Սաղմոս ՁԸ

Եման Եզրայելացու իմաստությունը

Ոմանք Եթան Եզրայելացու են ասում, այլ կարծում եմ, որ սա նման է նախորդ սաղմոսին: Եզրայելը քահանաների գյուղ էր, երգիչներն այնտեղից էին Երուսաղեմ գալիս և նվագում տաճարի մեջ, որտեղից էր նաև Նեեման, որ ցնծություն է թարգմանվում կամ միաբանություն, հայտնի է, որ ցնծում էր Աստծու պարգևներով՝ միտքը նրա վրա կենտրոնացնելով, քանզի Աստված Դավթին և սրան շնորհեց երգել Միածին Բանի մարդեղության մասին: Նաև Երուսաղեմի կործանման խորհուրդն ունի՝ [աշխարհի] վերջին ժամանակներում:

1. Զողորմութիւնս քո, Տէր, յաւիտեան օրհնեցից, ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո բերանով իմով:

Քո ողորմությունները, Տե՛ր, հավիտյան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով:

Ինչ որ ստացանք և ստանում ենք, Աստծու շնորհով է, որը ողորմությամբ է կատարվում, այլ ոչ թե ըստ մեր արժանիքների: Հավիտյան պիտի օրհնեմ, ինչքան որ ժամանակը երկարաձգվի: Սերնդից սերունդ, այսինքն՝ հանդերձյալում՝ արդարներին պսակելով, և հրեշտակներին պիտի պատմեմ քո ճշմարտությունը, քանզի այնտեղ ողորմություն չկա, այլ՝ ճշմարտություն: Իմ բերանով, որը Սուրբ Հոգին է, ինչպես որ Տերն ասաց, թե ես կտամ բերան և իմաստություն:

2. Ասացեր՝ թէ աշխարհս ողորմութեամբ շինեսցի, յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն քո:

Ասացիր՝ «Աշխարհս ողորմությամբ պիտի շինվի». քո ճշմարտությունը երկնքում պիտի հաստատվի:

Չի ասում թե շինվեց, այլ՝ պիտի շինվի վերստին Որդու միջոցով, և առաջինը ևս ողորմությամբ շինեց՝ իմանալով, որ մեղանչելու է Ադամը և աշխարհը ժառանգելու, սակայն ողորմությամբ արեց: Եվ եթե առաջինին ասաց «ո՞ւր ես» (Ծննդ. 3:9), ապա Սուրբ Հոգին Դավթի միջոցով ասաց. «Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը» (Սղմ. 32:5), և այստեղ էլ ասում է. «Եթե քո որդիները լքեն իմ օրենքը…գավազանով կհարվածեմ, բայց իմ ողորմությունից չեմ զրկի…նրա սերունդը հավիտյան կմնա», հիմքերն այնտեղ գցեց, և նախ այնտեղ լսեցին Հորից, և ավետաբերները եկան կույսի և հովիվների մոտ, պատրաստ էին և հոժարակամ մեր փրկության համար, և եկեղեցին էլ հեռու չէ այնտեղից: Մոտեցել եք, ասում է Պողոսը, Սիոնին և Երուսաղեմին՝ եկեղեցուն (տե՛ս Եբր. 12:22): Նաև Նոյին ասաց. «Ես այլևս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի… իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ» (Ծննդ. 8:21, 9:13), ինչպես որ ասում է. երկնքում պիտի հաստատվի, որտեղ էլ նշանն է:

3. Եդի ուխտ ընտրելոց իմոց. երդուայ Դաւթի ծառայի իմոյ:

Ուխտ կնքեցի իմ ընտրյալների հետ, երդվեցի իմ Դավիթ ծառային:

Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, քանզի յուրաքանչյուրին ասացի՝ քո զավակից: Երդվեցի Դավթին, ինչպես որ հարյուր երեսունմեկ սաղմոսում է ասում. «Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին»:

4. Յաւիտեան հաստատեցից զաւակ քո. և շինեցից ազգէ յազգ զաթոռ քո:

Քո սերունդը հավիտյան պիտի հաստատեմ և Քո աթոռը դարեդար պիտի կառուցեմ:

Հավիտյան պիտի հաստատեմ, ո՞ւմ է սա վայել, եթե ոչ Տիրոջը, որի շնորհիվ օրհնվում են բոլոր ազգերը: Եվ քո աթոռը դարեդար պիտի կառուցեմ, որը սուրբ եկեղեցին է: Երկնքում հաստատվեց նրա ճշմարտությունը, իսկ երկրում՝ ողորմությունը, և եկեղեցին ճշմարտությամբ և ողորմությամբ է հարատևում: Դարեդար՝ այս կյանքից մինչև այն դարը, որի ժամանակ հրեղեն կերպով նորոգվելու են բոլոր արարածները:

5. Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց, Տէր, և ճշմարտութիւն քո յեկեղեցիս սրբոց:

Երկինքը պիտի պատմի քո հրաշագործությունը, Տե՛ր, և քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում:

Ինչը նախ իմացան երկնքում, և ճշմարտությունը նախ նրանք քարոզեցին եկեղեցու մեջ՝ աստղը մոգերին ցույց տալով, և հովիվներին՝ փառք բարձրունքներում ասելով, և Սուրբ Հոգին Հոր ձայնով և լուսավոր ամպով իջնելով:

6. Ո՞վ է յամպս, որ հաւասարէ քեզ. կամ ո՞վ  նմանիցէ Տեառն յորդիս Աստուծոյ:

Ամպերի մեջ ո՞վ է քեզ հավասար, կամ Աստծու որդիների մեջ ո՞վ է Տիրոջը նման:

Սիմաքոսը երկնային ամպերի մեջ է ասում, որ երկնավորները վերցրին Աստծուց [շնորհները], ինչպես ամպը ծովից և հայտնեցին հրաշագործությունների մասին: Կամ Աստծու որդիների մեջ ո՞վ է Տիրոջը նման, որ շնորհով կոչվեցին [որդիներ] և նրա կատարումից հետո վերցրին [շնորհները] առաքյալները, մարգարեներն ու սրբերը:

7. Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց. մեծ և ահաւոր ի վերայ այնոցիկ, որ շուրջ են զնովաւ:

Աստված փառավորված է իր սրբերի խորհրդում, մեծ և ահավոր է նա իր շուրջը եղողների համար:

Տկարները գայթակղվում են աչքի տեսածով, ինչպես որ հրեաները՝ մարմնի համար, իսկ արթունները Քրիստոս Աստծուն են փառաբանում իրենց հոգիներում: Մեծ և ահավոր է նա իր շուրջը եղողների համար. ասում են, թե Աստծու հետևի կողմում՝ թիկունքում, անհայտ սրբերն են, ձախ կողմում՝ ծառաները, որ վախենում են, աջ կողմում՝ վարձկանները, որոնց ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնեալնե՛ր… որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք» (Մատթ. 34-35), իսկ դիմացը՝ որդիները:

8. Տէր Աստուած զօրութեանց, ո՞ նման է քեզ. հզօր ես դու, Տէր, և ճշմարտութիւն քո շուրջ է զքև:

Զորությունների՛ Տեր Աստված, ո՞վ է քեզ նման. հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունդ քո շուրջն է:

Ամենակարող ես և ճշմարտությունդ ըստ արժանիքի պսակում է նրանց, ովքեր քո շուրջն են: Բառերով այսպես է նկարագրվում, սակայն իրականում նա իր ափի մեջ է պարփակում բոլորին:

9. Դու տիրես զօրութեանց ծովու. և զխռովութիւն ալեաց նորա դու ցածուցանես:

Դու տիրում ես ծովի զորություններին, և նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում:

Ինչպես որ ավազով սահման դրեցիր, և նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում, ինչպես մի ժամանակ Կարմիր Ծովը [բացեցիր] և հետո աշակերտների հետ նավարկության ժամանակ [հանդարտեցրիր փոթորիկը]:

10. Դու խոնարհեցուցանես որպէս վիրաւորս զամբարտաւանս ի զօրութիւն բազկի քո ցրուցեր զթշնամիս քո:

Դու վիրավորների պես խոնարհեցնում ես ամբարտավաններին և բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին:

Փարավոնը հպարտությամբ էր վիրավոր, թե ինչո՞ւ թողնենք դուրս գան իսրայելացիները, և խոնարհվեց ալիքների տակ: Բազկիդ ուժով ցրեցիր դևերին մարդկանց միջից, ինչպես նաև կռապաշտությունը:

11. Քո են երկինք և քո է երկիր. զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր, զհիւսիս և զհարաւ դու արարեր, Թաբոր և Հերմոն յանուն քո ցնծասցեն:

Քոնն է երկինքը և քոնն է երկիրը, աշխարհն իր մեջ եղածով դո՛ւ հաստատեցիր: Հյուսիսն ու հարավը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անվամբ պիտի ցնծան:

Քոնն է երկինքը, որ ծովի պես ես գործածում, որտեղից Նոյի ժամանակ ջուր բխեցրիր, և երկիրը նույնպես, որից նորանոր աղբյուրներ առաջացան: Երկինքը հոգնակի է ասում, ինչպես որ այլ վայրում է ասում, իսկ երկիրը՝ եզակի, քանզի այլ երկիր գոյություն չունի քան այս երկիրն է՝ աշխարհն իմանալի և զգայական: Հյուսիսն ու հարավը դու ստեղծեցիր. Թաբորը խոստացված երկրի հյուսիսում է, իսկ Հերմոնը՝ հարավային, իրենց սեփականության մեջ պիտի ցնծան Աստծու անվամբ, որտեղ ճշմարիտ Աստվածն է դավանվում: Ուրիշ երկրում չեն ցնծում, որտեղ ստի պաշտամունք է, մինչև որ գա Տերը և դեպի նա դառնան: Նաև՝ Տիրոջ պայծառակերպությամբ ցնծաց Թաբորը, Տիրոջ հայտնության ճառագայթները Թաբորից հասան մինչև Հերմոն:

12. Քո է բազուկ և քո է զօրութիւն, զօրասցի՛ աջ քո և բարձր եղիցի ձեռն քո:

Քոնն է բազուկը և քոնն է կարողությունը, թող զորանա քո աջը, և բարձր լինի քո ձեռքը:

Բազուկը, որ կրում ես քո ամբողջ զորությամբ, և քո ձեռքում է երկրի ամբողջ տիեզերքը: Թող զորանա քո աջը՝ աջակողմյանները թող քեզնով զորանան, և բարձր լինի քո ձեռքը՝ թշնամիներին ոչնչացնելու համար:

13. Յարդարութիւն և յիրաւունս հաստատեալ է աթոռ քո. ողորմութիւն և ճշմարտութիւն գնասցէ առաջի երեսաց քոց:

Քո աթոռը հաստատված է արդարության և իրավունքի վրա, ողորմությունն ու ճշմարտությունը քո առաջից պիտի ընթանան:

Արդարության, որ չկա կեղծավորություն և աչառություն, և իրավունքի վրա, քանզի ներողամտությամբ ես վարվում մարմնավորների հանդեպ, ողորմություն ես ցուցաբերում մարմնավորներին, և ճշմարտություն՝ անմարմիններին:

14. Երանի՛ ժողովրդեան, որ գիտեն զօրհնութիւնս քո, Տէր, ի լոյս երեսաց քոց գնասցեն, և յանուն քո ցնծասցեն զօրհանապազ, և յարդարութեան քում բարձր եղիցին:

Երանի այն ժողովրդին, որ գիտե քեզ օրհնաբանել, Տե՛ր, նա քո երեսի լույսով պիտի ընթանա: Նա քո անվամբ պիտի ցնծա գիշեր-ցերեկ, ու քո արդարությամբ բարձր պիտի լինի:

Առաքյալները քարոզչությունից հետո օրհնաբանել սովորեցրին՝ հավատքով նորանալով՝ նոր օրհնություն մատուցել, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն օրհնել, ինչը հրեաները չգիտեին: Քո երեսի լույսով պիտի ընթանա. Հոր երեսը Որդին է, իսկ երեսի լույսը՝ Հոգին, և քո քրիստոնեական անվամբ գիշեր-ցերեկ պիտի ցնծան, ու քո արդարությամբ, որ խաչի միջոցով հաստատեցիր, բարձր պիտի լինեն, ինչպես որ ասացիր. «ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ. 12:32):

15. Պարծանք զօրութեանց մերոց դու ես, Տե՛ր, և ի կամս քո բարձր եղիցի եղջիւր մեր:

Դու ես պարծանքը մեր զորության, Տե՛ր, և մեր եղջյուրը քո կամքով պիտի բարձրանա:

Պարծանք առաքյալներն էին ասում, իսկ զորություն, որով գործում էին և տալիս: Եվ մեր եղջյուրը քո կամքով պիտի բարձրանա՝ հավատքը գործերով է բարձրանում:

16. Ի Տեառնէ է օգնութիւն սրբոյն Իսրայէլի՝ թագաւորին մերոյ:

Տիրոջից է Իսրայելի սրբի՝ մեր թագավորի օգնությունը:

Մեր օգնությունը Քրիստոսից է, ինչպես որ ասաց. «Ես ձեզ հետ եմ» (Մատթ. 28:20): Դարձյալ՝ Իսրայելի սուրբը Հիսուսն է, որ ասաց. «Հայրն ինձ հետ է» (Հովհ. 16:32):

17. Յայնժամ խօսեցար տեսլեամբ ընդ որդիս քո, և ասացեր. եդից զօգնութիւն իմ ի վերայ հզօրին, և բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ:

Այնժամ դու տեսիլքի մեջ խոսեցիր որդիներիդ հետ՝ ասելով. «Օգնություն ցույց կտամ հզորին, և կբարձրացնեմ ժողովրդիս ընտրյալին:

Այնժամ դու խոսեցիր. Սիմաքոսը [այսպես է թարգմանում]՝ այնուհետև խոսեցիր տեսիլքի մեջ մարգարեների հետ, որոնց որդիներ է կոչում որպես Հոգուց ծնվածներ: Օգնություն ցույց կտամ ոչ թե կարիքի համար, այլ որպես վկայություն: Եվ կբարձրացնեմ ժողովրդիս ընտրյալին, ըստ Երգ Երգոցի, թե. «Ընտրյալ է՝ տասը հազարից» (5:11), նաև մարգարեների մոտ կան այսպիսի խոսքեր, ինչպես, օրինակ, Եսայու. «Խելահաս պիտի դառնա իմ ծառան, բարձրանա ու մեծապես փառավորվի» (52:13), նաև. «Իմ ընտրյալն է Իսրայելը» (42:1):

18. Գտա զԴաւիթ ծառայ իմ, իւղով սրբով իմով օծի զնա:

Գտա իմ Դավիթ ծառային, սուրբ յուղովս օծեցի նրան:

Գտա աղքատ հովիվների միջից՝ հոտից և տղաներից թաքնված:

19. Ձեռն իմ ընկալցի զնա. և բազուկ իմ զօրացուսցէ զնա:

Ձեռքս կընդունի նրան, և բազուկս նրան կզորացնի:

Կընդունի խնամակալ գրկում, և կզորացնի՝ ընդդեմ թշնամու:

20. Մի՛ մեղիցէ նմա թշնամի, և որդի անօրէնութեան մի՛ չարչարեսցէ զնա:

Թշնամին չի վնասի նրան, և անօրինության որդին նրան չի չարչարի:

[Չեն վնասի] Տիրոջը թշնամի հրեաները և անօրեն հեթանոսները:

21. Հարից առաջի նորա զթշնամիս նորա, և զատելիս նորա ի պարտութիւն մատնեցից:

Նրա թշնամիներին կհարվածեմ նրա առաջ, և նրան ատողներին պարտության կմատնեմ:

Բազմաթիվ անգամներ այսպես արեց, ինչպես տասնվեցերորդ սաղմոսում է ասում. «Իրավունքս քեզնից թող լինի» (2):

22. Ճշմարտութիւն իմ և ողորմութիւն իմ ընդ նմա. և յանուն իմ բարձր եղիցի եղջիւր նորա:

Իմ ճշմարտությունն ու ողորմությունը նրա հետ են, և նրա եղջյուրն իմ անվամբ բարձր կլինի:

Ճշմարտությունը՝ անմեղության հետ է, ողորմությունը՝ մեղքից հետո է:

23. Եդից ի ծովու զձեռն նորա. և ի վերայ գետոյ զաջ նորա:

Նրա ձեռքը կհաստատեմ ծովի վրա, և նրա աջը՝ գետերի վրա:

Այս ամենը Դավթին է վայել և տնօրինությամբ նրա որդուն: Դավթի ձեռքը՝ Կարմիր ծովի վրա՝ մինչև Եփրատ և Տիգրիս: Նաև նրա ձեռքը կհաստատեմ օրենքի ծովի վրա և գետերի վրա աջը՝ Ավետարանի [քարոզչությամբ], որը հաջողությամբ իրագործեց լրացնելով [օրենքը]:

24. Նա կարդասցէ առ իս՝ հայր իմ ես դու, Աստուած ընդունելի փրկութեան իմոյ:

Նա ձայն կտա ինձ. «Իմ հայրն ես դու, Աստվա՛ծ, հաճեցնողն իմ փրկության»:

Դավթի [լեզվով է] այսպես ասում, Աստված ցանկանում է իմ փրկությունը՝ մարմնավորապես:

25. Ես անդրանիկ արարից զնա, և բարձր քան զամենայն թագաւորս երկրի:

Ես իմ անդրանիկ որդին կդարձնեմ նրան, և բարձր՝ քան երկրի բոլոր թագավորները:

Անդրանիկ՝ բազում եղբայրների միջից, ավազանի ծննդյամբ, և բարձր, որ նստեց Հոր աջ կողմում:

26. Յաւիտեան պահեցից նմա զողորմութիւն իմ, և ուխտ իմ հաւատարիմ ընդ նմա:

Հավիտյան կպահեմ նրա համար իմ ողորմությունը, և ուխտս նրա հանդեպ հավատարիմ կմնա:

Դավթի հետ արած ուխտը:

27. Հաստատեցից յաւիտեանս յաւիտենից զզաւակ նորա. և զաթոռ նորա որպէս զաւուրս երկնից:

Նրա սերունդը կհաստատեմ հավիտյանս հավիտենից, և նրա գահն՝ ինչպես օրերը երկնքի:

Երբ կբացվի հաստատությունը և նոր երկինքն ու նոր երկիրը կմիաբանվեն, և կմիավորվեն արդարների օրերը հրեշտակների հետ և կլինեն մի:

28. Թէ թողցեն որդիք նորա զօրէնս իմ, և յիրաւունս իմ ո՛չ կամեսցին գնալ,

29. Թէ զարդարութիւնս իմ անարգեսցեն, և զպատուիրանս իմ ո՛չ պահեսցեն:

Եթե նրա որդիները լքեն իմ օրենքը և իմ դատաստանով չկամենան ընթանալ, եթե անարգեն իմ արդարությունը և իմ պատվիրանները չպահեն:

Եքոնիասը և Սեդեկիան:

30. Հարից գաւազանաւ զանօրէնութիւնս նոցա, տանջանօք զանիրաւութիւնս նոցա:

Գավազանով կհարվածեմ նրանց անօրինություններին, և տանջանքներով՝ նրանց անիրավություններին:

Նաբուգոդոնոսորի միջոցով ոչ թե նրանց է ասում, այլ՝ նրանց անօրինություններին, տանջանքներով՝  գերությամբ:

31. Բայց զողորմութիւն իմ ո՛չ արգելից ի նոցանէ. և ո՛չ նենգեցից ճշմարտութեան իմում, և ո՛չ անարգեցից զուխտ իմ. և ինչ որ ելանէ ընդ շրթունս իմ, զայն ո՛չ արհամարհեցից:

Բայց իմ ողորմությունից չեմ զրկի նրանց, և ճշմարտությանս չեմ դավաճանի: Ոչ էլ իմ ուխտը կանարգեմ, կամ կարհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից:

Ողորմությունը [գերությունից] ետ դարձնելն է, և ճշմարտությանս չեմ դավաճանի, որ խոստացա տալ Միածնին, իմ ուխտը, որ դուրս եկավ իմ շրթունքներից:

32. Մի անգամ երդուայ ի սրբութիւն իմ, թէ Դաւթի ես ո՛չ ստեցից:

Մեկ անգամ ընդմիշտ ես երդվեցի իմ սրբությամբ, որ Դավթին չեմ խաբի:

Այսինքն՝ իմ ճշմարտությամբ, նաև՝ Սուրբ Հոգով:

33. Զաւակ նորա յաւիտեան կացցէ. և աթոռ նորա որպէս արեգակն առաջի իմ, որպէս լուսին, զի հաստատեալ է յաւիտեան վկայ հաւատարիմ յերկինս:

Նրա սերունդը հավիտյան կմնա, և ինչպես արև, ինչպես լուսին, նրա աթոռն իմ առջև հավերժ հաստատված կմնա երկնքում, որպես հավատարիմ վկա:

Զավակը Հիսուսն է, աթոռը՝ եկեղեցին իմ առջև ինչպես արեգակ, քանզի նրա մարմինն է, ինչպես լուսին, եկեղեցին փոփոխությունների է ենթարկվում՝ ամբողջանում է և պակասում՝ մինչև հասնի Քրիստոսի կատարյալ հասակին: Որպես հավատարիմ վկա, ինչպես այլ վայրում է ասում. «Եթե կարողանաք խափանել ցերեկվա իմ ուխտը և գիշերվա իմ ուխտը այնպես, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա կխափանվի իմ ուխտը, որ կնքել եմ Դավթի հետ» (Երեմ. 33:20-21): Հայրն է հավատարիմ վկա, որ ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթ. 3:17): Դարձյալ՝ արեգակն ու լուսինը խավարելով հավատարիմ վկա եղան նրա աստվածությանը, ինչպես որ ասում են, թե լուսնի խավարումը այնտեղից է մնացել:

34. Իսկ արդ դու մերժեցեր և անարգեցեր. և ընդ վայր հարեր զօծեալ քո:

Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծյալին:

Թողեցին քո օրենքները: Տապալեցիր քո օծյալին՝ Սեդեկիային, որի աչքերը հանեցին:

35. Դարձուցիր զուխտ ի ծառայէ քումմէ. պղծեցեր յերկրի զսրբութիւն նորա:

Հրաժարվեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբությունը հողին հավասարեցրիր:

Աղետ է, որի մեջ ընկավ Եքոնիան, և որ աթոռը չմնաց [հաստատուն], պղծվեց տաճարը և արքունիքը:

36. Քակեցեր զամենայն պարիսպ նորա, և եդիր զամուրս նորա ի դողումն:

Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, և նրա բերդերը խարխլեցիր:

Երուսաղեմի, և նրա աշտարակի ամրությունը խարխլեցիր, որ կարծես դողում էր Երուսաղեմի պաշարման ժամանակ:

37. Յափշտակեցին զնա անցաւորք ճանապարհի. եղև նա նախատ դրացեաց իւրոց:

Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, և նա իր հարևանների նախատինքը դարձավ:

Ասորեստանցիների, բաբելոնացիների և եգիպտացիների անցորդ թագավորները, և հարևանների նախատինք՝ փղշտացիների և եդոմացիների:

38. Բարձր արարեր զաջ նեղչաց նորա. ուրախ արարեր զամենայն թշնամիս նորա:

Բարձրացրիր նրան նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին:

Հզոր թագավորություն տվեցիր: Ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին՝ մովաբացիներին, ամոնացիներին և այլոց:

39. Դարձուցեր զօգնութիւն ի սրոյ նորա. և ո՛չ ընկալար զնա ի պատերազմի:

Նրա սրից ետ դարձրիր քո օգնությունը, և պատերազմի մեջ նրան չհովանավորեցիր:

Ետ դարձրիր քո օգնությունը՝ չօգնեց սուրը, և խնամակալ չեղար նրան, այլ՝ տիրեցին Սեդեկիային քաղդեացիների զորքերը:

40. Անարգեցեր զսրբութիւն նորա, և զաթոռ նորա յերկիր կործանեցեր:

Անարգեցիր նրա սրբությունը, և նրա գահը գետին տապալեցիր:

Սրբություն ասելով նկատի ունի արքունիքը:

41. Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա. և հեղեր զնովաւ զամօթ:

Նրա կյանքի օրերը նվազեցրիր, և նրան ամոթով ծածկեցիր:

Տասնմեկ տարի Սեդեկիային, երեք ամիս Եքոնիային: Եվ նրան ամոթով ծածկեցիր. ցորեն աղալ տալով:

42. Մինչև յե՞րբ դարձուցանես զերեսս քո իսպառ. բորբոքեսցի որպէս հուր բարկութիւն քո:

Մինչև ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, և բարկությունդ պիտի բորբոքվի հրի պես:

Բորբոքվի Բաբելոնի վրա:

43. Իսկ արդ, յիշեա՛ և տե՛ս, թէ ով է իմ հանգիստ. միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան:

Իսկ արդ, հիշի՛ր ու տե՛ս, թե որն է իմ հանգիստը. մի՞թե իզուր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին:

Որն է իմ հանգիստը՝ հեռավոր կամ մերձավոր, մի՞թե իզուր ստեղծեցիր, թե սակավաթիվ արդարների համար միայն ստեղծեցիր, մի՞թե բոլոր մարդիկ պիտի կորսվեն, արի՛ և ասա՛. «Եկե՛ք ինձ մոտ բոլոր հոգնածներդ» (Մատթ. 11:28): Մի՞թե իզուր ստեղծեցիր, հատկապես թշվառ բնությունն է աղերսանքով դնում Աստծու առաջ: Հիշի՛ր և տե՛ս, որ ասացիր. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով» (Ծննդ. 1:26):

44. Ո՞վ է մարդ, որ կեցցէ և ո՛չ տեսցէ զմահ, կամ փրկեսցէ զանձն իւր ի ձեռաց դժոխոց:

Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի, կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից:

Ո՞վ կարող է ծննդյամբ չժառանգած պարտքը հատուցել մահվամբ, առավել ևս ուրիշներին էլ հանել դժոխքից կամ անմահություն տալ, եթե ոչ դու՝ Հիսուս:

45. Ո՞ւր են ողորմութիւնք քո, Տէր, առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ քով:

Ո՞ւր են քո նախկին ողորմությունները, Տե՛ր, որոնք քո ճշմարտությամբ խոստացար Դավթին:

Քանի որ առանց երդում տալու քո խոսքերը ճշմարտություն են՝ տալ նրան քո Միածնիդ:

46. Յիշեա՛ զնախատինս ծառայի քոյ, զոր ընկալայ ի ծոց իմ յազգաց բազմաց:

Հիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից:

Եքոնիայի, նաև մեր բնությունը՝ դևերի կողմից, որ պաշտել տվեցին բազում ազգերի վատագույններին՝ շնչավոր և անշունչ: Ծոցումս կրեցի բազում ազգերից, այսինքն՝ սրտում, որտեղ բանական հոգին է:

47. Զոր նախատեցին թշնամիք քո, Տէր, նախատեցին փոխանակ օծելոյ քոյ:

Տե՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատուցեցին քո օծյալին:

Բաբելոնացիները պաշտելու փոխարեն [նախատեցին] քո օծյալին, և դևերն էլ՝ մեր բնությանը՝ օծյալի փոխարեն, որ քրիստոնյա դարձանք, նաև քրիստոնյա լինելու պատճառով ջանում են բազում նախատիքներ հասցնել մեզ և չարիք գործել տալ:

48. Օրհնեալ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի:

Օրհնյալ է Տեր Աստվածը հավիտյանս հավիտենից. թող լինի, թող լինի:

Հիսուս Քրիստոսն է Տեր Աստվածը, և չի ավելացնում Իսրայելի, քանզի բոլորի Տեր Աստվածն է: Հավիտյանս՝ անսպառ և հավերժ՝ միավորված բնությանը: Թող լինի. Սիմաքոսը ամեն է թարգմանում, Ակյուղոսը՝ ճշմարիտ, Թեոդիտոն՝ հավատարիմ, ինչպես որ ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ» (Մատթ. 6:2), և թող լինի այնպես, ինչպես ցանկանում ես, և «ով հավատա ինձ, մահ չի տեսնի» (տե՛ս Հովհ. 8:51). ամեն:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

01.04.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․