23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Ասափի օրհնության:
Դավիթը երգում էր, իսկ Ասափը գրում և եղանակ հորինում՝ Դավթի հոգուն համահունչ, ինչպես որ յոթանասունիցը՝ Մովսեսի հոգուն: Խորհրդանշում է գերուն և մակաբայեցիներին, նաև ցույց է տալիս մարդկային ամեն տեսակ մտային հուզումներն ու կրքերը, երբ չարի ներգործություններն անմտության չեն հասցնում:
1. Իբրեւ զի բարի է Իսրայէլի Աստուած, և ոյք ուղիղ են սրտիւք:
Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի համար և սրտով շիտակների համար:
Ինչպես և ինքն է բարի և անսահման է նրա բարությունը, Աստծու, ում Իսրայելն է պաշտում: Սրտով շիտակների համար. նրանց հանդեպ նույնպես պարտ է բարի լինել, ոմանց այստեղ և այնտեղ, և մի մասին էլ՝ միայն այնտեղ՝ անմահությունում:
2. Բայց զի իմ փոքր մի ևս սասանել էին ոտք, սակաւիկ մի, և գայթակղեալ էին գնացք իմ:
Բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանվեին, մի փոքր ևս՝ և քայլերս պիտի մոլորվեին:
Մի փոքր, ասում է, տկարացա խորհուրդներում, որը ոտք է կոչում, և քայլեր՝ ճշմարիտ խորհորդներին:
3. Նախանձեցայ ես ընդ անօրէնս, զխաղաղութիւն մեղաւորաց որպէս տեսանէի, զի ո՛չ գոյր վրէպ մահու նոցա:
Նախանձեցի ես անօրեններին՝ մեղավորների խաղաղությունը տեսնելով: Նրանք մահվան տագնապ չունեն:
Քաղդեացիների հաջողություններով, քանզի նրանք մահվան տագնապ չունեն: Սիմաքոսը [այսպես է թարգմանում]՝ մահվան մասին չէին մտաբերում, չէին տարակուսում իրենց ցանկությունների մեջ: Նաև չունեին նրանք անժամանակ մահվան տագնապը:
4. Հաստատուն էին տանջանք նոցա, ի վաստակս մարդկան չեն նոքա. և ըստ մարդկան ո՛չ տանջեսցին:
Սովորական են տանջանքները նրանց: Մարդկանց տքնությունը չեն կրում նրանք, և մարդկանց պես չեն տանջվում:
Սուրբ Հոգին պատասխանում է գայթակղված սրտերին, թե նրանց հատուցում է տալու Աստված, քանզի նրանց գործերը ոչ մարդկանց գործերի պես բարի էին և ոչ էլ մեղքերն էին այլ մարդկանց մեղքերի պես, այլ՝ դևերի, և մարդկանց պես էլ այստեղ թեթև հատուցում չեն ստանալու, այլ այնտեղ՝ դևերի հետ:
5. Վասն այսորիկ կալաւ զնոսա ամբարտաւանութիւն. արկան զիւրեամբք զամբարշտութիւն և զանիրաւութիւն իւրեանց:
Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց, և նրանք համակվեցին իրենց ամբարշտությամբ ու անիրավությամբ:
Քանզի այստեղի ներողամտությունը նրանց համար ամբարտավանության պատճառ դարձավ, և զարդի պես համակվեցին նրանք իրենց ամբարշտությամբ:
6. Ելցէ որպէս ի ճարպոյ անիրաւութիւնք նոցա, զի գնացին նոքա ըստ խորհրդոց սրտից իւրեանց:
Նրանց անիրավությունները կարծես ճարպից են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժվում:
Աստված, ասում է, հանելու է նրանց ճարպն ու փափկասուն կյանքը, և կրակի ենթակա է դարձնելու, երբ դատաստանի օրը արևի տապը բոցավառի, քանզի նրանց սաստիկ չարությունը փափկասունությունն էր և առանց մեղա գալու ընթանալն այդ փափուկ կյանքով և չզղջալը:
7. Խորհեցան և խօսեցան չարութեամբ, զապիրատութիւն ի բարձունս խորհեցան:
Չարամտորեն մտածեցին ու խոսեցին և մեծամտությամբ ապիրատություն խորհեցին:
Ոչ միայն մարդկանց մասին, ասում է, այլև Աստծու մասին անիրավությամբ խոսեցին:
8. Եդին յերկինս զբերանս իւրեանց, և զլեզուս իւրեանց ածէին զերկրաւ:
Բերաններն իրենց ուղղեցին երկնքին, և լեզուները երկրով մեկ քարշ տվին:
Չմտաբերեցին տեղի հեռավորությամբ նրա փառքի բարձրությունը և լեզուները երկրով մեկ քարշ տվին, և չկարողանալով հասցնել այնտեղ, մեզ վրա ուղղեցին իրենց չարությունը, ինչպես որ հրեաներն էին, Հորն ուղղելիք հայհոյանքները Որդուն ասեցին, որ երկրում էր գտնվում:
9. Վասն այսորիկ ժողովուրդ իմ դարձցի այսրէն. և աւուրք իմ լի կատարեալ գտցին ի նոսա:
Դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնա այստեղ, և իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ:
Աստված է այսպես ասում, որպես թե Երուսաղեմը կանգուն է մնալու, քանզի բաբելոնացիներն են արագացնում իրենց պատուհասի օրը, իրենց անգթության և անզեղջ սրտի պատճառով: Եվ իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ, երբ յոթանասուն տարիների վճիռը ավարտվի, որ, ըստ իմ ողորմության, այդպես սահմանեցի դեռևս Ովսիայի թագավորության տասներեքերորդ տարուց, այլ ոչ թե գերության ժամանակ:
10. Ասացին՝ զիա՞րդ գիտաց Աստուած. կամ գուցէ՞ արդեօք գիտութիւն առ ի Բարձրելոյն:
Ասացին՝ «Ինչպե՞ս իմացավ Աստված», կամ՝ «Կա՞ արդյոք իմացություն Բարձրյալի մոտ»:
Երկու կերպ է իմացությունը. մեկը՝ բաբելոնացիների հարձակման մասին զարմանալով ասում են, թե ինչպե՞ս է, որ նրանց չարիքը չի ծածկվում Աստծուց, և մյուսը՝ երբ վշտերի պատճատով նեղությունների մեջ են ընկնում, ասում են, թե արդյոք Աստված տեսնո՞ւմ է այդ:
11. Ահա մեղաւորք են և յաջողեալ է նոցա, կան՝ և ունին զմեծութիւն աշխարհի:
Ահա մեղավոր են, և սակայն բարգավաճում են նրանք, կան և ունեն հարստությունն աշխարհի:
Եթե մենք մեղքերի պատճառով գերվեցին, ասում են, ապա ահա սրանք՝ առավել ևս, և մի բան էլ հաջողություններ են ունենում:
12. Ասացի. ի զուր ուրեմն արդարացուցի զսիրտ իմ. լուացայց սրբութեամբ զձեռս իմ. և եղէ ես խոշտանկեալ զօրհանապազ. և կշտամբանք իմ ընդ առաւօտս:
Ասացի՝ «Իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ, և ձեռքերս սրբությամբ լվացի»: Գիշեր-ցերեկ ես խոշտանգված էի, և առավոտները կշտամբանք կրեցի:
Մտքի տարակուսանքներն է ներկայացնում, թե սրտով ուղիղ է, ձեռքերը մաքուր ամեն տեսակ չարությունից և անհաղորդ: Գիշեր-ցերեկ ես խոշտանգված էի՝ մտքերի կողմից, թե ինչպե՞ս են սրանք հաջողություն ունենում: Եվ իմ խոշտանգումներն ամեն ցերեկ և ամեն գիշեր էր, ու առավոտները նորից էր սկսվում: Կամ առավոտ ասելով նկատի ունի [գերությունից] վերադարձը, որ խոշտանգել սկսեցի ինձ և մեղադրել, թե ինչո՞ւ անմիտ գտնվեցի:
13. Թէպէտ և ասէի, թէ այսպէս պատմեցից. ահաւասիկ յազգ որդւոց քոց՝ որոց և ուխտեցի:
Թեպետ ես ասում էի, թե՝ եթե այսպես պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին, որոնց ուխտ արեցի:
Մտածում էի, թե ասեմ քո ժողովրդի որդիներին այս տարակուսանքների մասին, որ ասաց, թե ոտքերս սասանվել էին և քայլերս՝ մոլորվել, և չհամարձակվեցի, թե միգուցե անմիտները գայթակղվեն, այլ՝ այս ուխտն արեցի նրանց հետ:
14. Ի մտի եդի, թէ սակայն և այս ջան է առաջի իմ, մինչև մտից ի սրբութիւն Աստուծոյ. և ի միտ առցի զկատարած նոցա:
Բայց հասկացա, որ սա ևս դժվար է ինձ համար, մինչև մտնեմ Աստծու սրբարանը և իմանամ նրանց վախճանը:
Ջանալ ապաշխարել, և մինչև մտնեմ, այսինքն՝ վերադառնամ Սուրբ Երուսաղեմ, և ապա նոր իմանամ, թե ի՞նչ վախճան ունեցան բաբելոնացիների հաջողությունները: Նույնն էլ, ասում է, դուք արեք, ապա դիմում է Աստծուն՝ ասելով.
15. Սակայն վասն նենգութեան նոցա տարագիր արասցես զնոսա, և կործանեսցես զնոսա յամբարտաւանութեան իւրեանց:
Բայց դու նրանց տարագիր կանես իրենց նենգության համար և կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ:
Այն նենգության համար, որ ունեն մեր հանդեպ, տարագիր արա՛ նրանց աշխարհից Պարսկաստանի Կյուրոսի միջոցով: Կկործանես նրանց իրենց ապականության համար, որ քեզ հայհոյեցին:
16. Իսկ զիա՞րդ եղեն յաւեր յանկարծակի, սատակեցան պակասեցան կորեան վասն անօրէնութեան իւրեանց, և եղէն որպէս երազք զարթուցելոց:
Իսկ ինչպե՞ս նրանք հանկարծակի ավերակ դարձան, կործանվեցին, սպառվեցին ու անհետացան իրենց անօրինության համար: Եվ եղան ինչպես քնից արթնացող մարդու երազ:
Հոգով տեսնելով Բաբելոնի կործանումը հիանում է, և ահա, երազ էր, ասում է:
17. Տէր, ի քաղաքի քում զպատկերս նոցա անարգեսցես. զի հուր բորբոքեցաւ ի սրտի իմում, և երիկամունք իմ այլագունեցան:
Տե՛ր, քո քաղաքում դու կանարգես նրանց պատկերները, քանզի հուր բորբոքվեց իմ սրտում, և երիկամներս գունափոխվեցին:
Քո քաղաքում՝ Երուսաղեմում, տեսա, թե ինչ կատարեցին, և որը ճշմարիտ էր, իսկ Բաբելոնը, որը պատկերն ու նմանությունն է [նրանց], անարգեցիր ինչպես ունայնություն ունայնության: Քանզի հուր բորբոքվեց իմ սրտում, և երիկամներս գունափոխվեցին. բարկության և ցանկության պատճառով, նախանձի հրից վերքեր ստացա՝ տեսնելով Երուսաղեմի կործանումը: Քանզի Մատաթիան և վկաներից շատերը, տեսնելով պատկերը, դողացին նրանց երիկամները և կործանելով անարգեցին կուռքերին, և զոհ մատուցողներին սպանեցին (տե՛ս Ա. Մակաբ. 2:24): Նորից՝ Տեր, քո քաղաքում, նաև Բաբելոնն է քոնը, և քո շնորհի պատկերը վերցրո՛ւ նրանցից, քանզի արհամարհեցին ինձ:
18. Ես արհամարհեալ եղէ, և ո՛չ գիտացի. որպէս զանասուն համարեցայ առաջի քո, և ես յամենայն ժամ ընդ քեզ եմ:
Ես արհամարհված եղա ու չիմացա այդ, քո առջև անասուն համարվեցի: Բայց ես միշտ քեզ հետ եմ:
Անմիտ գտնվեցի, ասում է, և արհամարհվեցի, անասուն համարվեցի՝ Բաբելոնի հաջողությունները տեսնելով: Բայց ես միշտ օրենքով քեզ հետ եմ, իսկ նրանք օտար են:
19. Կալար զաջոյ ձեռանէ իմմէ, ի խորհուրդս քո առաջնորդեցեր ինձ և փառօք ընկալար զիս:
Դու բռնեցիր իմ աջ ձեռքից, քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր և փառքով ընդունեցիր ինձ:
Կատարվածների մասին է ասում թե իր հետ և թե այլ մարգարեների: Եգիպտոսից հանելով քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր, իսկ այստեղ՝ Դանիելի և Եզեկիելի, և նրանց, ովքեր հոգով մարգարեներ եղան: Աջ ձեռքից, այսինքն՝ մտքից, և փառքով ընդունեցիր ինձ. Զորաբաբել թագավորի և Հեսու քահանայապետի հետ:
20. Զի՞նչ կայ իմ բնաւ յերկինս, կամ ի քէն զի՞նչ ևս խնդրեցից յերկրի:
Արդարև, ինձ համար ի՞նչ կա երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրա:
Երկնքում քեզանից բացի ուրիշ բարի բան չունեմ, երբ այդտեղ գամ, ապա երկրի վրա էլ ի՞նչ պիտի փնտրեմ, քան այն, որ կործանեցիր Բաբելոնը, և իմ վերադարձն ու հույսը երկրի, որի համար ասում է.
21. Նուաղեաց սիրտ իմ և մարմին իմ. Աստուած սրտի իմոյ, բաժին իմ Աստուած յաւիտեան:
Սիրտս ու մարմինս մաշվեցին, իմ սրտի՛ Աստված, հավիտյան ինձ բաժի՛ն ընկած Աստված:
Ինչպես որ սաստիկ ծարավը նեղություն պատճառելով պարտադրում է ջուր բերել, այդպես էլ, ասում է, հոգով և մարմնով նվաղելով մաշվում եմ: Իմ սրտի Աստված. իմ սիրտն այլևս քեզանից բացի հավիտյան երբեք ոչինչ չի ուզի, ե՞րբ կլինի, որ գամ:
22. Ահաւասիկ ոյք հեռի արարին զանձինս իւրեանց ի քէն, կորիցեն. սատակեսցես զամենեքեան, որ ապստամբ եղեն ի քէն:
Ահավասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն, դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դեմ:
Անտիոքոսին և Նաբուգոդոնոսորին հավանողները, դու ոչ ոքից հեռու չես՝ ամբողջությամբ բարիդ և հանճարդ, այլ ովքեր իրենց անձը հեռացնում են քեզնից, դա է կորուստ [իրենց համար]: Պիտի կործանես բոլոր նրանց. բոլոր դևերին և կռապաշտներին, և նրանց, ովքեր դարձի չգալով մնում են մեղքերի մեջ:
23. Ինձ մերձենալ առ Աստուած բարի է, և դնել առ Տէր զյոյս իմ:
Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, հույսս դնել Տիրոջ վրա:
Ինչքան որ չար է նրանց համար հեռանալը, այդքան էլ՝ հուսահատվելը:
24. Պատմել զամենայն օրհնութիւնս քո, ի դրունս դստեր Սիովնի:
Ավետել քո ամբողջ օրհնությունը Սիոնի դստեր դռների առաջ:
Երուսաղեմի դռների առաջ, որ լեռան լանջին է, և Սիոնի լեռներով իբրև մայր ու աղջիկ լինեն, և եկեղեցին էլ, որ դուստրն է վերին Սիոնի, որն էլ և մեր բոլորի մայրն է:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը