23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Սողոմոնի համար:
Ոչ թե Սողոմոնին, այլ Սողոմոնի Տիրոջն են վայել այս խոսքերը, որ ցույց են տալիս նրա ի սկզբանե լինելը և նրա շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերի [մարդկության] հավատքի դառնալը:
1. Աստուած, զիրաւունս քո արքայի տո՛ւր, և զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի:
Աստվա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, և արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն:
Արդարներն այսպես ասացին, ու լսեց Հայրը, և բոլոր դատաստաններն իր Որդուն տվեց: Եվ արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն. Քրիստոսը, որ թագավոր է և Որդին երկնավոր թագավորի և Դավթի:
2. Դատել զժողովուրդս քո արդարութեամբ, և զաղքատս քո իրաւամբք:
Որ քո ժողովրդին արդարությամբ դատի ու քո աղքատների իրավունքը պահի:
Երկու մասի է բաժանում դատաստանը. ժողովրդի, որ ոչ թե բոլորն էին հանցավոր, այլ նրանց մեջ բազմաթիվ առաքինիներ կային, և նրանց արդարությունը պատճառ հանդիսացավ փրկության՝ լրացնելով պակասը, ինչպես որ Հովհաննեսին ասաց. «Այսպես վայել է, որպեսզի մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:15): Եվ աղքատերի՝ հեթանոսների իրավունքը, ինչպես որ սատանայի հետ վիճելով ասում է, թե ինչպե՞ս կարող ես իմիններին ունենալ, մի՞թե ոչ խաբեությամբ և պատրանքով, և ոչ այնքան նրանց չարությամբ: Նորից՝ հանդերձյալում [աղքատի իրավունքը կպահի], երբ հոտին աջ և ձախ կողմերում կանգնեցնի, և թեև Սողոմոնը մի դատով գովելի դարձավ, երբ երկու կանանց միջև վճիռ կայացրեց, ապա իր Տերը ո՞ր օրինակով պիտի հիշվի:
3. Առցեն լերինք զխաղաղութիւն ժողովրդեան, և բլուրք զարդարութիւն:
Լեռները խաղաղություն կբերեն ժողովրդին, և բլուրներն՝ արդարություն:
Լեռները Աստծու հրեշտակներն են, որ և բերեցին, իսկ խաղաղությունը՝ կույսին, հովիվներին, մոգերին, յուղաբեր կանանց, առաքյալներին, որոնց և բլուրներ է կոչում, որոնք և վերցրեցին ու քարոզեցին Տիրոջ արդարությունը: Սողոմոնի օրոք փոքր-ինչ խաղաղություն եղավ, սակայն ոչ այնքան, որ բոլոր դարերում հիշատակվեր: Կոստանդիանոսի և Տրդատի օրոք էլ ընդհանուր խաղաղություն եղավ, սակայն սա Քրիստոսի շնորհիվ էր: Նորից՝ լեռներն ու բլուրները խաղաղություն կբերեն Տիրոջ գալստյամբ: Սուրբ ճգնավորներն էլ լեռներն ու բլուրները բարձրացան և խաղաղության մեջ կենցաղավարեցին, և օրհնաբանվում է Աստված այնտեղ, որտեղ նախապես կուռքեր էին դնում և պատերազմում էին Աստծո դեմ:
4. Իրաւ արասցէ աղքատաց ժողովրդեան, և կեցուսցէ զորդիս տնանկաց, և խոնարհեցուսցէ զամբարտաւանս:
Թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին, և ընկճի ամբարտավաններին:
Աղքատներին, այսինքն՝ հեթանոսներին, և պահպանի որդիներին Աբրահամի, Իսահակի և Հակոբի, որ այստեղ տուն չունեին: Եվ խոնարհեցնի փարավոնին, Ամաղեկին, ամուրհացիներին, Սենեքերիմին և սատանային, որ ցանկանում էր իր աթոռը ամպերից վեր դնել:
5. Կացցէ և մնասցէ ընդ արևու, յառաջ քան զլուսին ազգէ մինչև յազգ:
Նա թող ապրի ու մնա որքան որ արևը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ:
Հիսուս Քրիստոսը՝ իմանալի արեգակը Հոր և Սուրբ Հոգու հետ, որ արևն է, ինչպես որ ինքն է Հորը ճառագայթ կոչում, իսկ Սուրբ Հոգուն՝ Որդու երեսի լույս: Լուսնից առաջ, որովհետև Արարիչն է ժամանակի, որ ստեղծեց լուսնին, քանզի եբրայերենում և ասորերենում ասվում է, թե թող երկրպագեն նրան արևի և լուսնի հետ: Եվ ինչո՞ւ է Սողոմոնին վերաբերում հրեաների սերնդից մինչև հեթանոսների սերունդը: Նորից՝ առավոտյան արեգակի ծագելուց մինչև երեկո՝ նախքան լուսնի ելնելը, եկեղեցին աղոթքի է կանգնում նրա առաջ՝ մինչև վախճանը:
6. Իջցէ որպէս զանձրև ի վերայ գեղման, որպէս ցօղ, զի ցօղէ յերկիր:
Նա թող իջնի որպես անձրև գեղմի վրա և որպես ցող՝ երկրի վրա:
[Իջավ] կույսի մոտ անաղմուկ և անոտնաձայն լռությամբ, ինչպես որ Գեդեոնը նկարագրեց արևի ու անձրևի, կալի ու բրդի պահը: Նորից գեղմի վրայի անձրևը, որը բուրդն է, ոչ թե բացում է դուռն ու ներս թափվում, այլ ամեն ինչ լվում է և մաքրում, և ելնելուց էլ չի քանդում պարիսպը և ավերում, նույնպես նաև Տերը Կույսի մեջ մտավ և ելավ ինչպես ցող: Եվ առաքյալների քարոզչությունն էլ Բանի հեղումն է:
7. Ծագեսցէ յաւուրս նորա արդարութիւն բազում՝ բազում խաղաղութիւն, մինչև կատարեսցի լուսին:
Նրա օրոք արդարություն և մեծ խաղաղություն թող տիրի, մինչև լուսնի վախճանը:
Քանզի Հոգին հագնելով բնությանը, որը լույս է և օր Հիսուսի, բազում արդարություն տիրեց՝ կուսություն, մարտիրոսություն և ճգնություն, այնպիսի խաղաղություն տիրեց, որ նույնիսկ թշնամիներին էին սիրում: Մինչև լուսնի վախճանը. ինչպես լուսինն է մշտապես հնանում և նորանում, այդպես էլ երկիրը պատերազմ և խաղաղություն է ունենում, և որ նույնն է աշխարհն ու լուսինը, քանզի Տերն էլ ասաց, թե սուր բերեք: Նորից, մինչև որ խավարի արեգակն ու լուսինը, ըստ Տիրոջ հրամանի, քանզի դա է վախճանը, նաև երբ Քրիստոս Արեգակն է ծագում, խավարում է լուսինը՝ սատանան: Նաև ասում են, թե նախքան Քրիստոսի գալը մեկ տարի առաջ լուսինն ամբողջական է մնալու, և խաթարվելու է տոմարը. վերադիրը երեսուն է լինելու, իսկ յոթնյակը՝ յոթ:
8. Տիրեսցէ նա ի ծովէ մինչև ի ծով. ի գետոց մինչև ի ծագս աշխարհի:
Նա թող իշխի ծովից մինչև ծով, և գետերից մինչև ծագերն աշխարհի:
Ափից մինչև ափ, քանզի աշխարհի շուրջբոլորը ծով է: Գետերից՝ Հորդանանից, որ երկու ակունք ունի, այն գետից է ասում, որտեղ սկսեց մկրտությունը մինչև մարդկային կյանքի ափը:
9. Առաջի նորա նախ հնդիկք անկցին. և թշնամիք նորա հող կերիցեն:
Հնդիկները ծնկի թող գան նրա առջև, և նրա թշնամիները հող ուտեն:
Եբրայերենով՝ նախ կղզիները թող ծնկի գան, որ ծովի մեջ են գտնվում, որպեսզի նրան անծանոթ չմնան, ինչպես Տյուրոսից ու Սիդոնից Տիրոջ մոտ եկան, նաև եթովպացիների և Թովմայի միջոցով քրիստոնեությունը վաղ շրջանում քարոզվեց հնդիկներին: Եվ նրա թշնամիները հող ուտեն, ինչպես օձը, այդպես էլ բոլոր թշնամիները հող ուտեն և միշտ հողի մոտ գան, հերետիկոսներն էլ միշտ մոխիր են ուտում, այլ ոչ թե մանանա:
10. Թագաւորք Թարսսի և կղզեաց՝ պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբայ և Սաբայ՝ պատարագս բերցեն նմա:
Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ թող մատուցեն նրան, Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան:
Թարսիսի և կղզիների, Կարքեդոնի կողմերն է կղզի կոչում, իսկ Թարսիս՝ Տարսոնի՝ ներքին Հնդկաստանի: Եվ կղզիները ընծաներ թող բերեն, այստեղ՝ հավատացյալները, իսկ հանդերձյալում ընդհանրապես բոլոր ազգերը երկրպագություն և փառաբանություն են մատուցելու: Արաբիայի և Սաբայի արքաները, երջանիկ Արաբիան, որը նույնիսկ վեմ կոչվեց և երեք մոգերը՝ Մելքոնը Պարսկաստանից, Գասպարը Հնդկաստանից և Բաղդասարը Արաբիայից, ընծաներ բերեցին՝ ոսկի, զմուռս և կնդրուկ:
11. Երկրպագցեն նմա ամենայն թագաւորք երկրի. և ամենայն ազգք ծառայեսցեն նմա:
Աշխարհի բոլոր թագավորները թող խոնարհվեն նրա առաջ, և բոլոր ազգերը թող ծառայեն նրան:
Աշխարհի վերջում:
12. Զի փրկեաց զաղքատն ի հզօրէ. զաղքատն և զտնանկն, որոյ ոչ է իւր օգնական:
Քանզի հզորի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն:
Աղքատը եզակիով բնությանն է կոչում, որ փրկեց սատանայից, իսկ՝ աղքատ և տնանկ՝ հրեաներին, ըստ այնմ, թե. «նայեցի, բայց օգնող չկար» (Ես. 63:5):
13. Անխայեսցէ նա յաղքատն և ի տնանկն. և զանձինս տնանկաց կեցուսցէ, ի վաշխից չարեաց փրկեսցէ զանձինս նոցա:
Նա կխղճա աղքատին ու տնանկին, և տնանկների հոգին կփրկի: Չար վաշխառուներից կազատի նրանց:
Գթությամբ խնայելն է խղճալը: Չար վաշխառուներից կազատի, քանզի իրեն չլսելու փոխարեն, որ ճաշակեցին դրախտի քաղցր պտղից, միշտ վաշխ է պահանջում սատանան՝ Աստծո թույլատու կամքով հոգիները դժոխք տանելով, և անվարձ թողեց գլուխը միայն, որը մահն է, որից Տերը փրկեց, և երկրորդ գալստյամբ այն վերցնելու է, ըստ հինգ հարյուրի և հիսունի (Ղուկ. 7:41)՝ թողնելով Եվայի հինգ զգայարաններով գործած մեղքերը, և հիսունը՝ Ադամի, ինչպես Սիմոն (Պետրոսին) ասաց և մեղավոր կնոջ մասին պատմեց: Հիսունը նաև Ադամի ազատ կամքի խորհուրդն ունի:
14. Պատուական է անուն նորա առաջի նոցա, կեցցէ, և տացի նմա յոսկւոյն արաբացւոց:
Նրա անունը փառավոր է նրանց առաջ: Նա կապրի, և արաբների ոսկին նրան պիտի տրվի:
Հիսուսի, ում առաջ խոնարհվում են բոլոր ծունկերը: Նորից՝ նրա անունը փառավոր է նրանց առաջ: Ըստ այլոց՝ եկեղեցու անունը Քրիստոսի առաջ, քանզի հեղեց իր արյունը նրանց համար, ուստի և քրիստոնյա են կոչվում: Կապրի, Հերովդեսը չի կարող սպանել, մեռելներից կապրի, և արաբների ոսկին նրան կտրվի, որովհետև ազնիվ է բնականից, քանի որ նրանց թագավորն է բերել՝ ի նշան անխախտ հավատի, որով վերադարձանք առաջին փառքին: Ասորերենում ասվում է, թե պատվական է նրա արյունը և այն ևս պատվվում է մեր կողմից՝ ծայրագույն պատվով:
15. Յաղօթս կացցեն առ նա յամենայն ժամ. և զօրհանապազ օրհնեսցեն զնա:
Ամեն ժամ աղոթքի կկանգնեն նրա առջև և գիշեր-ցերեկ կօրհնեն նրան:
Նրանք, ովքեր չթերացան հավատի մեջ, հոգու քնարներ են, և գիշերը չի իշխում նրանց վրա, որոնց բերաններում ամեն ժամ նրա օրհնությունն է, այդ պատճառով էլ գիշեր-ցերեկ է ասում:
16. Եղիցի հաստատութիւն ընդ ամենայն երկիր. և ի վերայ գլխոց լերանց:
Ամբողջ երկրում և լեռների գագաթներին հաստատություն կտիրի:
Եկեղեցին կհաստատվի ամբողջ աշխարհով մեկ, և լեռների վրա, ըստ այնմ, թե՝ «Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել» (Մատթ. 5:14): Ասորերենում ասվում է, թե ամբողջ երկրում թող ցորեն լինի, հայտնի է հատիկի պատմությունը, որ ընկավ երկրի վրա և մեռավ: Եվ լեռների գագաթներին չափազանց սրբակենցաղներն են, ովքեր ազնիվ ցորեն են տալիս՝ նախ առաքյալները և ապա՝ նրանց նմանվողները:
17. Բարձրասցի քան զԼիբանան պտուղ նորա. ծաղկեսցի ի քաղաքի Տեառն որպէս խոտ երկրի:
Նրա պտուղը Լիբանանից ավելի բարձր կլինի, Տիրոջ քաղաքում նա կծաղկի երկրի խոտի նման:
Բոլոր կրոններից բարձր կլինի, և հրեաների սպասավորությունը եկեղեցու պտուղն է՝ հավատը, հույսը, սերը, քանի որ Լիբանանն ավելի բարձր է քան Պաղեստինը և Ասորեստանը, սակայն Լիբանանն անպտուղ է, ինչպես բոլոր երկրների կրոնները, այդպես էլ սա բարի չէ: Կծաղկի եկեղեցին, բայց ոչ թե հրեական կրոնի պես, որ Երուսաղեմում փոքր-ինչ ծաղկելուց հետո խամրեց: Եբրայերենում ասվում է, թե կծլի Տիրոջ քաղաքում: Քաղաքը սրբուհի Մարիամն է, պարիսպը՝ կուսությունը, որտեղ ծլեց ծառը, ոչ թե հրեշտակների նման, այլ՝ մարդու, որ խոտի նմանեցրեց, և մենք էլ անասունների նմանվեցինք, որպեսզի [այն] մեզ կերակուր լինի: Խոտ՝ քաղաքի մեջ, այլ ոչ թե դաշտերում և այգիներում, քաղաքում, որտեղ մարդիկ չեն տրորում և փափկեցնում, և քաղաքի հուշարձանի մոտ, որտեղ ոտքի տակ չի ընկնում և աճում է: Եվ քաղաքում է ասում, որը տեսանելի է, և պարսպի վրայով են քայլում, այլ ոչ թե հուշարձանի՝ մի վայրի, որտեղ արձանացավ մահը:
18. Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեանս. զի յառաջ քան զարև է անուն նորա:
Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան, քանզի արևից առաջ է անունը նրա:
Ինչպես էլ անվանվի, օրհնյալ է, քանզի նրա իրական անունը արևից էլ առաջ է, թեև հետագայում խոտ կոչվեց:
19. Ի նա օրհնեսցին ամենայն ազգք երկրի, և ամենայն ազինք երանիցեն նմա:
Աշխարհի բոլոր ազգերը կօրհնեն նրան, և բոլոր ժողովուրդները երանի կտան նրան:
Քանզի Աբրահամի զավակն է, որի միջոցով օրհնվեցին բոլոր ազգերը: Եվ բոլոր ժողովուրդները երանի կտան նրան, քանզի ինը երանելիները նախ իր վրա վերցրեց՝ ստանալով մեր բնությունը, և ապա տվեց մեզ, որպեսզի բոլոր ազգերը երանի տան միակ հզորին, թագավորների Թագավորին և տերերի Տիրոջը, որ միայն ինքն ունի անմահություն:
20. Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի, որ առնէ սքանչելիս միայն. և օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա յաւիտեան. լցցի փառօք նորա ամենայն երկիր. եղիցի եղիցի:
Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում: Եվ օրհնյալ է հավիտյան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցվի. թող լինի, թող լինի:
Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, ինչպես որ գրված է. «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ. Օրին. 6:4): Եվ օրհնյալ է հավիտյան սուրբ անունը նրա փառքի, որ Խաչյալ կոչվեց, քանզի նախատիքի անուն չէ: Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի, սերովբեներն էին աղաղակում՝ Խաչի խորհրդով: Թող լինի, որը հավաստի է և ճշմարիտ, ինչպես որ ասաց. թող լույս լինի և այլ, նույնպես նաև սա թող լինի:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը