես խորհուրդ տասներկու կենդանակերպի և Իսրայելի տասներկու ցեղերի, որ ուսանոցը հագնելու ժամանակ կրծքի վրա է գալիս, իսկ երկու այլ քարեր՝ թիկունքին, որոնք նշան են երկու կիսագնդերի և ծովի ու ցամաքի խորհուրդն ունեն, որտեղ բնակվում են մարդկային բոլոր ազգերը, և կարծես թե քահանան, այս ամենը հագնելով մտնում էր Աստծու առաջ և նրան նվիրաբերում երկինքն ու երկիրը, արդարություն հագնելով նախ ինքը, և ապա ուրիշներին արդարացնելով, քանի որ արդարությունը ներքին մարդու պարեգոտն է ու զգեստը, և որը պատվական է ու աստվածանման գեղեցկությամբ, ավելի պատկառելի քան արտաքինն է: Եվ քանի որ հոգու երեք մասերն են՝ խոսքը, ցասումն ու ցանկությունը, և առանձին հատուկ առաքինություն ունի խոսքը՝ խոհականը, ցասումը՝ արիականը, և ցանկությունը՝ ողջախոհականը, իսկ արդարությանը բոլորն են կարոտ, որպեսզի նրանց հավասար և չափավոր դարձնի, որովհետև արդարությունը հավասարակշռություն է կոչվում: Եթե խոհականը արդարություն չունի, ապա անհավասար է՝ ավելի է կամ պակաս, եթե ավելի է, ապա նենգավոր է, եթե պակաս է, ապա անմիտ է, իսկ եթե հավասար է՝ արդար է: Նույնպես նաև արիականը, եթե ավելի է՝ հանդուգն է և լիրբ, եթե պակաս է, ապա երկչոտ է, եթե հավասար է՝ արդար է: Այսպես է նաև ողջախոհությունը, եթե պակաս է, ապա շվայտ է և իգամոլ, եթե ավելի է՝ խնայող է, մարմինը սպանող է, եթե հավասար է՝ արդար է: Այսքան կարևոր է չորրորդ առաքինությունը, որն արդարությունն է, որ քահանաներին պատվիրում է հագնել, ովքեր քավություն տվող են և Աստծու առջև միջնորդներ, Աստծուց ցածր և մարդկանցից բարձր: Իսկ որ արդարության պատմուճանով զարդարված չէ, տգետ է, կամ՝ խորամանկ և նենգավոր, կամ լիրբ և ցանկասեր, և քահանա չէ ու Աստծու պատկերը չի կրում, այլ՝ գազանի: Եթե անմիտ է՝ ավանակ է, եթե անսանձ է՝ ջորի է, եթե հանդուգն է և լիրբ՝ շուն է և մասամբ շողոքորթ: Մարգարեն ասում է. եթե ցանկասեր է՝ իգամոլ ձի է, թե քծնող է, աղվեսի նման է, եթե գող է, ապա գայլի նման է, եթե ագահ է՝ խոզի, եթե ոխակալ է՝ ուղտի, եթե ամբարտավան է՝ առյուծի և այսպիսիներն Աստծու սեղանի առջև թող չելնեն և պատարագ չմատուցեն Աստծուն, քանի որ անսուրբ են, հետևաբար ուրիշներին ինչպե՞ս կարող են սրբել և ինչպե՞ս կարող են պատարագել Քրիստոսին: Այդ պատճառով էլ սրբերն Աստծու պատկերն են կրում, իսկ անսուրբները՝ գազանի և սողունների կերպարանքը, որոնց չենք շտապում հիշել: Իսկ Տիրոջ տան ընդարձակությունն էին փնտրում, մի՛ դժկամեք, դա օտար չէ Սուրբ Գրքին և խոսքին: Այդ պատճառով էլ արդարության զգեստ հագնելուց հետո սուրբ է կոչում և պատվիրում է ցնծալ՝ ազատ լինելով խղճմտանքից և ասելով. թող քո սրբերը խնդությամբ ցնծան, քանզի ցնծությունը խնդությունից առավել է, ինչպես որ բոցավառվելը, զվարթանալն ու հոգով պայծառանալը: Եվ կրկնելով է ասում՝ խնդությամբ ցնծան, որովհետև երկուսն էլ մարդու վրա են երևում, քանզի սրտի բերկրանքից զվարթանում է երեսը և պայծառանում է գեղեցկությունը: Գերին ասում է.

10. Վասն Դաւթի սիրելւոյ քոյ, մի՛ դարձուցաներ զերեսս քո յօծելոյ քումմէ:

Հանուն քո սիրելի Դավթի, մի՛ շրջիր երեսդ քո օծյալից:

Սուրբ Հոգին է ասում հանուն Դավթի, որ այնքան սիրեց քեզ, և հոժարեց տուն կառուցել քեզ համար, և քո կողմից էլ սիրվեց, քանի որ խնայեցիր նրան, և նրա որդիների միջոցով կանգնեցրիր, ինչպես որ խոստացար՝ մեկով՝ քարեղեն տաճարը, իսկ մյուսով՝ Աստծու հետ միավորված խորանը՝ ադամյան և դավթյան: Մի՛ շրջիր երեսդ քո օծյալից. այն ժամանակ՝ Զորաբաբելից, որպեսզի կառուցի բաբելոնացիների կործանածը, իսկ այժմ՝ քրիստոնեական օծությունից, որպեսզի լինենք տաճար և հանգիստ՝ քո կամքի համար, և օծյալները, որ քրիստոնյաներն են:

11. Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ եւ ո՛չ ատեաց նմա, ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո:

Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին ու չստեց նրան. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին»:

Ուստի և Սողոմոնին ու Հիսուսին նստեցրեց հայրենի աթոռի վրա, որ կա և մնում է հավիտյան, որի մասին երդվելով՝ ասաց. «Նրա սերունդը հավիտյան կմնա, և ինչպես արեգակ, ինչպես լուսին, նրանց աթոռն իմ առջև հավերժ հաստատուն կմնա երկնքում» (Սղմ. 88:37-38), որ հավիտյաններից առաջ էր, իսկ մարմնավորապես՝ Դավթի աթոռը:

12. Թէ պահեսցեն որդիք քո զօրէնս իմ. և զվկայութիւնս իմ, զոր ուսուցից նոցա: Որդիք նոցա նստցին յաւիտենաս յաւիտենից յաթոռ քո:

Եթե որդիներդ պահեն իմ օրենքն ու իմ վկայությունները, որոնք նրանց պիտի սովորեցնեմ, ապա որդիները նրանց հավիտյանս հավիտենից կնստեն քո գահին:

Ամենագետը գիտե, որ չեն պահի, այլ կռապաշտության մեջ կընկնեն, այդ պատճառով էլ զգուշացնում է, որ եթե չպահեն Տիրոջ պատվիրանները, այլ խաչեն նրան, ինչպե՞ս կնստեն նրա աթոռին, դրա համար էլ չնստելու պատճառ հանդիսացան ոչ թե ուխտ անողները, այլ՝ ուխտազանցները՝ Դավթի որդիներից սերված, իսկ նա իրենը [այսինքն՝ ուխտը] պահեց և ճշմարիտ եղավ:

13. Հաճեցաւ Տէր ընդ Սիովն. և ընտրեաց բնակել ի նմա.

14. ասէ՝ այս հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից, ի սմա բնակեցոյց, զի հաճեցայ ընդ սա:

Տերը սիրեց Սիոնը և նախընտրեց բնակվել այնտեղ:

Ասաց. «Այս է հանգստավայրն իմ հավիտյանս հավիտենից, այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա»:

Եվ ըստ Դանիելի՝ այդ ամենն այնտեղ կատարվեց, երբ լրացավ յոթանասուն յոթնյակը (տե՛ս Դանիել 10:24), և հայտնվեց Օծյալն ու սպանվեց, քանզի այնտեղ կատարվեց ամբողջ տնօրինությունը, և նրա շնորհը չի հեռանա այդ վայրերից, որտեղ եղավ նրա գերեզմանը, հարությունը, երկինք համբարձվելը և Սուրբ Հոգու գալուստը: Նաև եկեղեցին ու վերին Սիոնը իրենց մեջ անքակտելի կրում են Տիրոջը, որ հեզ ու խոնարհ է իր որդիների համար:

15. Զորս սորա օրհնելով օրհնեցից. և զաղքատս սորա լցուցից հացիւ:

Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ, և սրա աղքատներին կշտացնեմ հացով:

Սիմաքոսն ու Ակյուղոսն արդյունավոր լինելն են ասում, այսինքն՝ առաքինությունը, պարկեշտությունը, սրբությունը և սրանց նման այլ բարությունները շարունակ օրհնելու եմ, այսինքն՝ իմ օրհնությունը խառնելով բազմապատկելու եմ, և այն աղքատները, որ հոժարակամ կլինեն բարիք գործելու մեջ, սակայն չեն կարողանա, իմն եմ ավելացնելու: Քանզի եթե երկինքը ծածկում է նրա առաքինությունները, ապա որքան առավել հողեղենների բարեգործությունները: Ինչպես ասում է սուրբ Գրիգորը, թե ամեն օր կշռվում են մարդկանց բարի ու չար գործերը, և եթե մեղքերը բարեգործություններից շատ ու ծանր են, դրվում են Քրիստոսի չարչարանքների վրա, որ մեզ համար կրեց, որպեսզի աշխարհը չարին հակվելու պատճառով չկորչի: Քանի որ մարդկային ազգն աղքատ և չքավոր է, ինչպես որ Դավիթն իրեն աղքատ ու տնանկ է կոչում, թեև թագավորություն ուներ և մարդկության կենդանություն պատճառը հացն է համարում, որը աստվածպաշտությունն է: Եվ եթե ամեն ինչ ունենայինք, ապա ո՞վ կտար մեզ հավիտենական կյանքի պատճառը՝ Աստծու հետ միավորված մարմինը, որ իջնում է երկնքից և կյանք պարգևում աշխարհին, ինչպես որ ինքը պատվիրեց:

16. Երիցանց սորա զգեցուցից զփրկութիւն. և սուրբ սորա ցնծալով ցնծասցեն:

Սրա երեցներին փրկություն պիտի հագցնեմ, և սրա սրբերը խնդությամբ պիտի ցնծան:

Քահանաներին է ասում, ովքեր արդարությամբ են զգեստավորվել, քանզի փրկությունն արդարության ծնունդ է, արդարությունը՝ մեզանից, փրկությունը Աստծուց: Դրա համար էլ ասում է, թե նախ թող արդարություն հանգեն, և ապա ինքն ասում է փրկություն պիտի հագցնեմ,  կրկնում է ասածը, թե՝ սրա սրբերը խնդությամբ պիտի ցնծան:

17. Անդ ծագեցից զեղջիւր ի Դաւիթ, պատրաստ արարից զճրագ օծելոյ իմոյ:

Այնտեղ պիտի Դավթին եղջյուրներ ծլեցնեմ, իմ օծյալի համար ճրագ պատրաստեմ:

Նկատի ունի Զորաբաբելին, որովհետև նա որոշ ժամանակ թագավորեց, և նրանից հետո այլևս ոչ ոք չնստեց, բայց շառավիղը չէր, [որի մասին] Զաքարիան է ասում. «Ահա այն մարդը, որի անունը Շառավիղ է» (Զաքար. 6:12), որն իմանալի արեգակն է՝ ըստ Մաղաքիայի, որ ներսից՝ Սուրբ Կույսից ծագեց Տերը: Եվ եղջյուր է կոչում, որը զորությունն է, քանի որ Քրիստոս Աստծու զորությունը նաև Դավթի զորությունը եղավ՝ անմահացնելով նրա բնությունն ու թագավորությունը: Իմ օծյալի համար ճրագ պատրաստեմ. Հոր գթությունից պատրաստվեց մարմնի ճրագը, որը վառվեց աստվածությամբ, և որը նրա Քրիստոսն է, Հորը՝ ըստ աստվածության և Դավթինը՝ ըստ մարդեղության:

18. Թշնամեաց նորա զգեցուցից զամօթ, այլ ի վերայ նորա ծաղկեսցի սրբութիւն իմ:

Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, իսկ նրա վրա պիտի ծաղկի սրբությունն իմ:

Հրեաներին և հերետիկոսներին, երբ տեսնեն նրան իր զորությամբ ամպերի վրա գալուց և փառքով բազմած, մեծ ամոթ է պատելու նրանց: Իսկ նրա վրա պիտի ծաղկի սրբությունն իմ, այսինքն՝ ամբողջ աշխարհին ցույց է տալու, թե նա է, որ սրբեց մեր մեղքերը, և նստեց Աստծու աջ կողմում՝ ըստ Պողոսի (տե՛ս Եբր. 10:12), և նրա սրբությունը Հոր սրբությունն է, ինչպես որ ասաց. «Ամեն ինչ, որ Հայրն ունի, իմն է» (Հովհ. 16:15):

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

25.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․